Մի անգամ Պետրոսի մոտ

Մի անգամ Պետրոսի մոտ

Ի՞նչ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերից հնչեցրած դասախոսության մասին: Ընդունված կարգ է, երբ մի խոշոր մարդ բան է ասում, հասարակ մահկանացուները պետք է արձագանքեն, որ այդ խոշոր մարդուն չթվա, թե իր ասածները տեղ չեն հասել:



Իմ գործընկերներից մեկը, երբ դեռ հաղորդաշարի հեղինակ Պետրոսը չէր հասցրել եթերում ցտեսություն ասել Տեր-Պետրոսյանին, արդեն արձագանքել էր: Այսպես ասեմ` գործընկերս համարյա արցունքների միջից էր արձագանքել, այնքան որ հուզված է եղել ողջ հաղորդման ընթացքում: Եվ ինչ էր նա ասել մյուս քաղաքական գործիչներին եւ քաղաքագետներին: Նա մյուսներին կոչ էր արել լավ խորհել Տեր-Պետրոսյանի ասածների շուրջ եւ նույն սառը դատողությամբ արձագանքել կամ հակադարձել: Ահավասիկ, փորձում եմ սառը դատողությամբ խոսել:



Կարծում եմ` բոլորը կհամաձայնեն իմ այն մտքի հետ, որ Տեր-Պետրոսյանը բավականին հարմար էր տեղավորվել Պետրոսի տաղավարում: Շատ անբռնազբոսիկ շարժումներով ջուր էր խմում, մեկնվել էր բազկաթոռին, ծոցագրպանից թղթեր էր հանում… Ինձ մի պահ թվաց, թե հիմա պիջակը կհանի, վերնաշապիկի թեւքերը կքշտի ու այդպես կշարունակի: Բան չի փոխվել այդ մարդու մեջ, նույնիսկ ձայնն է նույնը: Կարելի է ասել` «настоящий полковник»: Դա «Ուրվագծի» ամենահաջողված եթերն էր: Պետրոսը համարյա չէր միջամտում, եւ հեռուստադիտողը հնարավորություն ունեցավ կարգին ըմբոշխնելու առաջին նախագահի ներկայությունը: Ափսոս միայն, որ կադրերում չերեւաց, թե ինչ շուքով են «Կենտրոն» հեռուստաընկերության բակում դիմավորել Տեր-Պետրոսյանի կալիբրի գործչին: Նախագահ լինելը լավ բան է, ինչպես ասում են:



Այսքանը` արտաքին տպավորության մասին:
Իսկ հիմա այն մասին, թե ինչով էր զբաղված Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ երեկո: Շատ սառը դատողները հիմա էլ այն կարծիքին են, թե դա նախընտրական քարոզչություն էր: Մի վիրավորեք, պարոնայք, առաջին նախագահին: Նախընտրական քարոզչությունը շատ մանր բան է նրա եւ, առհասարակ, նախագահների համար: Եվ ուրեմն…



Առաջին․ ով-ով, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտի, թե նախընտրական քարոզչությունն ինչ կարող է փոխել հայաստանյան ընտրությունների արդյունքներում: Այդ համակարգի հիմնադիրն ինքն է, եւ վաղուց է, ինչ մեր հավատացած հրաշքներին ինքը չի հավատում: Տեսեք, թե ինչ քարոզարշավ է իրականացնում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը: Համարյա ոչ մի քարոզչություն չկա, եթե հաշվի չառնենք նրանց ռեյտինգայիններից մի քանիսի թռվռոցը: Այսպիսի քարոզչությամբ ԱԺ չեն գնում: Այսպիսի քարոզչություն անում են կամ նրանք, որ ոչ մի հույս չունեն, կամ էլ նրանք, որ արդեն գիտեն ԱԺ-ում իրենց հատկացված տեղերի քանակը: Տեր-Պետրոսյանն էլ շատ հստակ ասաց, թե ինչի համար են իրենց տրվել այդ տեղերը: Նա մի քանի անգամ շեշտեց, որ Ղարաբաղի հարցում ինքը միշտ լինելու է Սերժ Սարգսյանի եւ ՀՀ իշխանությունների կողքին: Իսկ երբ մի հարցով արդեն իշխանությունների հետ ես, կողքին ես, այլեւս հնարավոր չէ մյուս հարցերով առաջվա նման դուրս գալ փողոց ու հայտարարել` սա լեգիտիմ իշխանություն չէ, մոնղոլ են, թաթար են, չգիտեմ ինչ են:



Երկրորդ․ Տեր-Պետրոսյանը ողջ հաղորդման ընթացքում ջանում էր հասկացնել, որ Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում, եւ Ղարաբաղի հարցի կարգավորման մանդատ ունեցող կենտրոններն են որոշելու ամեն ինչ: Իսկ այդ կենտրոններն արդեն որոշել են, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Փոխարենը, ըստ Տեր-Պետրոսյանի, մենք կունենանք ոչ թե զինադադարի, այլ հաշտության պայմանագիր, իսկ դա արդեն խաղաղություն է: Միամիտ մարդու համար դա շատ լավ տարբերակ է, մանավանդ, որ միջազգային խաղաղապահներ էլ տեղակայվեն ԼՂԻՄ նախկին սահմաններով: Սակայն աշխարհում դեռ երբեք նման բան չի եղել, եւ մենք ենք լինելու առաջինը, ում վրա փորձելու են դա: Կներեք, բայց ես համաձայն չեմ, որ ինձ վրա բան փորձեն:



Չեմ հիշում հիմա՝ աֆրիկյան ո՞ր երկիրն էր, որտեղից խաղաղապահներին անմիջապես տարհանեցին, երբ իրավիճակը լարվեց, ու կողմերից մեկը, ի հեճուկս բոլոր տեսակի պայմանագրերի, սկսեց կրակել: Կա՞ երաշխիք, որ Բաքուն չի գնա նման պրովոկացիայի եւ խաղաղապահների ծլկելուց հետո, ելակետ ունենալով արդեն Աղդամը, չի ներխուժի Ստեփանակերտ: Միայն թե չասեք, որ Ադրբեջանը նման բան անելու համար առիթ չի ունենա: Բավական է Շուշիում մի վերաբնակեցված ադրբեջանցի սպանվի, եւ առիթը կլինի, կարող եք չկասկածել:



Երրորդ․ Տեր-Պետրոսյանն այդ երեկո ամեն ինչ արեց, որպեսզի արժեզրկի 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության նշանակությունն ու արժեքը նորանկախ Հայաստանի ստեղծման գործում: Ի վերջո, նա բառացիորեն կրկնեց բոլշեւիկյան այն թեզը, որ եթե ՀՀ այն ժամանակվա իշխանություններն ավելի շուտ տային Հայաստանը բոլշեւիկներին, Կարսն ու Արդահանը մեզ կմնային: Սա արդեն կոռեկտ չէ մի գործչի կողմից, ով առաջինն է գլխավորել այն Հայաստանը, որը չէր լինի, եթե չլիներ 18-20 թվականների հանրապետությունը: Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե ՀՀ այն ժամանակվա ղեկավարները բոլշեւիկներին տային իշխանությունը, ապա Թուրքիայի հետ բարեկամացող Ռուսաստանը մեր արեւմտյան տարածքները չէր զիջի Թուրքիային: Կարելի է մտածել` Ռուսաստանը մեզնից վրեժ լուծելով է այդ տարածքները տվել: Այո՞:



Իսկ ինչո՞ւ Նախիջեւանը եւ Արցախը տվեց Ադրբեջանին: Երեւի մեզնից ավելի շատ վրեժ լուծելու համար… Այսօր Ռուսաստանի միակ դաշնակիցն այս տարածաշրջանում Հայաստանն է: Ադրբեջանը Լավրովին ասում է՝ սիկտիր, Էրդողանի հրամանով ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռուսական ինքնաթիռ է խփում: Վրեժի զգացումով առաջնորդվող Ռուսաստանն ինչ-որ չի շտապում Ղարաբաղը վերադարձնել մեզ կամ Թուրքիայից հետ պահանջել Կարսն ու Արդահանը: Հետեւաբար, երիցս ճիշտ են նրանք, պարոն առաջին նախագահ, ովքեր այսօր ասում են` եղունգ ունես` գլուխդ քորի: Ո՞ւմ վրա հույս դնենք, եթե ոչ հայ զինվորի ու հայ զենքի:



Չորրորդ․ Տեր-Պետրոսյանը շատ արհեստավարժ կերպով մի շարք քաղաքական ուժերի, այդ թվում՝ նաեւ ՀՀԿ-ին, փորձեց հասկացնել, որ Ղարաբաղի հարցում նրանք իր պես են մտածում, իր բառերով, պարզապես հարցի լուծումները չգիտեն: Սա նաեւ կարելի է դիտել որպես համագործակցության առաջարկ այդ ուժերին: Իրականում Տեր-Պետրոսյանն այդ ուժերին առաջարկում է քաղաքական դաշտը բաժանել երկու մասի` հողտվողականների եւ ոչմիթիզհողականների: Նա համաձայն չէ Ղարաբաղի հարցում միայն Դաշնակցության դիրքորոշման հետ, որը միակ ընդունելին է, եթե ուզում ենք երբեւէ տեսնել միջազգայնորեն ճանաչված Արցախ եւ ապա` Հայաստանի հետ միավորված հայրենիքի մի մաս: Դրա միակ ճանապարհն Արցախի ճանաչման ուղղությամբ համառ եւ անդուլ աշխատանքն է, մեր իրավունքն ու հայրենիքը չզիջելը: Ո՞ւմ վրա դնենք հույսներս` կիսախելագար Թրամփի՞, Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՞, որոնք մեղադրվում են քրեական հանցագործությունների մեջ, թե՞ ժողովրդավարության կնքահայր Պուտինի:



Հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեցինք: Ի՞նչ տեղի ունեցավ Նալբանդյանի թշիկները քաշքշող Հիլարի Քլինթոնի հետ: Պարզվեց` թռի-վռի կնիկ էր, բայց մեզ պարտադրում էր ձեռք քաշել մեր բոլոր պահանջներից: Այդ օրերին էլ Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների կողքին էր, այդ օրերին էլ շատ ուժեր Տեր-Պետրոսյանի նման էին մտածում, եւ մենակ մնացածը դարձյալ Դաշնակցությունն էր:
Եվ, վերջապես, հինգերորդ․ ես չէի կարդացել ՀՎԿ-ի նախընտրական ծրագիրը, եւ ինձ համար իսկապես նորություն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ այդ ծրագրում կետ չկա Ղարաբաղի մասին: Պետրոսն իր հարցումներով փորձում էր փրկել Արթուր Բաղդասարյանի դեմքը` իրո՞ք չկա, գուցե պարզապես բա՞ց եք թողել, չե՞ք նկատել, պարոն նախագահ… Հետեւեց Տեր-Պետրոսյանի հաստատումը` չէ, չկա, իսկապես չկա:



Հավանաբար, շատերը մտածեցին` արաա, ինչ ամոթ ա, ՀՎԿ-ի ծրագրում Ղարաբաղի մասին կետ չկա, Ղարաբաղը մոռացել են: Իմ կարծիքով, սակայն, ավելի լավ է ծրագրում կետ չունենալ Ղարաբաղի մասին, քան ունենալ այնպիսի խայտառակ կետ ու դիրքորոշում, ինչպիսին ունի Լեւոն Տեր-Պետրոսյանը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ