Ժողովուրդ, մի խրախուսեք դավաճանությունը

Ժողովուրդ, մի խրախուսեք դավաճանությունը

Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է, գործադիրից եւ օրենսդիրից հրաժարականների դիմումներ են գրվում, ավելին՝ մարդիկ, որոնք երկուսուկես տարի պաշտպանել ու աջակցել են Փաշինյանին, խրախուսել նրա յուրաքանչյուր սխալն ու ողջունել յուրաքանչյուր անհեթեթ հայտարարությունը, արդարացրել ամեն մի քայլը, հանկարծ դարձել են ընդդիմադիր եւ վարչապետի հրաժարականն են պահանջում։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, ուղղակի չէինք պատկերացնում, որ այսքան շուտ կլինի դա։

Արցախյան դեպքերից ու այս քաոսից դժգոհ ժողովուրդն աչքի առաջ փոխվում է, դառնում է ըմբոստ ու Փաշինյանի հրաժարականի պահանջն է առաջ մղում։ Բայց եթե շարքային մարդկանց այս մղումն ազնիվ է ու ողջունելի՝ ընտրողը կարող է սխալվել եւ կարող է իր սխալն ինչ-որ պահի ուղղել, ապա բացարձակապես ողջունելի չէ այն մտավորականների, հասարակական ու քաղաքական գործիչների պահվածքը, որոնք երկուսուկես տարի եղել են Նիկոլ Փաշինյանի հենարանը, խրախուսել ու խթանել են նրա պահվածքը, ողջունել բոլոր պառակտողական ու թշնամական հայտարարությունները՝ ուղղված տարբեր խավերին ու ընդդիմությանը, աջակցել նրա բոլոր վտանգավոր նախաձեռնությունները, իսկ հիմա մի գիշերվա մեջ հանկարծ պապից ավելի կաթոլիկ են դարձել եւ քննադատում են նրան։ Այս դավադիրների, անողնաշարների, կերակրատաշտից օգտվելու համար քծնողների բանակը պետք է հասարակության կողմից մերժվի։ Ոչ մեկին չի կարելի թույլ տալ, որ մի երկու հայտարարությամբ ու դիմումով մաքրվեն ու տարանջատվեն իշխանություններից։ Ժամանակին եթե մեր հասարակությունը մերժեր Շիրակ Թորոսյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հունան Պողոսյանի եւ մյուսների պահվածքը, այսօր մենք դավաճանների այսպիսի շարասյուն չէինք ունենա։

Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այս երկուսուկես տարվա գործընթացներին՝ իրենց լռությամբ կամ ակտիվ աջակցությամբ, պետք է լքեն հանրային ամբիոնը։ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է հեռանան Ստյոպա Սաֆարյանը, Դանիել Իոաննիսյանը, Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանը եւ ուրիշներ։ Քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն Արամ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՔՈ-ի տղերքը, առհասարակ՝ բոլոր նրանք, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են Նիկոլ Փաշինյանին։

Դավաճաններին չի կարելի խրախուսել։ Չի կարելի հիանալ այսօր «Իմ քայլը» լքողների «հերոսությամբ»՝ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը, Լուսինե Բադալյանը հերոսներ չեն։ Ոչ էլ այսօր դիմում գրող պաշտոնյաներն են հերոսական արարք կատարում։ Նրանց պահվածքով կարելի էր հիանալ, եթե դա անեին 2 տարի առաջ, 1 տարի առաջ, կես տարի առաջ․․․ գոնե մեկ ամիս առաջ, երբ իրավիճակն այնքան օրհասական չէր։ Խորտակվող նավը լքողներին չի կարելի հերոսացնել։ Նիկոլ Փաշինյանի սխալների պատասխանատվությունը պետք է կրեն նրա բոլոր թիմակիցները եւ բոլոր նրանք, ովքեր աջակցել ու հասունացրել են այս օրը։