Տեսեք` շատ խորը արմատներ չգցի պարտվողականությունը

Տեսեք` շատ խորը արմատներ չգցի պարտվողականությունը

Կարծում եմ` ժամանակն է ըմբռնումով մոտենալու Լեւոն Տեր-Պետրոսյանի Խաղաղության, Հաշտության եւ Բարիդրացիության հաստատման հայտարարություններին: Նման հայտարարություններ բարի ծերուկները հաճախ են անում, սովորություն է:



Հայաստանում, սակայն, դեռ կան մոլորյալներ, որոնց թվում է, թե ամեն ինչ անցողիկ է, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի «ծրագիրը»՝ մնայուն, թե այն ավելի կարեւոր է, քան ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելը, թե այն խորը արմատներ գցեց մեր մեջ եւ այլեւս դուրս չի գալու: Ես այդպես չեմ մտածում:



Նախ` այնպես չէ, որ խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն տերմինները Լեւոն Տեր-Պետրոսյանն է հորինել եւ հատուկ մենաշնորհ ունի այդ հարցում: Երկրորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական առաջին իսկ ելույթում ընդգծել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը (ՀԱԿ-ՀԺԿ դաշինք) ընտրությունների է գնալու խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության կարգախոսով: Այսինքն` Տեր-Պետրոսյանը ցանկություն ուներ այդ 3 կատեգորիաները ծառայեցնել ԱԺ մտնելու սուրբ գործին: Չասենք, թե ինչու չստացվեց, բայց նաեւ հարցնենք ՀԱԿ-ՀԺԿ-ին` գո՞հ եք եւ արդյոք համամի՞տ եք այն թեզին, որ կարեւորը ոչ թե ԱԺ-ում ձեր ներկայությունն է, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանի հերթական նոու հաուն:



Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումը խաղաղության, հաշտության եւ բարիդրացիության հանրահայտ, կասեի` համամարդկային հասկացությունների ֆոնին շատերի մեջ գուցե լիրիկական տրամադրւթյուններ արթնացրեց դեպի մեր աջակողմյան հարեւանը, սակայն եղան նաեւ տերպետրոսյանական պարտվողականության դիպուկ բնորոշումներ, որոնք իսկապես մնայուն տեղ զբաղեցրին ու խորը արմատներ գցեցին հասարակության մեջ: Կարդացեք բանասեր, բանաստեղծ եւ գիտնական Լեւոն Սարգսյանի հետեւյալ տողերը. «ԼՏՊ-ի եւ նրա հետեւողական-պարտվողական գաղափարախոսության պատասխանը տվել է 2017 թվականի ապրիլի 2-ը, իսկ այդ գաղափարախոսության բարոյական նվաստության պատասխանը՝ 2016 թվականի ապրիլի 2-ը»: Ես ոչինչ չունեմ ավելացնելու: Պարզապես ասեմ, որ նախընտրական եւ հետընտրական շրջանում Տեր-Պետրոսյանի` Ադրբեջանից ամեն գնով խաղաղություն ստանալու ուղղությամբ բոլոր մաքառումները դատապարտված են սերունդների մերժմանը:



Տեր-Պետրոսյանից խորապես ազդվածներին եւս մեկ հանգամանք մատնացույց անենք: ՀԱԿ-ՀԺԿ-ն, ահավասիկ, դիմել է ՍԴ` ԱԺ ընտրությունների արդյունքները վերանայելու եւ դրանք անվավեր ճանաչելու հայցով: Ես հիմա չեմ հասկանում` արժե՞ր նման քայլի դիմել, երբ արդեն հասել ես գլխավոր նպատակիդ, եւ Տեր-Պետրոսյանի «կենարար» գաղափարներն արմատներ են գցել հասարակության մեջ: Պարզվում է` ՀԱԿ-ՀԺԿ-ի համար այնքան էլ անկարեւոր չէ ԱԺ-ում լինել-չլինելը: Նրանք ազնվորեն պայքարել են տերպետրոսյանական լոզունգներով, եղել են բոլոր մարզերում, ամեն ինչ արել են ընտրվելու համար, բայց դուրս են մնացել քաղաքական պրոցեսներից ու հիմա ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությամբ ուզում են վիճարկել ընտրությունների օրինակարգությունը:



Անշուշտ, մոլորություն է նաեւ Տեր-Պետրոսյանի այն թեզը, թե իր հետ չհամաձայնողները պատերազմ են ուզում, կամ իր գաղափարների այլընտրանքը պատերազմն է: Չկա նման բան: Նայեք աշխարհում ինչ է կատարվում` գրեթե խաղաղ անկյուն չկա, բայց փորձեք մատնացույց անել մի պետություն, որ պատերազմում է մեկ այլ պետության դեմ: Չեք կարող: Բոլոր խնդիրները պետությունների ներսում են, բոլոր խնդիրներով կան բանակցային գործընթացներ, բայց պատերազմ` պետությունը պետության դեմ` չկա այսօր եւ, ամենայն հավանականությամբ, չի էլ կարող լինել: Եվ, ուրեմն, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, որից պետք է վախենանք: Եթե կա խնդիր, դա մեկն է` Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախությունը կամ չի ճանաչում: Մնացած ամեն ինչն ածանցյալ է դրանից` ջուր կտա՞նք, թե՞ չէ, ճանապարհ կտա՞նք, թե՞ չէ: Պետք է թողնել, որ Ադրբեջանը հանգիստ տառապի իր խնդիրներով: Ինչո՞ւ հույս տալ նրան, թե պատրաստ ենք հող զիջել: Ի վերջո, կան բանակցություններ, կան թղթեր, էլի կլինեն, բայց ո՞ւմ համար պարզ չէ, որ կարեւորը ոչ թե բանակցության սեղանի թուղթն է, այլ այն, թե ինչ կա բանակցողի մտքում:
Եվ ավարտեմ մի պարզ ճշմարտությամբ: Եթե ուզում ես, որ գաղափարներդ տարածում գտնեն հանրության մեջ, ապա պետք է նաեւ քարոզչության ազդեցիկ ամբիոններ եւ հարթակներ ունենաս: Գնալ-նստել Պետրոսի տաղավարում եւ վախենալու բաներ պատմել, հանրությանը բավարար չէ գաղափարներդ մնայուն դարձնելու համար: Դրսում 21-րդ դարն է, ո՞վ է հիմա մախաղն ուսը գցած շրջում գյուղից գյուղ, թե քարոզ եմ անում: Բայց, ինչ էլ լինի, հուսանք, որ 5 տարի անց, Աստված բոլորիս առողջություն տա, կհանդիպենք ընտրական գործընթացներում եւ դաշտը կբաժանենք ոչ թե հող տվող-չտվողների, այլ վարուցանքն այսպե՞ս, թե՞ այնպես անողների միջեւ:




Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ