Այս իշխանությունն ինչքան շատ մնաց, այնքան շատ ենք կորցնելու

 Այս իշխանությունն ինչքան շատ մնաց, այնքան շատ ենք կորցնելու

Մայիսի 18-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին Ռուբեն Վարդանյանը եւ նրա համախոհները։ Ասուլիսում ներկայացվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հռչակագիրը, որով Արցախի ապագայով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անհատները համաձայնության են եկել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն ունենալու և նրա հիմնական դրույթները մշակելու շուրջ: Թիմն Արցախի ապագայի իր տեսլականն է ներկայացրել երկրի իշխանություններին:

Այսօր «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդ» - ը հաղորդեց, որ միանում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժմանը։ Այս թեմայով հրավիրված խորհրդակցությանը մասնակցել և ելույթներով հանդես են եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանը, «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Ա․Տեր Թադևոսյանի անվ․Քաղաքացիական Խորհուրդի» նախագահ Թաթուլ Մանասերյանը, «Արցախ հայրենակցական միության» հիմնադիր Ալեքսանդր Մանասյանը, «Արևահովիտ» կազմակերպության նախագահ Վանո Դադայանը, «Երիտասարդական համաժողովի» համակարգող Ռաշիդ Մարտիրոսյանը, «Կանայք հանուն հայրենիքի» կազմակերպության նախագահ Սիրանույշ Մարտիրոսյանը, «ՀԱՀ» կազմակերպության հիմնադիր և նախագահ Արթուր Արմինը, «Հայ ազգային Ճակատ» կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը, «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» տնօրեն Նաիրի Հոխիկյանը, «Նիկոլ Դուման» ջոկատի հրամանատար Ալբերտ Բազեյանը, «Շուշի» սոցիալ-կրթական փորձագիտական կենտրոնի նախագահ Աշոտ Հարությունյանը, «Պահեստազորի սպաների շարժում» հ/կ համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը, «ՎԱՍՆ» շարժման համակարգող Հրայր Գիշյանը։ 

Մենք զրուցել ենք ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ։ 

- Խնդրում եմ՝ մի փոքր պատմեք «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդի» գործունեության ու ծրագրերի մասին: Ի՞նչ եք անելու առաջիկայում, ի՞նչ պարբերականությամբ են ձեր հավաքները տեղի ունենում:

- Անկեղծ ասած, դեռ նոր եմ այդ խորհրդին սկսել անդամակցել, ուստի դեռ չեմ հասցրել հավաքներին մասնակցել: Խորհրդին որոշեցի անդամակցել, որովհետև այնտեղ խնդիր կա դրված ժողովրդի ու պետության համար առաջ քաշել լուծման տարբերակներ: Նախ պետք է կարողանանք ուժեղ և հզոր պետականություն ունենալ, պետք է կարողանանք նաև մեր բանակը հզորացնել: Վաղ թե ուշ ազատագրելու ենք Շուշին և բռնագրավված մյուս բոլոր տարածքները: Նման խնդիրներ լուծելու համար նախ պետք է կարողանանք լուծել մեր ներքին խնդիրները:

- Որո՞նք են այսօրվա ներքին խնդիրները:

- Հիմնական խնդիրն այս իշխանությունների հեռացումն է: Այս իշխանությունն ինչքան շատ մնաց, այնքան շատ ենք կորցնելու, որքան շուտ հեռացան սրանք, այնքան լավ:

- Այսինքն` «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհուրդը» իշխանափոխության խնդի՞ր է դրել:

- Իշխանափոխությունը որպես միջոց մեր պետության ու ժողովրդի համար դարձել է առաջնային խնդիր: Միայն այդ ձևով կարող ենք մեր առջև ծառացած խնդիրները լուծել:

- «Միասին» շարժումը հաջողություն չունեցավ, այդ պատճառո՞վ եք որոշել միանալ «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական Խորհրդին»:

- Ես տարբեր խորհուրդների եմ անդամակցում: Կան բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք ևս պետք է միանան մեզ, անհրաժեշտության դեպքում պետք է սահման գնանք ու հայրենիքը պաշտպանենք: Ասեմ, որ աջակցում եմ բոլոր այն ուժերին, որոնք իրենց առջև իշխանափոխության խնդիր են դրել:

- Այսինքն` Ձեզ համար Արցախի ու Հայաստանի խնդիրներն այսօր հավասարապես կարևոր են:

- Իհարկե, ես չեմ տարբերում Արցախն ու Հայաստանն իրարից: Պետք է կարողանանք այնպես անել, որ միասնական պայքար մղենք: Պետք է բանակը հզորացնել նախ:

- Հետեւո՞ւմ եք զոհվածների ծնողների նկատմամբ իրականացվող քայլերին, մեղադրանքներին՝ հերոսի մայրն անազատության մեջ է, նրան մեղադրում են վարչապետի որդուն առևանգելու մեջ: 

- Անբարոյականություն է զոհվածի մորն ազատազրկելը: Մարդկային քայլ չէ և մենք անպայման հանդես կգանք ի պաշտպանություն այդ տիկնոջ: Առհասարակ խիստ անընդունելի է զոհվածի ծնողի հետ նման կերպ վարվելը, անկախ նրանից, թե որ ծնողի մասին է խոսքը: Ես չեմ հավատում, որ Աշոտ Փաշինյանին փորձել են առևանգել: Իմ կարծիքով` դա խաղ է: Ոչ մի առևանգում էլ չի եղել, Աշոտ Փաշինյանի պահվածքից չի երևում, որ իրեն փորձել են առևանգել: