Ղարաբաղցու մուննաթից Աստված հեռու տանի

Ղարաբաղցու մուննաթից Աստված հեռու տանի

Ղարաբաղցու մուննաթը շատ ծանր է: Հայաստանի վրա փթանոց մեղադրանքներ բարդել գիտեն, որ էլ սուս: Ահավասիկ, մի ղարաբաղցի մեզ մեղադրում է այն բանում, որ Բաքու-Ջեյհան է կառուցվել, Ադրբեջանի նավթը հոսել է Արեւմուտք, Արեւմուտքից միլիարդավոր դոլարներ են եկել Ադրբեջան, ներդրումներ են արվել, Բաքուն ռազմական բյուջե է մեծացրել, իսկ Հայաստանում սպասում են ինչ-որ հրաշքի կամ պարզապես աշխարհի վերջին: Ու այդ ղարաբաղցու տանձին էլ չէ, որ արդեն 25 տարի ողջ հայ ժողովուրդը միայն Ղարաբաղի խնդրով է ապրում ու Ղարաբաղի համար:



Մուննաթ գալը հեշտ է: Մեկը լինի` իրենց վրա մուննաթ գա, որ Ղարաբաղի համար այսքան բան անելուց հետո էլ մարդիկ փախչում են Ղարաբաղից, ինչպես Հայաստանից են գնում: Մի անգամ էլ ինքներդ ձեզ վերլուծեք, փորձեք հասկանալ, թե ինչու չեք կարողանում ամենահասարակ բաներն անել` կով պահել, խոզ պահել, արտադրություն կազմակերպել: Ո՞ւր են գնում այն միլիոնավոր դոլարները, որ Հայաստանն ու Սփյուռքն են ներդնում Ղարաբաղում: Բերանս բացել չտաք, լաչառ կնկա լաց էլ չդնեք: Ձեր աչքով եք տեսել, թե ինչի են ընդունակ Հայաստանն ու հայկական բանակը, ու ոնց է միլիարդատեր Ալիեւը պոչը քաշում ոտքերի արանքը, երբ 18 տարեկան տղեն, ճակատը մահու տված, ենիչերիների ջոկատներ է սատկացնում: Ու փոխանակ այդ տեսնելու, Ալիեւի նավթադոլարներն եք հաշվում:



Մի մուննաթ էլ այստեղ ունենք` անունը Լեւոն Տեր-Պետրոսյան է: Խաղաղություն է քարոզում` չգիտեմ ինչի հաշվին: Եկեք նրան նվիրենք ձեզ, երկուսով ավելի լավ մուննաթ կգաք: Մարդը, սակայն, պետք է խիղճ ունենա: Երբ Ղարաբաղում արյուն էր թափվում 90-ականների սկզբին, չգիտես ինչու, այդ արյունը չէր ծանրանում այն ժամանակվա ՀՀՇ-ական խորհրդարանի ու նախագահի խղճին, իսկ այսուհետ, երբ արդեն ՀՀՇ-ն ու այդ նախագահը չեն գահին, արյունը ծանրանում է: Այս ի՞նչ ապուշ մտածողություն է: Արյունն ազգինն է, ազգի վրա էլ ծանրանում է, եւ թող ոչ ոք չփորձի հատուկ մեղավորներ փնտրել: Հատուկ չեն զոհվում մարդիկ: Մարդիկ զոհվում են հանուն, հանուն անկախության, հանուն հայրենիքի, հանուն ծնողի, կնոջ, քրոջ, զավակի, հանուն նպատակի: Եվ երբ ոմանք խելացիության մենաշնորհ են ուզում վաստակել, պետք է մուննաթ գալուց առաջ այս հասարակ բանը սերտեն:



Հապա մի ղարաբաղցու մուննաթը կարդացեք. «Եվ հիմա, երբ նախկին արտգործնախարարը (նկատի ունի Վարդան Օսկանյանին) փորձում է հավատացնել, թե իր պաշտոնավարման տարիներին, չնայած Արցախի հարցի չկարգավորվածությանը, հաջողվել է խաղաղություն պահպանել, ակամայից ուզում ես ընդհատել. «Իսկ չէի՞ք կարծում, որ դա խաղ է, Ալիեւը միայն ժամանակ է ձգում, որպեսզի բազմապատկի ռազմական պոտենցիալը եւ փոխի տոնը»»: Ասա ինչի՞ վրա ես մուննաթ գալիս` փաստի՞: Փաստ չէ՞, որ Ղարաբաղի ստատուս քվոն, չնայած հարցի չկարգավորվածությանը, այդ արտգործնախարարի պաշտոնավարման շրջանում պահպանվել է, պահպանվել է նաեւ հարաբերական խաղաղությունը: Եվ, ուրեմն, ինչի՞ մասին է խոսքը:



Նույն ղարաբաղցին շարունակում է Հայաստանին խելք սովորեցնել. «Այո, հարկ էր կանխատեսել եւ քայլեր ձեռնարկել: Ոչ թե Հայաստան-Սփյուռք անպտուղ խորհրդաժողովներ հրավիրել կամ «Լինսի» հիմնադրամի փողերով զարկ տալ շինարարությանը, իսկ մամուլը հեղեղել «երկնիշ տնտեսական աճի» եւ «կովկասյան վագրի» մասին վարձահրավիրված հոդվածներով: Հետաքրքիր է, իսկ ո՞ւր մնացին այդ «թռիչքի» արդյունքները»: Այսինքն՝ ի՞նչ է ուզում ասել: Այդ նույն «Լինսի» հիմնադրամից Ղարաբաղին բան չե՞նք հասցրել, Ստեփանակերտն իրենց պապերի փողերո՞վ են սիրուն սարքել, «Համահայկական» հիմնադրամի փողերը Ղարաբաղի հետեւը չե՞նք մտցրել, որ ճանապարհ ու կոմունիկացիաներ ունենան: Թոթի արաղից դենը բան չգիտեք` եկել Հայաստանի վրա՞ եք մուննաթ գալիս:



Դե իհարկե, այսքան բանից հետո էլ ղարաբաղցին Ադրբեջանն է մեր աչքը կոխում. «Ադրբեջանը հազար անգամ կարելի է ջնջել քարտեզից, քերել գլոբուսից, բայց գործնականում ոչինչ չի փոխվի: Այդ երկիրը կա, աշխարհի համար հետաքրքրական է իր ռեսուրսներով, կոմունիկացիոն հնարավորություններով, բացառված չէ՝ նաեւ մենթալիտետով. համենայնդեպս, ոչ ոք «նվերներից» չի փախչում՝ որքան էլ որ խոսվի «եվրոպական արժեքներից» եւ «կոռուպցիայի դեմ պայքարից»»: Գիտե՞ս ինչ, տղա ջան, Ադրբեջանում շատ նավթ, Բաղդադում էլ շատ խուրմա կա: Հետո՞: Մի՞թե նավթի առկայությունն Ադրբեջանում քեզ համար պատճառ է այդ երկրից խաղաղություն մուրալու համար: Հարեւանի կնիկն ավելի սիրուն ա: Ի՞նչ անել, ուրեմն: Աստված չանի՝ հարեւանի պրոբլեմները քոնը լինեն: Միլիարդավոր ներդրումները, որ կատարվում են Ադրբեջանում, միլիարդավոր դոլարների հասնող պարտավորություն են պահանջում այդ երկրից` ինչպես Իրաքից ու նավթի ասեղի վրա նստած մյուս երկրներից: Օտար կապիտալի անսահման ներգրավումը մի օր փորձանքի է հասցնում: Իսկ որպեսզի նաեւ հայկական կապիտալ հոսի Հայաստան ու Ղարաբաղ, ամենեւին էլ պարտադիր չէ Ադրբեջանի տակ պառկելը:



«Իսկ մենք սպասում ենք: Ո՞ւմ, ինչի՞՝ ոչ ոք չգիտի: Իսկ եթե հրաշք չի լինում, գուցե սպասում ենք ապոկալիպսիսի՞: Մեզ մոտ ողբասացությունը, կարծես, լավ է ստացվում...»: Այս մեջբերումը նորից կարդացեք: Մի անգամ էլ… Եվ ի՞նչ արագությամբ է Տեր-Պետրոսյանի եւ Այազ Մութալիբովի տվիչ քաղցկեղը մետաստազներ նետում Ղարաբաղում: Որեմն, հարգելի ղարաբաղցի, շարունակիր գանգատվել Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Այազ Մութալիբովին, ողբասացությունը, թե Հայաստանը Ղարաբաղի հերն անիծում է, քեզ մոտ լավ է ստացվում:



ՀԳ. Խնդրում եմ ինձ չմեղադրել ղարաբաղցի-հայաստանցի խտրականություն սերմանելու մեջ: Քավ լիցի, ապարանցին ու ղարաբաղցին ինձ համար նույնն են, պարզապես ղարաբաղցու մուննաթն իրոք անհասկանալի է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ