Տեղաշարժեր եղել են փետրվար-ապրիլ ամիսներին․ ՊՆ-ի պատասխանը՝ Դավիթ Շահնազարյանին

Տեղաշարժեր եղել են փետրվար-ապրիլ ամիսներին․ ՊՆ-ի պատասխանը՝ Դավիթ Շահնազարյանին

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցն ամենաշատն արծարծեց նախկին իշխանական կուսակցությունը՝ ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ի ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված, Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանն այնքան մեղադրանքներ հնչեցրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հասցեին Արցախի հարցում զիջումների գնալու համար, որ նրան հրավիրեցին Ազգային անվտանգության ծառայություն։ Շահնազարյանն, իհարկե, չգնաց ԱԱԾ, այլ շարունակեց նույն մեղադրանքները հնչեցնել Փաշինյանի հասցեին՝ ցույց տալով լուսանկարներ, որոնցում պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցիները դիրքային առավելություններ ձեռք բերել մեր համեմատ։ 

Վերջերս հարցում էինք հղել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու, թե որքանով են արժանահավատ  Դավիթ Շահնազարյանի պնդումներն առ այն, որ այս տարվա  թավշյա հեղափոխությունից հետո ադրբեջանցիները մեր համեմատ հասել են դիրքային առավելությունների Նախիջեւանի հատվածում։

Մեր առաջին հարցը հետեւյալն էր․ «Ս ․ թ․ դեկտեմբերի 4-ին ՀՀԿ  ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, Ազգային անվտանգության  պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր․ «Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջեւանում տեղակայված զինված ուժերն  իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են  մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հա-ն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։  Ի՞նչ է տեղի  ունեցել  Դուշանբեի հանդիպումից հետո ․ այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են արդեն ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի  այդ դիրքերի կենսունակությունը։  Ահա թե ինչի համար էին  պետք  Դուշանբեի , այսպես կոչված, պայմանավորվածությունները։  Այնտեղ արդեն կառուցվել են ճանապարհներ, տեխնիկա է աշխատել, չեմ խոսում այն մասին, որ գնդակոծվել են  թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղերին պատկանող  տարածքները։  Առաջ այդպիսի բաներ չկային, չեն եղել»։  Սրանից զատ՝ նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում, շփման գծից 1300-1700 մետր հեռավորության  վրա, իրարից մինչեւ  5 կմ հեռու, Ադրբեջանը կառուցում է  բլուրներ,   բլուրների բարձրությունն էլ 11-15 մետր է։  Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պաշտպանության նախարարությունը  Նախիջեւանին հարակից  տարածքների եւ  ադրբեջանա-արցախյան շփման գծում ապրող բնակչության անվտանգությունն ապահովելու համար (սահմանամերձ բնակավայրերից կան ահազանգեր)։

ՊՆ-ից արձագանքել են, որ՝ «2018թ․ փետրվար-ապրիլ ամիսներին Նախիջեւանի Հանրապետության հետ Հայաստանի ունեցած սահմանային դիրքերի հատվածում տեղի են ունեցել որոշակի մարտավարական տեղաշարժեր, որոնք կրել են երկկողմանի բնույթ, ընդ որում՝ սահմանափակված են եղել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության ադմինիստրատիվ սահմաններով (նշվածը հրապարակման ենթակա չէ)։ Տեղաշարժերի հետեւանքով հայկական կողմը պահպանել է ռազմավարական նախաձեռնության առավելությունը։ Նախիջեւանում եւ արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից մշտապես իրականացվում են ամրաշինական եւ ինժեներական աշխատանքներ, որոնց հայկական կողմն արձագանքում է համարժեք գործողություններով։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված գնդակոծություններին, ապա պետք է արձանագրել, որ Նախիջեւանի հատվածում դրանք քիչ հավանական են, քանի որ հայկական ուժերն ունեն աշխարհագրական եւ մարտավարական գերակայություն, ու նման փորձերն արագորեն լռեցվում են։ ՀՀ ՊՆ-ն իր գերատեսչական լիազորությունների շրջանակներում իրականացնում է ՀՀ սահմանամերձ բնակչության անվտանգության ապահովման գործառույթը՝ արտահայտված անհրաժեշտ ռազմական բնույթի միջոցառումներով»։ 

Հարցին, թե հայ-ադրբեջանական  սահմանում խախտված բալանսի մասին  իրազեկվա՞ծ են , արդյոք,  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՊՆ-ից արձագանքել են․ «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ համանախագահների իրազեկվածությանը, ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ ՊՆ-ն, հրադադարի ռեժիմի խախտման, շփման գծում ռազմական իրավիճակի վերաբերյալ մշտապես երկխոսություն է ծավալում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական եւ ռազմական ներկայացուցիչների հետ, թե՛ ՀՀ-ում, թե՛ միջազգային ատյաններում»։