Կարեւորը կատարած աշխատանքն է, ոչ թե պատվո կոչումը

Կարեւորը կատարած աշխատանքն է, ոչ թե պատվո կոչումը

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է պատվո կոչումները վերացնել։ Իշխանության հիմնավորումը պարզ է․ ըստ էության, հնարավոր չէ չափել, օրինակ, թե որ նկարիչն է ավելի վաստակավոր, կամ որ պոետն է ավելի ժողովրդական։ Պատվո կոչումների լինել-չլինելու հարցը վաղուցվանից է քննարկման առարկա, ժամանակ առ ժամանակ գալիս է ասպարեզ՝ ըստ իրավիճակի։ Նույնիսկ նախկին իշխանությունների օրոք, երբ Սերժ Սարգսյանը պատվավոր կոչում շնորհեց ռաբիս երգիչ Արմենչիկին, այդ կոչումների լինել-չլինելու հարցը նորից արծարծվեց եւ հանրային, նույնիսկ քաղաքական դիսկուրսում թեժ բանավեճերի առիթ դարձավ։

Իշխանությունները պատվո կոչում ունեցողներին հանգստացնում են, որ նրանք, ովքեր արդեն արժանացել են նման կոչման, կշարունակեն պահպանել իրենց կոչումներն ու դրանցից բխող իրավունքները, թեեւ իրականում այդ իրավունքները չնչին են։ 

Զորօրինակ՝ ինչպես դասականն էր ասել, երբ նրան ժողովրդական արտիստի կոչում էին տվել, «տղայիս եմ ամուսնացնելու, ուզում եմ իմանալ՝ կոչումով կարո՞ղ եմ նրա սենյակը վերանորոգել»։ Պատվո կոչումներն այլ բան չեն, քան խորհրդային ժամանակաշրջանի մնացուկ։ Խորհրդային իրականությունում դրանք գուցեեւ պետք էին իշխանությանը՝ այսպես ասած, «նոմենկլատուրային մտավորականություն» ունենալու համար, եւ դա ընկալելի էր, նույնիսկ խորհրդային հասարակարգի տոտալիտար բնույթը հաշվի առնելիս։ 2003-ից այդ կոչումները «վերակենդանացվեցին» երրորդ հանրապետության իշխանությունների կողմից՝ նույն նպատակի համար՝ ունենալ իշխանությանը կից գործիչների խավ, որոնք կլինեին լոյալ իշխանության հանդեպ, չէին բարձրացնի իրենց ձայնը որեւէ խնդրի առնչությամբ եւ կնախընտրեին կոչում ստանալ, որոշ արտոնություններ վայելել ու հանգիստ ապրել, առանց «անցավ գլուխը ցավեցնելու»։

Իշխանություններին դա հաջողվեց, կարելի է ասել, եւ ժամանակի ընթացքում ձեւավորվեց մերօրյա «նոմենկլատուրային մտավորականությունը», որը տարիներ շարունակ ծառայեց իշխանություններին, դարձավ ժամանակի էլիտան, իսկ 18 թվականի քաղաքական փոփոխություններից հետո այս շերտը հայտնվեց «իշխանազրկված արիստոկրատիայի» ճամբարում՝ տեղը զիջելով իշխանություններին ծառայող մտավորականների նոր խմբին։ Թեեւ հներից ոմանք էլ կարողացան ճամբարափոխ լինել։

Ներկա իշխանությունը հիմա որոշել է պատվո կոչումները վերացնել, իսկ իրեն ծառայող մտավորականներին պաշտոններ ու կարգավիճակ տալ՝ նրանք տեղ են զբաղեցնում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովներում, ռեկտոր ու պրոռեկտոր, փոխնախարար ու պատգամավոր են նշանակվում, նրանց համերգներն ու հոբելյաններն են կազմակերպվում։ Իսկ պատվո կոչումներն արդեն կարելի է վերացնել։

Օրինակ՝ Ղեւոնդ Ալիշանը, Միքայել Չամչյանը, Ներսես Ակինյանը, Մկրտիչ Ավգերյանը եւ շատ այլ լուսավոր գլուխներ չեն ունեցել ո՛չ ժողովրդականի, ո՛չ վաստակավորի կոչում, սակայն նրանց անունները ոսկյա տառերով են արձանագրվել հայոց պատմության էջերում։ Դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ում Մայքլ Ջեքսոնին կամ Ուիթնի Հյուսթոնին շնորհեին ժողովրդական արտիստի կոչում։ Ցանկացած իրական մտավորական կվիրավորվեր, եթե օրվա իշխանությունը փորձեր իրեն նման կերպ «առնել»։ Կարեւորը իրապես ժողովրդի գնահատականն է եւ իր ունեցած լսարանն ու պահանջվածությունը։