Մի նենգափոխեք հոդվածս, պարոն Տեր-Պետրոսյան

Մի նենգափոխեք հոդվածս, պարոն Տեր-Պետրոսյան

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ilur.am կայքում հրապարակած իր վերջին ելույթում ընդարձակ անդրադարձ է կատարել նաեւ «Հրապարակ» թերթի ապրիլի 7-ի համարում տպագրված մեր հոդվածին` որակելով այն «այլանդակ, այլանդակություն լինելուց բացի, հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն թողնող»: Շնորհակալ եմ ՀՀ առաջին նախագահին, որ չի ասել սադրանք, այլ ասել է «սադրանքի տպավորություն» թողնող: Դրանք, անշուշտ, տարբեր բաներ են:



Իր ելույթում, սակայն, Տեր-Պետրոսյանը, որպեսզի քողարկի խաղաղության իր ծրագրի վտանգավոր զարգացումները Ղարաբաղում, նենգափոխել է իմ «այլանդակ» հոդվածի ասելիքն ու միտումը եւ այն ներկայացրել որպես Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրելու փորձ: Ամբողջ հարցն այն է, որ իմ հոդվածի հետգրության մեջ նույնիսկ սեւով սպիտակի վրա գրել եմ. «Խնդրում եմ ինձ չմեղադրել ղարաբաղցի-հայաստանցի խտրականություն սերմանելու մեջ: Քավ լիցի, ապարանցին ու ղարաբաղցին ինձ համար նույնն են, պարզապես ղարաբաղցու մուննաթն իրոք անհասկանալի է»:



Ինչ վերաբերում է բուն հոդվածին, ապա նպատակ եմ ունեցել ցույց տալու միայն, թե որքան արագ են Ղարաբաղի հարցի կարգավորման տերպետրոսյանական պարտվողական գաղափարները տարածում գտնում Արցախում` մեր հայրենիքի այն մասում, որը, ինչպես Տեր-Պետրոսյանն է լավագույնս ներկայացնում. «…չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում»։ Երիցս ճիշտ եք, պարոն նախագահ, ինչպես որ հոգեւոր աղանդավորությունը տեղ չպետք է ունենա Ղարաբաղում, այնպես էլ քաղաքական աղանդը` «խաղաղություն ամեն գնով» գաղափարախոսությամբ:
Ես հիմա հարց եմ տալիս` կգրվե՞ր իմ այս հոդվածը, եթե Տեր-Պետրոսյանը մեջտեղ չբերեր ազատագրված տարածքները հանձնելու գնով խաղաղության հասնելու առաջարկները, եւ դրան չարձագանքեր Վահրամ Աթանեսյանը՝ Ղարաբաղից, ում հրապարակմանն էլ վերաբերում է իմ հոդվածը



Եթե Վահրամ Աթանեսյանը լիներ ՀԱԿ ակտիվիստ, ես չէի էլ անդրադառնա այդ հարցին: Բայց Վահրամը ժամանակին եղել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար: Նա իր հոդվածով տակնուվրա է արել անցյալ 20 տարիների Հայաստանի քաղաքականությունը, ՀՀ իշխանություններին մեղադրել անգործության ու սուտ հայտարարություններով 20 տարի հայ ժողովրդին կերակրելու մեջ` զրոյականացնելով այն ամենը, ինչ հայ ժողովուրդն արել ու շարունակում է անել իր հայրենիքի մի մասի` Արցախի համար: Լեւոն Տեր-Պետրոսյանից ազդված` Վահրամ Աթանեսյանը գրում է. «Այո, հարկ էր կանխատեսել եւ քայլեր ձեռնարկել: Ոչ թե Հայաստան-Սփյուռք անպտուղ խորհրդաժողովներ հրավիրել կամ «Լինսի» հիմնադրամի փողերով զարկ տալ շինարարությանը, իսկ մամուլը հեղեղել «երկնիշ տնտեսական աճի» եւ «կովկասյան վագրի» մասին վարձահրավիրված հոդվածներով»: Նույն Աթանեսյանը հանդիմանում է Հայաստանի Հանրապետությանը. «Իսկ մենք սպասում ենք: Ո՞ւմ, ինչի՞՝ ոչ ոք չգիտի: Իսկ եթե հրաշք չի լինում, գուցե սպասում ենք ապոկալիպսիսի՞»: Ինչպես տեսնում եք` կրկնում է Տեր-Պետրոսյանին` պետք է գնալ զիջումների: Ապա գովերգում է Ադրբեջանի հզորությունն ու մեր աչքը կոխում մեր խեղճությունը, որը նույնպես տերպետրոսյանական պրագմատիզմն է. «Ադրբեջանը հազար անգամ կարելի է ջնջել քարտեզից, քերել գլոբուսից, բայց գործնականում ոչինչ չի փոխվի: Այդ երկիրը կա, աշխարհի համար հետաքրքրական է իր ռեսուրսներով, կոմունիկացիոն հնարավորություններով, բացառված չէ՝ նաեւ մենթալիտետով. համենայնդեպս, ոչ ոք «նվերներից» չի փախչում՝ որքան էլ որ խոսվի եվրոպական արժեքներից»: Ինչո՞ւ, ուրեմն, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի անդրադառնում Վահրամ Աթանեսյանի հոդվածին, այլ իմ հոդվածն է «այլանդակություն» համարում: Պատասխանը հստակ է` Վահրամը խոսել է Տեր-Պետրոսյանի սրտից:



Ընդունում եմ, իհարկե, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ սեպ խրելն առնվազն դավաճանություն է, եւ ամենաշատը հենց այդ մեղադրանքի տակ ընկնել չէի ցանկանա: Եվ դա է պատճառը, որ կրկնում եմ` Ղարաբաղը Հայաստան է, եւ Ղարաբաղին ու ղարաբաղցուն ուղղված ամեն մի խոսք ավելին չէ, քան լոռեցուն ուղղված խոսքը: Պարզապես, երբ Ղարաբաղից է հնչում մեղադրանքը Հայաստանի հասցեին, եւ գիտես, թե որտեղից է այն սնվում, չես կարող չխոսել դրա մասին:



Ո՞րն էր Տեր-Պետրոսյանի անդրադարձի բուն պատճառը: Վստահեցնում եմ` եթե նա իրեն ուղղված լուրջ մեղադրանք չտեսներ մեր հրապարակման մեջ, աչքն էլ չէր թարթի, ուր մնաց հոդված գրեր: Նա կարծում է, թե մենք չենք տարբերում պարտադրված պատերազմի եւ չպարտադրվածի ժամանակ թափված արյունը: Այսինքն՝ մի կողմից փորձում է արդարանալ իր իշխանության տարիներին թափված արյան համար, մյուս կողմից էլ ուլտիմատում է ներկայացնում գործող իշխանություններին եւ նոր ձեւավորված ԱԺ-ին, թե սրանից հետո արյունը ձեր խղճին է: 1998 թվականից այսկողմ այդ ե՞րբ է հայկական կողմը պատերազմ հայտարարել եւ անիմաստ արյուն հեղել: Հայաստանը խաղաղության եւ հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է եղել այս ողջ ընթացքում: Պետք էր դա գնահատել եւ ոչ թե արդարացնել ռացիոնալ գործիչ Ալիեւին` նրա պատճառով թափված եւ դեռ թափվող արյան մեղքը վերագրելով հայկական պետությունների իշխանություններին:



ՀԳ. Վահրամ Աթանեսյանը հասկացավ իմ հոդվածում բարձրացված խնդիրը եւ, իմ տեսակետը չընդունելով հանդերձ, հաջորդ հոդվածում գրեց` «Այդ ղարաբաղցին ես եմ»: Տեր-Պետրոսյանին, սակայն, ժամանակ է պետք հասկանալու, որ խնդրո առարկա իմ հոդվածում ոչ մի խոսք չկա «Ղարաբաղը» կամ «ղարաբաղցիներին» թուլացնող: Իմ պայքարը Ղարաբաղի եւ հայ ժողովրդի հերն անիծող «չարորակ ուռուցքի» դեմ է: Պետք է հատել դրա ամեն մի մետաստազ՝ Հայաստանի որ ծայրում էլ լինի, իսկ Ղարաբաղում` առաջին հերթին:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ