Ընտրություն ունենք` աշխարհը չունի

Ընտրություն ունենք` աշխարհը չունի

Սերժ Սարգսյանն ասում է` անցած ընտրությունները աննախադեպ էին կազմակերպվածությամբ, քաղաքական ուժերի մեծ կոնսոլիդացիայուվ, չեղավ շատ թե քիչ կշիռ ունեցող մի ընդդիմադիր ուժ, որ զրկվեր այդ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Վատ էլ չի ասում, և նրա ասածների մեջ ճշմարտություն կա: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մեր ժողովուրդը փող չի վերցրել (ում հարցնում եմ` ասում է իմ փայ կաշառք վերցնողի սենցն ու ընենցը), ապա ստացվում է որ ունեցել ենք հիրավի աննախադեպ ընտրություններ: Հանկարծ միջազգային դիտորդները շատ չգովե՞ն մեր ընտրությունները: Մեկ էլ տեսար` Բրյուսելի ու Բոլոնիայի դեմոկրատական ինստիտուտները իրենց մասնաճյուղերը բացեն Երևանում և Գյումրիում:



Մեր տեղամասային հանձնաժողով մի ղազախ էր եկել ԱՊՀ դիտորդական առաքելությունից: Շատ լավ դիտորդ էր` ասող, խոսող, սուրճ չխմեց, միայն` թեյ: Մի քիչ զրուցեցի հետը: Ռուսերեն խոսում էր հրաշալի: Երբ մասնագետները սարքերն էին միացնում, հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ «սև արկղեր» են: Ասացի նոր օրենքով ընտրողներին այդ սարքերի միջոցով են նույնականացնելու: Ասաց հա՛ա՛ա՛, հիշեցի, մեզ մոտ էլ մի անգամ փորձեցին, բայց հետո վերադարձան հին ձևին: Ինչո՞ւ` հետաքրքրվեցի: Ծիծաղեց` կեղծելը դժվարացել էր: Հարցրեց` ինչքա՞ն է լինում մասնակցությունը սովարաբար: Ասացի` 50-ից ավելի, նույնիսկ 60: Էլի ծիծաղեց: Ասում է` մեզ մոտ 95 տոկոսն անցնում ենք...: Այդ ղազախ դիտորդը պարզապես հիացած էր մեր ընտրություններով: Երբ քվեաթրթիկները շարեցինք սեղաններին, դարձյալ զարմացավ` ինչո՞ւ եք այդքան շատ թերթիկ դնում սեղանին: Ասի` այ ցավդ տանեմ, դու Երևան գալուց առաջ ինչո՞վ ես զբաղված եղել, չե՞ս լսել, որ նոր ձևով ենք ընտրություն անելու, ամեն մասնակից ուժ իր թերթիկն է ունենալու... Թվաց` ինձնից խռովեց, գնաց կանգնեց քվեարկության խցիկի հետևը, սկսեց տնտղել... Երևի հիմա էլ զարմացել էր, որ իրենց նման փարդի հետևը չենք անցնում, որ քվեարկենք: Իսկ երբ պոչը կտրած ծրարը տեսավ, ուզում էր ակտ կազմել: Մի կերպ հասանք չթողեցինք, ցույց տվեցինք, թե ինչու պետք է ծրարի պոչը կտրած լինի: Մի խոսքով` մեր ղազախ ախպորը կարգին լուսավորեցինք, չայ տվինք, խաթրն առանք: Վերջում իմ հեռախոսահամարն ուզեց, որ զանգահարի ու վերջնական արդյունքներն իմանա: Հեռախոսահամարս տվեցի, բայց ձեռքի հետ էլ հասկացրեցի, որ մեզ մոտ ԿԸՀ-ն առցանց հայտնում է բոլոր արդյունքները` ինձնից ավելի օպերատիվ և արժանահավատ:



Այսքանն այն մասին, թե ովքեր են վերահսկում մեր ընտրություները ԱՊՀ տարածքից:



Իսկ ինչ վերաբերվում է եվրոպացի դիտորդներին, ապա նրանք լրիվ յանները տարած են: Ինչ ասում էինք` նույն պատասխանն էինք ստանում` Օ՛, յե կամ Օ՛, յա... յա, յա: Մեկն էլ թե` վերի գուդ... Սրանք լսել էին` ովքեր են մասնակցում ընտրություններին, բայց հո չէին տեսել, չէին ճանաչում մեր հաստավզերին: Մի անգամ առավոտյան ծիկ արեցին, մի անգամ երեկոյան, իսկ ողջ օրն զբաղված էին երևանյան քյաբաբնոցները գնահատելով: Բայց ասեմ` շատ էլ գործ չկար անելու: Նոր ԸՕ-ն տարել էինք իրենց մոտ հաստատելու, այնպես որ քաջ ծանոթ էին թե սարքերին, թե ընտրաթերթիկների ձևերին և թե պոչը կտրած ծրարներին: Փորձի համար մի քվեաթերթիկ դրեցին ծրարի մեջ, լույսի տակ նայեցին` հո չի՞ թափանցում և գնացին` Օ՛, յե, Օ՛, յա... յա, յա... վերի գուդ:



Ի՞նչ ասեմ, իսկապես հրաշալի ընտրություններ էին: Քվեարկության սրահում տրամադրող մթնոլորտ էր: Այնտեղ կարելի էր ուսումնասիրել մեր ժողովրդի հոգեբանությունը, ազգային ավանդույթները, շարժուձևը, փակ տարածքում նրա պահվածքը: Հրաշալի ժողովուրդ ունենք: Բայց հիմա այդ մասին չէ, որ կուզենայի խոսել: Ինձ զարմացրել էր մեր հանձնաժողովի անդամների աննախադեպ կոնսոլիդացիան: ՀԱԿ-ի ներկայացուցիչը չէր գոռգոռում, «Ժառանգության» անդամը չէր սպառնում լուսամուտից դուրս ցատկել, ՀՎԿ-ականը պոպուլիզմով չէր զբաղվում, բարգավաճականը համեստորեն տանում էր քարտուղարի իր խաչը, տարածքայինի նշանակած անդամները, որոնք այդ դպրոցի աշխատողներ էին` շուտ-շուտ կոֆե էին դնում: Ես, որպես ՀՀԿ-ի միակ կոալիցիոն գործընկեր, ինձ այնքան միայնակ էի զգում այդ կոնսոլիդացված հանրույթի մեջ, որ էլ չասելու: Մտածում էի` էս ինչ լավ ընտրություն է, այ մարդ, հանձնաժողովից ոչ մեկը չի թռնում ՀՀԿ-ական նախագահի դեմքին, չի բողոքում, չի պահանջում մատյանի մեջ թունավոր բաներ գրել: Օգտվելով այդ հանգամանքից` ՀՀԿ-ական նախագահն էլ` կեպին ծուռ դրած, փորն առաջ տված, ֆռֆռում էր տեղամասում: Ախպերներ էին գալիս, գնում, նրանց մի մասն ընտրում էր, մի մասն էլ «պադկրեպլենի» էր ուրիշ տեղերից, որ բավարարվում էր իր ախպեր նախագահի որպիսությունը հարցնելով: Ողջագուրանքներ, աչքալուսանք: Այդ ամենն, իհարկե, տեսախցիկի աչքից հեռու:



Հասավ քվեները հաշվելու ժամանակը: Տեղական դիտորդական առաքելությունից մի դիտորդ հայտարարեց, որ ծրարը քվեատուփի միջից հանելու իրավունք ունի միայն նախագահը: Հանձնաժողովականները դա իսկույն ընդունեցին ի գիտություն, և առաջ գնացինք: Հիմա ես հետևում եմ, թե ինչպես են իրենց պահում ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՀՎԿ-ի, ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Նրանք մի ուրիշ տեսակ էին Կոնսոլիդացված: Բոլորին, ինձնից բացի, հետաքրքրում էին ՀՀԿ-ի ձայները: Երբ ՀԱԿ-ից, ՕՐՕ-ից, Կոմկուսից կամ Ազատ դեմոկրատներից պատահաբար մեկ հատիկ թերթիկ էր լինում, բոլորը ծիծաղում էին: ՀՎԿ-ի կողմից նշանակված հանձնաժողովականը քնում էր, ու ամեն անգամ, երբ 3-րդ համար թերթիկ էր դուրս գալիս, ձայն էինք տալիս, արթնացնում, որ վերցնի թերթիկը: Առաջարկեցինք, որ նախագահն այլևս երկար- բարակ չկարդա կուսակցությունների անուններն ու հայտարարի միայն թերթիկի թիվը: Գործը արագացավ: Կողքիս նստած ՀԱԿ ներկայացուցիչը խնամքով հավաքում էր «Ելք»-ի թերթիկները, իսկ ՀԱԿ-ի թերթիկներին տիրություն էր անում բոլորովին կողմնակի մեկ այլ հանձնաժողովական: Թե ոնց էին հաջողացրել, ես չիմացա, բայց հո գիտեի, թե Լևոն Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը որքան ջերմ հարբաերությունների մեջ են: Մի խոսքով` ինձ համար կատարյալ կոնսոլիդացված կոշմար էր մեր հանձնաժողովում:



Ընդամենը 2-3 անվավեր թերթիկներ գտանք: Բոլոր կասկածելի թերթիկներն աշխատում էինք մեկնաբանել դրանց տիրոջ օգտին` ձայն է, ինչո՞ւ կորչի սկզբունքով:



Վերջում, երբ քվեաթերթիկներն էինք հաշվում, կոնսոլիդացիան հասավ էր իր գագաթնակետին: Բոլորն իրենց կուսակցություններին թողած` ՀՀԿ-ի ձայներն էին հաշվում: Հաշվում և ուրախանում էին, համարյա` ցնծում: ՀՎԿ-ի ներկայացուցիչը մեկ-մեկ վեր էր թռչում այդ աղմուկից: Ամենավերջում, երբ քվեաթերթիկների թիվը «բռնեց» կտրոնների և ինքնակպչող «ակցիզների» հետ, բոլորն սկսեցին շնորհավորել ՀՀԿ-ին և զմիմյանս: Չմոռացան նաև ինձ, որ, թերևս, միակ չկոնսոլիդացվածն էի այդ հանրույթում:



Երբ կազմում էինք արձանագրությունը, ես թվերը ևս մեկ անգամ համեմատեցի իմ թվերի հետ` հույս չունենալով, որ դրանք կհամապատասխանեն: Բայց ով զարմանք` մեկը մեկին ճիշտ էր ամեն ինչ: Ինչ գողություն, ինչ բան: Նույնիսկ նույն կուսակցության ռեկտինգայինները ձայները չէին խառնել: Այնքան համեստ էին մյուսների արդյունքները, որ կոնսոլիդացված հանձնաժողովը նույնիսկ ընդդիմադիրների թերթիկների կողմն էլ չէր նայում:



Եվ` ավարտեմ: Հարգելի արդեն նախկին ընդդիմադիրներ` ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՎԿ, նաև նոր` «Ծառուկյան», «ԵԼՔ». դուք չեք ամաչո՞ւմ ձեր պահվածքից: Նմուշի համար գոնե մեկ հատիկ հանձնաժողովական ունենայիք, որ հիշեցներ ձեր գոյության մասին: ԵԼՔ-ը դեռ ոչինչ, խորհրդարանական ուժ չէր: Իսկ մյուսնե՞րը: Վերջապես ո՞ւր էին Ազատ դեմոկրատների, ՕՐՕ-ի, «Ելք»-ի, «Ծառուկյան» դաշինքի, կոմունիստների, ՀՎԿ-ի վստահված անձինք: Ո՞վ է այսպես թափթված ու կոնսոլիդացված գնում ընտրությունների, որ դուք գնացիք: Հիմա ՕՐՕ-ն գնացել ԿԸՀ բողոք է գրել, թե հասեք, կեղծել են: Ի՞նչն են կեղծել: Բա ո՞ւր էր քո դիտորդը կամ «Ժառանգության» ներկայացուցիչը, որ կեղծեցին: Ընդամենը 18 քվե են ստացել ու դեռ բողոքում են: Բա չծախեիք ձեր տեղերը: Հետո էլ ասում եք` ժողովուրդը կաշառք է վերցրել:



Չէ, իսկակապես պետք է ավարտել, այլապես կարող է բաներ ասեմ, որ ոմանց մազերը բիզ-բիզ կանգնեն:



Հա, Ղազախ դիտորդը զանգեց. «Պռիվետ, կակ տի, վսյո նարմա՞լնը»: Հա, ասում եմ, նարմալնին էն խոսքը չի, բռատ, բոլորը ողջ են, կոնսոլիդացված: Շատ ուրախ տղա է: Ասաց, որ էլի կգա Հայաստան` չնայած մեր երկու երկրների նախագահների փոխդարձ համակրանքին: Ասացի լավ բաներ կգրես մեր մասին: Ասաց` արդեն գրել եմ: Մտածեցի` սրան էլ են կոնսոլիդացրել: Մնացին եվրոպացիները: Մի երկու օրից նրանց ձայնն էլ կլսվի` Օ՛, յե, Օ՛ յա... յա, յա... վերի գուդ:



Հեքիաթների վերջում երեք խնձոր է ընկնում: Կոնսոլիդացիայի մասին հեքիաթներում դրանց թիվը կարող է շատ լինել: Բայց սա այդ դեպքը չէ: Ուզում էինք որ լավ լիներ, իսկ ստացվեց ինչպես միշտ: Երեք խնձոր ընկավ` մեկը Սերժ Սարգսյանին, մեկը նրա կոնսոլիդացրած հանրույթին, մեկն էլ, եթե դեմ չեք` Դաշնակցությանը, որովհետև դեռ շատ գործ կա անելու:



Էդիկ Անդրեասյան