Հայի աննկուն ոգին

Հայի աննկուն ոգին

Երեկ հայ ժողովուրդը եւ համայն մարդկությունը հիշում էին 1915-ի Ցեղասպանությունը, գլուխ խոնարհելով եւ սգալով անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Օրվա առնչությամբ սգո ուղերձով էին հանդես եկել եւ Սերժ Սարգսյանը, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինիս հայտարարությունն սկսվում էր այսպես․ «Այսօր մենք հիշում եւ ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկուկես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին եւ աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»: Բայց առավել ուշագրավ էր այն, որ ՀՀ եւ ԱՄՆ նախագահների ուղերձների միջեւ նաեւ նմանություն կար՝ երկու դեպքում էլ նախագահները հիշատակել էին ողբերգության հետեւանքները հաղթահարելու, վերապրելու, հառնելու հայ ժողովրդի կամքը։ «Այդ հրեշավոր ամսաթվից անցել է արդեն մեկ դարից ավելի: Մենք գիտենք, թե ինչերի միջով ենք անցել այս ընթացքում, եւ գիտենք, որ հաղթել ենք մահին․․․ Հայ ժողովրդի վերածնունդն իրականություն է, եւ այն իրականություն դարձավ վերապրող ժողովրդի զավակների շնորհիվ»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաեւ արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում եւ իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Պատմության յուրաքանչյուր դրվագ՝ ողբերգական թե հաղթական, ի վերջո, մնայուն է հենց դրանով՝ իր հետեւանքներով, ազգի կենսագրության մեջ թողած հետքով։