Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն

 Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն
Յուրի Նավոյան

Օգոստոսի 13-ին «Վ կոնտակտե» սոցիալական ցանցում «Վլադ Տուլեև» անվանումով անհայտ անձը իր էջում տեղադրել է իբրր թե «Վայբերում» ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի և հասարակական գործիչ Նարինե Դավթյանի ինչ-որ գրագրության սկրինշոթը:

Նշված գրագրությունը իրականությանը չի համապատասխանում և չէր կարող  տեղի ունենալ թեկուզ միայն այն պատճառով, որ Յուրի Նավոյանի հեռախոսը անգամ գրանցված չէ «Վայբերում», հետևաբար նա չի օգտվում կապի այս տեսակից: 

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը դատապարտում է կեղծարարության այս փաստը, որը նպատակ ունի զրպարտել հասարակական գործիչներին, նսեմացնել նրանց պատիվը, արժանապատվությունը և համբավը, ինչպես նաև բազմակողմանի հակադրություններ ստեղծել  հասարակական ու պետական կառույցների միջև, ինչը իր հերթին կարող է բացասական հետևանքների բերել հայ-ռուսական հարաբերություններում: 
Մենք ձեռնպահ ենք մնում մեկնաբանել արհեստականորեն ստեղծված պարզունակ գրագրության ոճն ու առանձին դրվագներ, որպեսզի չներքաշվենք այս սադրանքի սցենարում:

Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցերի օգտատերեր, տուրք տալով իրենց քաղաքական նախասիրություններին, շտապեցին իբրև «սենսացիա» տարածել այս զրպարտությունը:

Այս արհեստական սարքած նյութի կապակցությամբ ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը դիմել է ՌԴ Ներքին գործերի նախարարություն, խնդրելով քննել հանցագործության մասին իր հայտարարությունը` համաձայն ՌԴ քրեական դատավարության  օրենսգրքի համապատասխան հոդվածի և նշված հանցագործությունը կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

ԴԻԱԼՈԳ կազմակերպություն