Ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որ ապրեմ Մուկուչյանի կամ Շարմազանովի երկրում

Ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որ ապրեմ Մուկուչյանի կամ Շարմազանովի երկրում

Դրամատուրգ, ռեժիսոր, «Հոգեւոր Հայաստանի» անդամ Խաչիկ Չալիկյանը դադարել է ընտրությունների հետ հույսեր կապել, քանի որ վստահ է՝ այս իշխանություններն անուղղելի են. «Սրանց օդը հանցանքն է, առանց կեղծիքի այս իշխանությունները կխեղդվեն, եւ հույս կապել, որ ինչ-որ տեղ նրանք կարող են խելքի գալ, չէի ուզենա նույնիսկ, որ այդպես լիներ, որովհետեւ այսօրվա ամբողջ իշխանական վերնախավն օտարել է իրեն այս ժողովրդից, եւ ես չեմ ուզում արժանիքներ տեսնել միջնադարից եկած ինչ-որ բանդաների մեջ։ Բայց հիմա խնդիրը մենք ենք, ոչ թե իրենք, որովհետեւ իրենք իրենց վաղուց մեր ժողովրդից դուրս են դրել։ Այս դեպքում ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ նրանք ամեն կերպ իրենց ստորություններն անելուց բացի փորձում են նաեւ ժողովրդի քիչ թե շատ առողջ խավին պղծել, հոգեսպանությամբ են զբաղված, եւ դա բոլոր առումներով՝ սկսած ընտրությունների օրն ապրիլի 2-ին անելուց, մինչեւ Հաց բերողի հետ կապված պատմությունը։ Այսինքն՝ ինքն ամեն առիթ օգտագործում է մեր հոգին սպանելու համար։ Դա ինձ համար ամենացավոտն է, որովհետեւ դրանից շատերը կոտրվում են, հուսահատվում, եւ, իհարկե, մեր խնդիրն իրենց հետ պայքարը չէ, այսօր չես կարող գնալ միջնադար եւ Չինգիզ խանի դեմ կռվել։ Մեր խնդիրն է՝ ժողովրդի առողջ հատվածով իրենց հակադրել մի ուրիշ երկիր։ Հենց «Հոգեւոր Հայաստանը» փորձում է ամեն մեկի մեջ պեղելով՝ հայտնաբերել այդ ճշմարիտ արժեքները եւ, միավորելով, կայացնել մի ուրիշ երկիր, ընդ որում՝ դա համահայկական դաշտ է, որովհետեւ այսօր, բացի համայն հայությունից, մենք կորցրել ենք մեր մյուս դաշնակիցներին, եւ հույս ունեմ, որ այս պայքարն առավել արդյունավետ կշարունակվի ընտրություններից հետո»։ 



Չալիկյանը չի ուզում, որ ժողովուրդը հուսահատվի այդ միջնադարյան բարքերից եւ բարբարոս մտածողությունից, որովհետեւ կարծում է, որ բորենիներից մարդասիրություն սպասելն անիմաստ է. «Այս դեպքում միակ խնդիրն այն է, որ ամեն մեկս մեր մեջ գտնենք այդ երկիրը, ոչ ոք չի կարող ինձ ստիպել, որ ես ապրեմ Մուկուչյանի կամ Շարմազանովի երկրում։ Մենք մեր մեջ պետք է գտնենք այդ երկիրն ու միավորելով՝ փորձենք իրենց հակադրել մեր երկիրը․ ուրիշ ճանապարհ չկա։ Ես չեմ ուզում իրենց այդ կեղծիքների հետ որեւէ ընդհանուր բան ունենա այս ժողովուրդը, եւ մենք իրենց բոստանին պետք է հակադրենք մեր երկիր դրախտավայրը։ Անկախ ընտրությունների արդյունքներից՝ մենք առավել մեծ ընտրություն պետք է կատարենք՝ մեր իրական ինքնության, մեր իրական երկիրը հակադրելով մեզ պարտադրվող այս միջնադարին։ Մեր մեջ պետք է գտնենք պետականությունը, որովհետեւ այսօր ռազմաճակատի գիծն անցնում է ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի սահմանով, ոչ թե ԿԸՀ-ի շենքի միջով, այլ՝ բոլորիս սրտի միջով, եւ մենք պետք է կարողանանք այստեղ ճիշտ ընտրություն կատարել, որովհետեւ այս իշխանություններն անզոր են եւ ուժեղ են միայն իրենց կեղծիքներով հաստատած միջնադարում»։



Բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանին թեեւ քիչ են հետաքրքրում առաջիկա ընտրությունները, բայց կարծում է, որ կգնա ընտրությունների, որովհետեւ չգնալը ճիշտ չէ. «Չնայած չգնալն էլ բողոքի մի ձեւ է, բայց կարծում եմ՝ դա բողոքի ամենապասիվ, անհաջող ձեւն է, պետք է գնալ ընտրության, մասնակցել, մեկին ձայն տալ, ես էլ կգնամ, բայց մեծ հույսեր չեմ կապում, որ դրանից մեծ փոփոխություն կլինի աշխարհում»։
Թե ցուցակներում ընդգրկված մտավորականները, մշակութային գործիչներն ինչ կարող են փոխել՝ գնալով խորհրդարան, Հենրիկ Էդոյանը կարծում է, որ մշակութային գործիչը պետք է զբաղվի մշակույթով։ «Ամեն մեկը թող իր գործով զբաղվի, Տոլստոյն էր, չէ՞, ասում՝ ամեն մեկը թող իր մասին մտածի, եթե ինքն իրեն լավացրեց, հասարակությունը կլավանա»,-ասում է Էդոյանն ու նշում, որ իրեն որեւէ առաջարկ չի եղել նախընտրական պրոցեսներում ներգրավվելու առումով, քանի որ գիտեն՝ քաղաքական հարցերով չի զբաղվում։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին՝ միանշանակ, դատապարտում է։ Ըստ նրա՝ դա կաշառքի ավելի վատ տեսակն է եւ որեւէ արդարացում չունի. «Եթե նա ինչ-որ մեկից փող է առնում ու ընտրում է ոչ արժանավոր մարդու, հետո բողոքում է այդ կառավարությունից ու իշխանությունից, ուրեմն մեղավորն ինքն է։ Այդպես չի կարելի, վատ կառավարություն ես ընտրում, հետո բողոքում ես, դա պետք է բացառել ու շատ խիստ պատիժ տալ»։



Ռեժիսոր, հաղորդավար Արտավազդ Եղոյանի կարգախոսն առաջիկա ընտրություններում կարճ է ու հստակ։ «Նայում եմ իշխանություններին՝ զզվանքս է գալիս, նայում եմ ընդդիմությանը՝ լացս է գալիս»,-ասում է նա ու ընդգծում, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի. «Քաղաքագետը պետք է քաղաքականությամբ զբաղվի, բժիշկը՝ բժշկությամբ, եթե ինքը լավ երգչուհի է, ինչո՞ւ է գնում-նստում այնտեղ, գնում ես Ազգային ժողով, որ ի՞նչ անես»։



Եղոյանն ասում է, որ զզվանքով է նայում այն դպրոցների տնօրեններին, ովքեր ՀՀԿ-ի համար ցուցակներ են հավաքագրել ու ներկայացրել վերադասին. «Բոլոր այդ ուսուցիչների, մանկավարժների դեպքում անմեղության կանխավարկած չկա, որովհետեւ հաստատ գիտեն ու այնքան միամիտ են, որ ով զանգում է, ախմախ-ախմախ դուրս են տալիս, փաստորեն, իրենց գործի դնողն էլ անուղեղ է»։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքի տեսքով առաջարկվող գումարներին, ապա Եղոյանը շուկայում կատարված մի միջադեպ պատմեց. «Այսօր շուկայում մեկը մոտեցավ, ասաց՝ պարոն Եղոյան, ես ուզում եմ վերցնեմ, ասացի՝ վերցրու, ասում է՝ բա Դուք ինչո՞ւ չեք վերցնում, ո՞նց եք ապրում, ասացի՝ Ձեզ թվում է այդ 10-15 հազարո՞վ ես պետք է ապրեմ ամբողջ տարին, ապրում եմ՝ ինչպես բոլոր կարգին մարդիկ, ովքեր չեն վաճառվում։ Ասում է՝ ես սոնոգրաֆիայի փող պետք է տամ...։ Չեմ ուզում կուսակցությունների անուններ տամ, բայց «Ելքից», ՕՐՕ-ից բացի, համարյա բոլորն էլ եկան-առաջարկեցին ինչ-որ բան, ցուցակագրել։ Մարդիկ կային, որ ինձ տեղը չէին բերում, ասացի՝ աղջիկ ջան, ես վաղուց ցուցակագրված եմ արդարությանն ու ազնվությանը եւ երբեք չեմ վաճառվում»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ