Հայաստանյան ՀԿ-ները ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հնարավոր փակման հարցով կդիմեն ԵԱՀԿ քարտուղարություն

Հայաստանյան ՀԿ-ները ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հնարավոր փակման հարցով կդիմեն ԵԱՀԿ քարտուղարություն

ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի հնարավոր փակման վերաբերյալ իրենց մտահոգությունը արտահայտող բաց նամակ են պատրաստվում ուղարկել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարություն, որում մասնավորապես նշվում է.



«Ձերդ գերազանցություն պարոն Զանիեր,



ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ եւ սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո: Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարեւոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարեւոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:



Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ:



Գրասենյակը հանդիսանում է Հայստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը:



Հատկանշական է, որ Գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաեւ ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետեւելը եւ տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաեւ այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:



Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարեւորում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի եւ ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության եւ համապատասխան բարեփոխումների ջատագովության տեսակետից:



Հաշվի առնելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքի կարեւորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԵԱՀԿ գրասենյակի կարիքը Հայաստանը ունի»:



Նամակի ներքո ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները՝



Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,



Հայաստանի հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ,



Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ,



Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն։