Մարդկանց բերեցին հարկային դաշտ ու խաբեցին․ միկրոբիզնեսի եկամտահարկը քառակի կաճի

Մարդկանց բերեցին հարկային դաշտ ու խաբեցին․ միկրոբիզնեսի եկամտահարկը քառակի կաճի

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, գործարար Սամսոն Գրիգորյանը երեկ հանրության ուշադրությունը հրավիրեց միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուների եկամտահարկի արտոնությունը վերացնող օրենքի վրա։ Այն ուժի մեջ է մտնելու հուլիսից։

«Հուլիսի 1-ից միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուներն արդեն 5 հազար դրամի փոխարեն 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։ Միկրոբիզնեսի հարկման՝ այսքան խինդ ու հրճվանքով, պոպուլիզմով ներդրված դաշտը դարձավ հերթական պայթած փուչիկը։ Իշխանությունները սա բացատրում են ստվերի աճով։ Սակայն ոչինչ չի խոսվում այդ ստվերի դեմ պայքարի համար պետբյուջեից անխնա ֆինանսավորվող կառույցների ամլության մասին։ Ստացվում է, մշտապես ոչ կոմպետենտ պատկան մարմինների փոխարեն նորից պատասխան են տալու ՀՀ քաղաքացին եւ տնտեսվարողը»,- նշել է Սամսոն Գրիգորյանը սոցցանցի իր էջում։
Հայտնի է, որ միկրոձեռնարկատերերը տարեկան մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են, որոնք ներկայում ունեն մի շարք արտոնություններ։ Ազատված են ԱԱՀ-ից, շահութահարկից, շրջանառության հարկ վճարելուց։ Միկրոձեռնարկատերն այսօրվա դրությամբ իր վարձու աշխատողի համար որպես հարկ վճարում է ամսական 5 հազար դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, մինչդեռ միկրոձեռնարկատիրության ոլորտից դուրս գործող գործատուներն իրենց աշխատողների համար վճարում են եկամտահարկ՝ սահմանված աշխատավարձի 21 տոկոսի չափով։ Սա արվել է այն նպատակով, որ մարդիկ շահագրգռված լինեն փոքր բիզնես ունենալու հարցում, պետությունը շահագրգռել է մարդկանց, որ գործ դնեն՝ ցածր հարկեր վճարելով։

Սամսոն Գրիգորյանն օրինակ է բերում։ «Օրինակ, դուք ունեք փախլավայի ցեխ, չորս հոգով աշխատեցնում եք, տարին 24 մլն շրջանառությունը չեք անցնում։ Դուք եք ու երեք հոգի, ու դուք այդ երեք հոգուց ամեն մեկի համար 5 հազար դրամ եկամտահարկ եք վճարում՝ գումարած սոցվճարներ եւ այլն։ Հիմա արդեն մինիմում աշխատավարձը պետք է լինի 104 հազար, որ հարկերը հանած՝ 74-75 հազար կանգնի, դրա համար 104 հազարի 20 տոկոսն եք վճարելու, մոտ 20 հազար 400 դրամ»։ Նա մի այլ վտանգավոր փոփոխություն էլ է նշում․ «Օրինակ, դուք այն ժամանակ ձեր փախլավայի ցեխով խոշոր սուպերմարկետին փախլավա էիք տալիս։ Նա ձեր փախլավան վերցնում էր, ձեր տված հաշիվ-ապրանքագիրը վերցնում էր, իր ծախսերից նվազեցնում էր եւ ձեր փախլավան վաճառում էր։ Հիմա արդեն ձեզնից չի վերցնի, որովհետեւ ձեր տված հաշիվ-ապրանքագիրն իր համար արդեն ոչ մի բան է դառնում։ Էլ իրեն ձեռք չի տա ձեր ապրանքը վաճառել, որովհետեւ նա այդ ծախսը չի կարողանա հաշվեգրի իր շահութահարկից, որովհետեւ հիմա նա քո փոխարեն էլ ստիպված կլինի վճարել։ Կամ՝ դուք տուրիստական միկրոբիզնես եք գրանցել, խոշոր տուրիստական ընկերությունը ձեզ հետ պայմանագիր էր կնքում ու վճարում էր ձեզ ամիսը 100 հազար եւ իր շահութահարկից դա հանում էր, որ չհարկվի դրա համար։ Հիմա արդեն չի կարող դա անել եւ ձեզ էլ չի վարձի։ Այսինքն՝ ոչ միայն եկամուտն է վերացվում, այլեւ՝ եկամտի աղբյուրը»։

Հայաստանում գործում է մոտ 40 հազար միկրոձեռնարկություն։ Դրանց վերաբերյալ օրենքի փոփոխության շուրջ գործարարների կարծիքները չեն հարցրել։ Այն ընդամենը «կախել» են E-draft էլեկտրոնային հարթակում, որտեղ, ի դեպ, 3 կողմ եւ 79 դեմ է հավաքել այս փոփոխության նախագիծը։

Միկրոձեռնարկատիրության հարկման ներկայիս համակարգը 2018 թվականին մտցրեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Այն ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը, նիկոլական պատգամավորներն էյֆորիայի մեջ գովազդում էին միկրոբիզնեսի եկամտահարկը 23 կամ 28 տոկոսի փոխարեն 5 հազար դրամ դարձնելու կառավարության ժողովրդահաճո գաղափարը։ Սա մատուցվում էր որպես բիզնեսը ստվերից հանելուն ուղղված քայլ, փոքր ձեռնարկատերերին խրախուսելու միջոց։ «Այսօր ակնհայտ է արդեն, որ սա պոպուլիստական քայլ էր, որի ժամանակը սպառվել է։ Բոլոր ինքնազբաղվածներին ասացին՝ եկեք մեր դաշտ, ձեր երկու կոպեկը մեզ պետք չէ։ Փաստորեն, մարդկանց բերեցին հարկային դաշտ ու խաբեցին»,- ասում է Սամսոն Գրիգորյանը։

Ակնհայտ է, որ միկրոբիզնեսը կգտնի նոր հարկային միջավայրին հարմարվելու ձեւերը, օրինակ՝ մարդիկ կսկսեն կես դրույքով աշխատողներ գրանցել կամ աշխատողներին առհասարակ չգրանցել, ինչը վերահսկելը շատ բարդ է լինելու։ Միկրոբիզնեսը կրկին մտնելու է ստվեր՝ ստվերային եկամուտներ ապահովելով նաեւ հարկայինի աշխատողների համար։