Փոխխոսնակն ու կոճակները

Փոխխոսնակն ու կոճակները

Այն, որ ՀՀ Ազգային ժողովը վերջնականապես կորցրել է համարժեքությունն իրականության հետ, ակնհայտ դարձավ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած «միջոցառմամբ», որն առայժմ որոշակի անվանում չունի։ Ազգային ժողովի պաշտոնական կայքում նախ հայտարարված էր արտահերթ նիստի մասին, ապա երբ դրան հրաժարվեցին մասնակցել խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները, տեղի ունենալիքը նույն կայքում վերաձեւակերպվեց որպես ՀՀ վարչապետի հանդիպում պատգամավորների հետ։ Մամուլում  արդեն իսկ նկատված եւ արձանագրված է, որ այդ հանդիպումը չպիտի տեղի ունենար ԱԺ նիստերի դահլիճում, որովհետեւ այստեղ տեղի են ունենում միայն ԱԺ արտահերթ եւ հերթական նիստերը։

Բայց այս վրիպումը համարենք նիստերի դահլիճի իրենց անհատական նստատեղերին խորհդարանականների անմարելի կարոտի արտահայտություն  եւ չծանրանանք այդ տեխնիկական հանգամանքի վրա։  Չծանրանանք, հատկապես որ առավե՛լ ուշագրավ բաներ տեղի ունեցան միջոցառման հատկապես նախապատրաստական փուլում։ Նախ՝ ԱԺ ԻՄքայլական ղեկավարության կողմից ամեն ինչ արվեց, որ քվորում ապահովվի։ Եվ սա զավեշտներից առաջինն էր։ Վարչապետի հետ հանդիպման ձեւաչափն արդյո՞ք ենթադրում էր քվորումի առկայություն, այդ հանդիպումը քվեարկության ի՞նչ խնդիր ուներ, որ մի բան էլ քվորումի կարիք կար։ Վարչապետը պարտավորված կլիներ հանդիպել պատգամավորների հետ, եթե նույնիսկ նրանք երեք հոգի լինեին։

Սակայն սա էլ չէր հանդիպման ամենահետաքրքիր հատվածը։ Հետաքրքիրն սկսվում է այն պահից, երբ հանուն պետք չեկող քվորումի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ձեռքերով (դրանք մեկ անգամ չէ, որ «դավաճանում» են այս տիկնոջը) հորդորում էր իր քայլակիցներին՝ հերթագրվելիս սեղմել նաեւ․․․ հարեւանների կոճակները։  Հարեւանի կոճակ սեղմելը որքան էլ  քրեորեն դատապարտելի արարք չէ, բայց չի նշանակում, թե այն դատապարտելի չէ նաեւ բարոյական տեսանկյունից։ Ժողովրդավարության եւ բազում այլ եվրոպական արժեքների ջատագով ու նվիրյալ մեր օրենսդիրները, որ իշխանության գալիս երդում էին ուտում դրանց անունից եւ իրենց էլ ներկայացնում որպես մի-մի ազնվության տիպար, քայլող «ժողովրդավարություններ», ինչպե՞ս էին իրենց թույլ տալիս ձեռք տալ գործընկերների կոճակներին՝ կեղծելով նրանց ներկայությունը։ Իսկ ներկայություն կեղծելով՝ հեշտ է նաեւ իրականություն կեղծել, իրողություններ կեղծել։ 
Որի ականատեսն էլ եղանք հաջորդիվ, երբ պատգամավորների հետ հանդիպեց վարչապետը։ 

Տխուր, անպատմելի տխուր հանդիպում, որի հուշը հետո դեռ տանջելու է ոչ միայն հանդիպմանը ներկա պատգամավորներին, այլեւ․․․ անմեղ կոճակներին, որ դարձան մանիպուլյացիայի մասնակից։
Ողբերգություն շնչող մեր իրականության մեջ մանիպուլացվում է արդեն ամեն ինչ՝ շնչավոր, թե անշունչ։