Թամանյանը եռահարկ տարբերակ չի նախագծել Բժշկական ինստիտուտի համար

Թամանյանը եռահարկ տարբերակ չի նախագծել Բժշկական ինստիտուտի համար

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Բժշկական համալսարանի ներկայիս ղեկավարությունը, հիմնվելով շենքի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի արած նախագծի վրա, ցանկանում է ընդլայնել շենքի տարածքը, բայց խնդիրն այն է, որ նախագծի բնօրինակը բացակայում է, իսկ ավելի կոնկրետ՝ գտնվում է նրա ժառանգների մոտ։ 



Ալեքսանդր Թամանյանի ծոռ Հայկ Թամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Թամանյանն այդպիսի տարբերակ չի արել, իսկ ռեկտորի ուզածը 3-րդ հարկն է, այսինքն՝ եւս մի հարկ ավելացնել ներկայիս շենքին. «Թամանյանի օրոք չի արվել այդպիսի բան, չի արվել նաեւ Գեւորգ Թամանյանի օրոք, որը Թամանյանի տղան էր։ 3-րդ հարկի նախագիծն արվել է 90-ականների վերջում՝ ռեկտորատի պատվերով, մի կազմի կողմից, որտեղ ընդգրկված էր նաեւ հորաքույրս՝ Գայանե Քարամյան-Թամանյանը, այդ նախագծի պատճենը նվազագույնը 3 արխիվներում պետք է որ պահպանված լինի, որից մեկը ռեկտորատի արխիվն է։ Հիմա նրանք ժամանակին այդ նախագիծը պատվիրեցին, չիրականացրեցին, հիմա էլ ուզում են իրականացնել, բայց արդեն նախագիծը չեն գտնում ու այդ նախագիծը նորից անելու համար ներգրավել են ինչ-որ մարդկանց, իսկ ես ինձ զանգահարողներին ասել եմ, որ նման նախագիծ արվել է 90-ականների վերջում-2000-ականների սկզբում, թող լավ փնտրեն- գտնեն եւ նորը չպատվիրեն»։



Հարցին, թե այդ նախագծի պատճեններից մեկը կամ գուցե հենց բնօրինակն իր մոտ պահպանվո՞ւմ է, կարո՞ղ է հարկ եղած դեպքում տրամադրել, Հայկ Թամանյանը նշեց. «Այն նախագիծը, որ արվել է հորաքրոջս մասնակցությամբ, որի մասին խոսք է գնում, կարծում եմ՝ ինձ մոտ չկա, դա շատ ծավալուն թղթի քանակ է, աշխատատար, տեխնիկապես դժվար՝ տարբեր պատճառներով, եւ, հետո՝ ես չեմ խոստացել դա անել, ինչո՞ւ ես փնտրեմ, եթե նվազագույնը 3 պետական ատյանների արխիվներում դա պետք է լիներ։ Հիմա ես կոչ եմ անում ռեկտորատին ոչ թե նորը պատվիրել, այլ գտնել հինը, որի համար ռեկտորատը վճարել է։ Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանը, այն ժամանակ լինելով քաղաքի գլխավոր ճարտարապետը, իր համաձայնությունը տվել է»։



Հ․ Թամանյանը նշում է, որ ուղղորդել է՝ համապատասխան արխիվներում փնտրել այդ փաստաթուղթը, խոսել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ, ինչպես նաեւ Արմեն Գրիգորյան անունով մի ճարտարապետի հետ եւ պատմել իր իմացած ողջ տեղեկատվությունը. «Ես նրանց խնդրանքով հավաքել եմ որոշ տեղեկություններ, օրինակ՝ ողջ է այն մարդկանցից մեկը, որ այդ նախագծի վրա աշխատել է, ես նրանից ճշտել եմ որոշ մանրամասներ եւ հայտնել թե Տիգրան Բարսեղյանին, թե Արմեն Գրիգորյանին։ Հիմա այս ամեն ինչը փնթի տպավորություն է թողնում, մի ամբողջ նախագիծ պատվիրվել է, ծախսվել է գումար, եւ, վայ, հանկարծ այդ նախագիծը չկա։ Ո՞նց է այդպես լինում, դա ընտանեկան արխիվ չէ, որ մի բան կորի, այստեղ մշակույթի նախարարությունն էլ, քաղաքապետարանն էլ, ռեկտորատն էլ ընդգրկված են, 3 հեղինակավոր ատյան չեն կարողանում գտնել մի նախագիծ, որը 3-ի մոտ էլ պետք է լիներ»։



Թե որոնք են այն արխիվները, որտեղ պետք է այդ նախագիծը պահպանված լիներ, Թամանյանի ծոռն ասում է. «Քաղաքի գլխավոր ճարտարապետի ատյանի արխիվն ու ազգային արխիվը, բացառված չէ նաեւ, որ քաղաքապետարանի արխիվից այն հայտնված լինի ազգային արխիվում։ Եվս մի արխիվ էլ կա, որ գտնվում է փոսի ԳԱՅԻ-ի մոտ, չեմ հիշում, թե դա ոնց է կոչվում, բայց, կարծեմ, մշակույթի նախարարության արխիվն է»։
Կորած նախագիծն ինքը տեսե՞լ է, որքանո՞վ այն ներդաշնակ կլինի ներկայիս շենքի հետ։ Հայկ Թամանյանը կարծում է, որ կլինի տանելի եւ չարյաց փոքրագույնը. «Վերջապես՝ դրա վրա աշխատել է հորաքույրս, որն ամբողջ կյանքում աշխատել է Գեւորգ Թամանյանի հետ, բայց համարում եմ դա խիստ անցանկալի, ուղղակի գիտակցում եմ, որ չեմ կարողանա կանխել»։



Ի պատասխան մեր հարցին, Հայկ Թամանյանը նշում է, որ կա նաեւ վտանգ․ եթե հանկարծ այդ տարբերակը չգտնվի, հնարավոր է նոր նախագիծ պատվիրեն. «Կա այդպիսի վտանգ, բացի այդ, առանձնակի ուշադրություն է պետք դարձնել այդ շենքի սեյսմակայունության վրա, ժամանակին, երբ դա կառուցում էին, 9 բալի մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսում, ու թե ինչ որակով է դա իրականացվել այն ժամանակ, Աստված գիտի, համենայնդեպս, այն խիստ պայմանները, որ դրվեցին 88-ի երկրաշարժից հետո, այն ժամանակ չկային։ Կարծում եմ՝ հորաքույրս ու իր գործընկերները ժամանակին այդ հանգամանքները հաշվի առել են»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ