Եթե ես բանաստեղծություն եմ գրում, փոքրիկ մի բան ավելանում է աշխարհին

Եթե ես բանաստեղծություն եմ գրում, փոքրիկ մի բան ավելանում է աշխարհին

Երեկ Arev Art Gallery-ում տեղի ունեցավ մեր ժամանակների լավագույն բանաստեղծներից մեկի` Ավագ Եփրեմյանի «Երգչախումբը ցրվել է» գրքի շնորհանդեսը։ Ինչպես ինքը՝ բանաստեղծն է գրքի առաջաբանում գրում, «գրականությունը, հիշելի (անհիշելի՞ նաեւ) ժամանակներից սկսած, «անվերջ վերադարձ է դեպի տուն» եւ՝ «Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի»։



«Երգչախումբը ցրվել է» գիրքը բանաստեղծի թվով վեցերորդ ժողովածուն է՝ կազմված  «Լուսանցք. Հաշտության պատրանքներ», «VACUUM», «Քաոսի երգերից չորսը», «Թող երկինքը հոսի», «Եղելություններ-ոչ ըստ» խորագրերով շարքերից  և «Անընթեռնելի համա-ձայնություն»  բանաստեղծություն-էսսեից:



Ինչպես գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է նկատում՝ Ավագ Եփրեմյանի ներկայությունը մեր գրական ընթացքի մեջ նրանով է կարեւոր, որ նա մեր ժամանակի այն սակավաթիվ պոետներից է, որ չի թողնում երբեք իրականության մեջ բանաստեղծության եւ բառի հանդեպ հարգանքը, հավատը պակասի։



Շնորհանդեսի ժամանակ բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն էլ մասնավորապես ընդգծեց, որ սա ընթացիկ գիրք չէ նաեւ Ավագ Եփրեմյանի բանաստեղծական կենսագրության մեջ. «Այս գրքով Ավագն ուղղակի թռիչքով ոստնել է առաջ, ինքը չի սահմանափակվել բանաստեղծական տեխնիկային տիրապետելու իր շատ լավ կարողությամբ եւ անընդհատ մրջյունի պես փորում եւ փորձում է առաջ գնալ ու իր տարածքներն ընդլայնել։ Ավագն այս բանաստեղծությունների գրքի մեջ բանաստեղծական գրաֆիկայի մի շատ դժվար ոլորտ է մտել։ Նա հասել է լեզվական մի մինիմալիզմի, որը մեր բանաստեղծության մեջ նախ պակասում է եւ որը պահանջում է իր նյութի, բովանդակության ձեւի հանդեպ շատ մեծ պատասխանատվություն։ Հաջորդ բանը, որ կուզեմ նշել, դա այսօրվա բանաստեղծության մազալու ընկալումների շրջանակում Ավագի լուրջ, երկյուղած վերաբերմունքն է բանաստեղծության նկատմամբ։ Ավագն ինչքանով որ այսօրվա մարդ է, այդքանով էլ կարողանում է անգամ մեր կյանքի կենցաղային տագնապը վերածել խոհական, փիլիսոփայական, գոյաբանական երեւույթի։ Սա շատ կարեւոր բան եմ համարում, թերեւս այս գրքի գլխավոր նվաճումը»։



Բանաստեղծ Արմեն Դավթյանն Ավագ Եփրեմյանին ճանաչում է դեռ ուսանողական տարիներից, ասում է՝ Եփրեմյանն իր համար միշտ օրինակ է եղել նախ հասարակական առումով, հետո՝ գրելու. «Ինձ համար ակնհայտ է, թե ով է գալիս Ավագի հետեւից, ինչպես բերքի, որսի, հացի հետեւից, ես տեսա այդ դեմքերը փողոցում եւ ուղղակի նրանց հետեւից եկա այստեղ։ Սա մանրուք չէ, այլ ինձ համար շատ կարեւոր հասարակական երեւույթ։ Գրելը, բանաստեղծություն ձեւակերպելը, բառերն իրար կողք դնելը դարձել է ոչ թե ապրելու, այլ չմեռնելու ձեւ։ Ինձ համար Ավագի բանաստեղծությունը չմեռնելու ձեւ է, եւ դա նշանակում է հին հունական ողբերգության կորիֆեյ՝ առանց երգչախմբի»։



Հրապարակախոս, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանն էլ մի քանի բանաստեղծություն ընթերցելուց հետո նկատեց, որ ճիշտ կլինի ոչ թե խոսել, այլ կարդալ, որովհետեւ բանաստեղծություն կարդալն ավելի կարեւոր է, քան թե գրելը։



Շնորհանդեսի վերջում խոսեց նաեւ գրքի հեղինակը՝ բանաստեղծ Ավագ Եփրեմյանը, ով մասնավորապես նշեց. «Ես շատ լավ գիտեմ, որ եթե բանաստեղծություն չգրեի, աշխարհից մազ անգամ չէր պակասելու, բայց շատ աղոտ գիտեմ նաեւ մեկ այլ բան, որ եթե ես բանաստեղծություն եմ գրում, փոքրիկ մի բան ավելանում է աշխարհին։ Երեւի թե այդ հույսով էլ գրում եմ բանաստեղծություններ, թեպետ ես իմ ամբողջ կյանքում սովորեցրել եմ ինձ ու համարել ճիշտ աննկատ մնալը, եւ այդ տեսանկյունից ինձ համար զարմանալի են այսօր լսածս խոսքերը։ Ու եթե առիթ լինի պատմելու ներկա չգտնվողներին, թե ինչ էր այսօրվա շնորհանդեսը, ես պիտի ասեմ այսպես՝ եթե դուք իմանայիք, թե ինչպիսի բանաստեղծությունների հեղինակներ էին գովասանքով խոսում իմ մասին, կափսոսայիք, որ չեք եկել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ