Ի՞նչ ունենք Երևանի ավագանու ընտրություններից առաջ

Ի՞նչ ունենք Երևանի ավագանու ընտրություններից առաջ

Եվ այսպես, պարզ դարձավ, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին կմասնակցի 3 ուժ՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» կուսակցությունը:



ՀՀԿ-ի հաղթանակն այդ ընտրություններում կասկած չի հարուցում: Դժվար չէ դա պատկերացնելը, մանավանդ, երբ մտքով գումարում ես օրեր առաջ ավարտված ընտրություններում Երեւանում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ստացած քվեները: Տարբերությունը, կարծում ենք, մեծ չի լինի:



Հետեւաբար, ինտրիգը կպահպանվի միայն 2-3-րդ տեղերի համար պայքարում: Բացառված չէ, որ «Ելք»-ն էլ «Երկիր ծիրանին» էլ մտնեն քաղաքապետարան: Երկուսն էլ ներկայացնում են ընդդիմությունը, երկուսն էլ, իրենց ձայներից բացի, հավակնում են նաեւ այն ընտրազանգվածի քվեներին, որն ազատվել է ՀԱԿ-ՀԺԿ, ՕՐՕ դաշինքների, ինչպես նաեւ «ՀՎ» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների` այս ընտրություններին չմասնակցելու շնորհիվ: Եվ, ուրեմն, այս պահին կարեւոր է, թե ազատված ընդդիմադիր ընտրազանգվածն ում կտա նախապատվությույնը՝ «Ելք»-ի՞ն, թե՞ «Երկիր ծիրանիին»:
Չնայած այն հանգամանքին, որ «Ելք» դաշինքը շռնդալից մուտք ունեցավ խորհրդարան եւ իր ձայների զգալի մասն ապահովեց հենց Երեւանում, դա ամենեւին էլ չի նշանակում, թե «Երկիր ծիրանին» հեշտ հաղթահարելի մրցակից կլինի նրա համար: Ինչո՞ւ:
Մեր կարծիքով՝ Զարուհի Փոստանջյանին պատրաստ են ձայն տալ առաջին հերթին «Ժառանգության» անդամներն ու այդ կուսակցության համակիրները: Նրանք պարզապես պատճառ չունեն «Ելք»-ին ձայն տալու, իսկ Տարոն Մարգարյանին՝ առավել եւս: Նույնը թերեւս կարելի է ասել նաեւ «Ազատ դեմոկրատների» մասին, որոնք ժամանակին խորհրդարան են մտել «Ժառանգություն», Րաֆֆի Հովհաննիսյանի, հետեւաբար՝ որոշ չափով նաեւ Զարուհի Փոստանջյանի շնորհիվ: Անշուշտ, Զարուհի Փոստանջյանին կաջակցի նաեւ «Սասնա ծռերի» եւ Հիմնադիր խորհրդարանի համակիրների բանակը:
Դժվար է ասել, թե իրենց համակիրներին ինչպես կուղղորդեն ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն, թեեւ սպասելի է, որ այդ կուսակցությունները (իսկ ՀՎԿ-ի հատկապես ՕԵԿ-ական հատվածը) առանց ավելորդ աղմուկի կաջակցեն ՀՀԿ-ին: Եթե ԲՀԿ-ն եւ ՀՎԿ-ն, այնուամենայնիվ, իրենց կողմնակիցներին թողնեն ազատ քվեարկել, ապա կրկին Զարուհին է առավելություն ստանալու: Ինչո՞ւ: Զարուհի Փոստանջյանը նրանց համար մրցակից չի եղել խորհրդարանական ընտրություններում, ինչպես «Ելք»-ը: Խնդիրը նաեւ հոգեբանական է: Այսպես ասեմ՝ Զարուհի Փոստանջյանը նրանց չի խանգարել խորհրդարան մտնել: Այս հանգամանքը, կարծում ենք, լուրջ դերակատարություն կունենա հատկապես ՀՎԿ-ի խայտաբղետ ընդդիմադիր տրամադրությունները Զարուհի Փոստանջյանի շուրջ համախմբելու գործում: Մյուս կողմից էլ՝ թե Գագիկ Ծառուկյանը եւ թե Արթուր Բաղդասարյանը բոլոր հիմքերն ունեն Նիկոլ Փաշինյանին չսիրելու համար, վերջինիս խորհրդարանական բազմաթիվ ելույթների պատճառով: Հիշենք թեկուզ Հեղինե Բիշարյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հետ Նիկոլ Փաշինյանի մենամարտերը խորհրդարանական բանավեճին ոչ հարիր բառապաշարով՝ ընդհուպ մինչեւ «շիշը գլխիդ կտամ» բղավոցներով:



Եվս մեկ հանգամանք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Ելք»-ի օգտին չէ: ԱԺ ընտրություններից հետո շատ խոսվեց այն մասին, որ «Ելք»-ն իշխանական, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի պրոյեկտ է: Այդ շրջապատից, հասկանալի է, հերքում են լուրերը, սակայն, ինչպես ասում են՝ մարդն իր տեսածին է հավատում: Իսկ Նիկոլ Փաշինյանը մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները ժամանակ չունի ապացուցելու, որ ինքն «էդ տղեն չէ»:



«Ելք»-ն էլ իր առավելություններն ունի «Երկիր ծիրանիի» նկատմամբ: Չմոռանանք, որ Երեւանի ավագանու ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ են, իսկ դա առաջին հերթին թիմային աշխատանք է ենթադրում: Նախորդ ընտրություններում «Ելք»-ն ապացուցեց, որ ունի լավ թիմ: Տեսեք, եթե նախորդ ընտրություններում թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի ստացած քվեների 97 տոկոսը ռեյտինգայինների քվեներն են եւ միայն 3 տոկոսը՝ կուսակցությանը, ապա «Ելք» դաշինքի պարագայում դաշինքի օգտին քվեարկել է նրա ընտրողների 43 տոկոսը եւ միայն 57 տոկոսն է քվեարկել ռեյտինգային թեկնածուների օգտին: Սա նաեւ նշանակում է, որ «Ելք»-ում չկա ներքին գզվռտոց, իսկ դա լավ թիմ ունենալու առաջին նախապայմանն է:
Երեւանի ավագանու ընտրությունները, որքան էլ ասենք, որ Երեւանը Հայաստանի կեսն է, միեւնույն է, ավելին չեն, քան ինքնակառավարման մարմնի ընտրությունները: Այս տարիներին մենք այդպես էլ չտեսանք, որ Երեւանի քաղաքապետը կամ ավագանին կարողանար ազդել որեւէ քաղաքական գործընթացի կամ զարգացման վրա: Դրանով էր պայմանավորված նաեւ բազմաթիվ քաղաքական ուժերի հրաժարումն այդ ընտրություններին մասնակցելուց, իսկ որոշ ուժերի դեպքում էլ (ՀԱԿ)` քաղաքապետարանում աշխատելուց:



Այդուհանդերձ` «Ելք» դաշինքի եւ «Երկիր ծիրանիի» ներկայությունը Երեւանի ավագանիում, մեր կարծիքով, որոշակի աշխուժություն կարող է մտցնել գոնե երեւանյան առօրյայում, թեեւ փոքր է հույսը, որ այդ երկու ուժերը կկարողանան ավելին անել, քան «Բարեւ, Երեւանն» էր անում` որն այդպես էլ քաղաքացիների աչքն ու ականջը չդարձավ քաղաքապետարանում:



Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք չի լինելու: Նախորդ ընտրությունների աղմուկը չլռած` նոր խնդիր ստեղծել ՀՀԿ-ն չի ցանկանա եւ կփորձի լռելյայն, հիմնականում օգտագործելով վարչական ռեսուրսը` բացարձակ մեծամասնություն ստանալ: Այս հանգամանքն ընդդիմադիրների համար լայն հնարավորություն է` ընտրակաշառքի սպասող հանրության հետ լուրջ աշխատանք տանելու եւ իր կողմը գրավելու համար:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ