Փաշինյանն Արցախում տապալվեց, բայց կեցցե Փաշինյանը

Հիրավի նախանձի են արժանի մեր այն քաղաքագետներն ու վերլուծաբանները, որոնք կարողանում են ամենապարզ իրողություններից այնպիսի բարդ բաներ բխեցնել, որ մարդու թվում է, թե իրեն շրջապատող իրականությունից կա նաեւ մի զուգահեռ իրականություն, որտեղ հասարակ մահկանացուները երբեք չեն կարող լինել:
Դիցուք՝ ոչ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված Նիկոլ Փաշինյանի ծրագրերը տապալվել են: Խոսքը Նիկոլ Փաշինյանի «Արայիկ Հարությունյան, յա թե չէ՝ Սամվել Բաբայան» պրոյեկտի մասին է, որ Փաշինյանը նախապես գործողության մեջ էր դրել հակառակ ծայրից՝ Սամվել Բաբայանի միջոցով Արցախի ներկա ղեկավարության վրա հոգեբանական գրոհներ կազմակերպելով (Արցախի մանդատը տանք Ռուսաստանին, պահանջենք Բակո Սահակյանի հրաժարականը, արտահերթ ընտրություններ անցկացնենք եւ այլն, եւ այլն): Իրավիճակն այսպես թեժացնելուց հետո, Փաշինյանը բավականին նրբորեն, բայցեւ բոլորի համար տեսանելի ձեւով գործողության մեջ դրեց պրոյեկտի երկրորդ, ես կասեի՝ գլխավոր բաժինը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պարզվեց, Նիկոլ Փաշինյանի ցանկալի թեկնածուն է՝ Արցախի նախագահի պաշտոնի համար պայքարում, որը, ի տարբերություն մյուս թեկնածուի՝ Սամվել Բաբայանի, հրաժարականներ ու արտահերթ ընտրություններ չի պահանջում:
Նիկոլ ջան, լավ ա, Նիկոլ ջան, հուպ տուր, նախկինների քոքը կտրի Արցախից՝ գրում էին մեր հեղափոխական քաղաքագետներն ու վերլուծաբանները: Իսկ երբ թանձրացան խոսակցություններն այն մասին, որ վարչապետ Փաշինյանը միջամտում է Արցախի ընտրություններին, որ Արցախում «Թավշյա հեղաշրջում 2» չի կարելի բեմադրել՝ հայկական երկրորդ պետության եւ հենց Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, Փաշինյանը, կարծես, ընկրկեց եւ Ստեփանակերտում իր ելույթի ժամանակ ստիպված էր հայտարարել, որ ՀՀ կառավարությունը կբավարարվի արցախյան ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների երաշխավորը լինելով: Փաշինյանական տրուբադուրներն այստեղ մի փոքր շփոթվեցին, բայց չնահանջեցին, այլ, տրվելով Փաշինյանի ստեփանակերտյան ելույթի հովվերգական զեղումներին, սկսեցին երգեր հյուսել «Արցախը Հայաստան է եւ վերջ» բղավոցների մասին:
Ավելորդ է, կարծում եմ ասելը, որ Փաշինյանի ընկրկումով «Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան» ծրագիրը տապալվեց, եւ պրոյեկտում ներառված այդ գործիչները ստիպված եղան «բանակցել» Արցախում, Նիկոլի ասած՝ ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունների տեսլականի շուրջ: Բաբայանն այլեւս Բակո Սահակյանի հրաժարականը չի պահանջում, արտահերթ ընտրություններ չի ուզում եւ, որ ամենակարեւորն է, մոռացել է Արցախի մանդատն ուրիշին հանձնելու մասին: Այստեղ էլ մի հատ տուշ Նիկոլի պատվին, որովհետեւ, ըստ Արայիկ Հարությունյանի, Արցախում ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները հնարավոր են դարձել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների եւ Ստեփանակերտում Փաշինյանի պատվին կազմակերպված «Եռամիասնության հավաքի» շնորհիվ:
Այս իրավիճակում էինք, որ ՌԴ ԱԽՔ Պատրուշեւը ժամանեց Հայաստան: Պատրուշեւ-Փաշինյան հանդիպման մասին Մոսկվայի եւ Երեւանի պաշտոնական հաղորդագրությունները նկատելիորեն տարբերվեցին միմյանցից: Մեր ռազմավարական դաշնակիցները մոռացել էին նշել, որ խոսակցություն է եղել նաեւ արցախյան խնդրի կարգավորման գործընթացի շուրջ, իսկ հայկական կողմը, ընդհակառակը, ընդգծել էր հանդիպման այդ մասը հատկապես: Կարելի էր մտածել՝ շարադրանքի հարց է, եթե չլինեին փաշինյանական քաղաքագետների եզրահանգումները, թե Պատրուշեւը Փաշինյանին հասկացրել է, որ չփորձի Արցախում իշխանության բերել սեփական թեկնածուին: Եվ այս մթին պատմության միջից մեկ էլ ԱՀ նախագահական ընտրություններին իր ակտիվ մասնակցության մասին է հայտնում Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, որ, բնականաբար, կապ չունի ո՛չ Նիկոլ Փաշինյանի եւ ո՛չ էլ «Իմ քայլի» հետ: Ցնցված էին բոլորը՝ բացառությամբ Փաշինյանի վերլուծաբաններից, որոնք արդեն հասցրել են գրել. «Արցախի ԱԳ նախարարի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի առաջին ներքաղաքական արձագանքներից մեկն է, սակայն ոչ միակը։ Հայաստանի վարչապետի պատմական ելույթը, կարելի է ասել, արմատապես փոխեց Արցախի ներքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ընթացքը»:
Բա չասե՞ս՝ հոպ, արա, այ ապուշ, բա նոր ասում էիր՝ Պատրուշեւն ա Նիկոլի ականջին բան ասել: Այդ ի՞նչ պատահեց հանկարծ, որ հիմա էլ Փաշինյանի պատմական ելույթը պատճառ դարձավ, որ Մասիս Մայիլյանը հայտարարի իր հնարավոր առաջադրման մասին:
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կրած խայտառակ պարտությունը զգուշավոր է դարձրել Փաշինյանին եւ նրա համակիր լրատվամիջոցներին: Հաջորդ նման պարտությունը, այս անգամ Արցախում, կարող է բախտորոշ լինել Փաշինյանի համար, եթե հաշվի առնենք, որ սա նաեւ համահայկական ընդգրկում ունեցող հարց է: Եվ ահա թե ինչ է գրում փաշինյանական մամուլը՝ ջանալով ցույց տալ, որ Մայիլյանի հնարավոր առաջադրման հարցում դերակատար է եղել… բռնվեք, որ չընկնեք… Նիկոլ Փաշինյանի շրջապատը. «Մինչեւ վերջերս համարվում էր, որ Երեւանի համար ընդունելի է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համենայնդեպս՝ վերջինս Արցախի էլիտայի այն գործիչներից մեկն է, որը հրապարակավ պաշտպանել է Հայաստանի նոր իշխանության բոլոր քայլերը։
Սակայն Նիկոլ Փաշինյանի շրջապատում, ըստ ամենայնի, մերժվել է ուղղակի միջամտության սցենարը ու դիտարկվել է քաղաքական մրցակցությունը խթանելու մարտավարությունը։ Հենց այդ համատեքստում էլ ծնվեց Մասիս Մայիլյանի հայտը»: Փառահեղ է: Հա, մեկ էլ չեն մոռացել հիշեցնել, որ 2017թ. ընտրություններում Մայիս Մայիլյանը Բակո Սահակյանի մրցակիցն էր՝ «այլ խոսքով՝ մեկը, որն ուղղակիորեն իրեն դուրս է դրել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գծած խաղի սցենարից»։ Տղերք, ձեր քաղաքական անգրագիտությունն ուղղակի սպանում է: Փաստորեն, ըստ ձեզ, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի իրավահաջորդ Բակո Սահակյանը ԱՀ ԱԳ նախարար է նշանակել այդ նույն զույգի հակառակորդի՞ն:
ՀԳ. Մասիս Մայիլյանի հնարավոր առաջադրման մասին կասկածները, պարզվում է, փաշինյանական քաղաքագետներին սկսել են տանջել այն պահից, երբ ԱՀ ԱԳ նախարարին տեսել են Փաշինյանի հետ նույն հարթակին՝ Ստեփանակերտում: Եթե մի պահ ընդունենք, որ Փաշինյանն արդեն այն քաղաքական գործիչն է, որ նման ժեստերով է «ներկայացնում» իր ընտրյալին, ապա միանգամայն անբացատրելի է մնում Արցախի ԱԺ նախագահի ներկայությունը հարթակին, որ նույնպես կարող է առաջադրվել այս ընտրություններում: Մի խոսքով՝ փաշինյանական քաղաքագետները խառն են: Նրանք մի օր էլ հոդված կգրեն այն մասին, թե ինչու էր Ստեփանակերտում հարթակ բարձրացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Կարծիքներ