Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:



Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում: Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական համակարգի ներդրմանը, հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը և այլն: Ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված զեկուցվել է, որ այդ առնչությամբ կառավարությունը քննարկումներ է ունեցել ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և պատրաստ է վերջիններիս ու կառուցապատողների հետ համատեղ լուծում գտնել յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար:



Երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ էլ նշվել է, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը:



Վարչապետը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ կառուցապատողների առաջ քաշած հարցերի լուծումներ գտնելու նպատակով: