Էդգար Ղազարյանին բռնության ենթարկած անձանց ազատել են, Աշոտյանին՝ կալանավորել

Էդգար Ղազարյանին բռնության ենթարկած անձանց ազատել են, Աշոտյանին՝ կալանավորել

Երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն կիրառած անձանց հայտնաբերել են, նրանց մեղադրանք են առաջադրել, բայց ստորագրությամբ բաց են թողել։ Այնուհետեւ քննիչը ծանուցել է, որ ներկայանան վարույթն իրականացնող մարմին, վերջիններս չեն ներկայացել, իսկ հիմա հետախուզվում են։ Զարմանալին այն է, որ քաղաքական գործիչների եւ «նախկինների» գործերով հայտարարությունները տարածելիս քննչականը միշտ բացահայտ գրում է անուն-ազգանունները կամ այնպես է գրում անվան սկզբնատառերը, որ հնարավոր լինի նույնականացնել մեղադրյալներին, իսկ Էդգար Ղազարյանին բռնության ենթարկած 3 անձանց պարագայում միայն տարիքներն է գրել ու բնակության վայրը՝ «Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ»։

Մեզ հետ զրույցում անդրադառնալով քննչականի տարածած հայտարարությանը՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «Նախ ասեմ, որ այդ վարույթի ողջ ընթացքում ես ներկայացրել եմ 20 միջնորդություն մինչեւ երեկ, որոնցից եւ որեւէ մեկը չի բավարարվել։ Այսինքն՝ բոլորը քննիչը մերժել է, դիմել եմ դատախազություն, դատախազը մերժել է եւ այլն։ Իրենք այդ հայտարարությունը հրապարակել են այսօր, երբ երեկ ես ներկայացրել եմ 21-րդ միջնորդությունը, որպեսզի հարցաքննության կանչեն ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որովհետեւ ես վստահ եմ, որ կատարված հանցագործությունն ունի 2 բաղադրիչ՝ իրագործողներ եւ պատվիրատուներ։ Իրենց հաղորդագրությունից երեւում են որոշակի կցկտուր տեղեկություններ իրագործողների վերաբերյալ, բայց թե ովքեր են հանցագործության պատվիրատուները, Քննչական կոմիտեն ընդհանրապես դրան չի անդրադառնում, որովհետեւ ես իմ ցուցմունքներում իրենց ասել եմ եւ հիմա էլ այդ կարծիքին եմ, որ ես չունեմ եւ չեմ ունեցել անձնական, կենցաղային, ընտանեկան, նյութական, ֆինանսական որեւէ խնդիր, որը կարող էր հանգեցնել նման վերաբերմունքի, որ որեւէ մեկը իմ նկատմամբ նման հաշվեհարդար տեսներ։ Այսինքն՝ ակնհայտ է, որ իմ նկատմամբ բռնությունը գործադրվել է քաղաքական շարժառիթներով, եւ եթե արել են ինձ հետ կապ չունեցող մարդիկ, ապա ակնհայտ է, որ նրանք դա սեփական նախաձեռնությամբ չեն արել, եղել են պատվիրատուներ, եւ հիմա նրանց չձերբակալելը, ազատության մեջ թողնելը․․․։ Մի հետաքրքիր բան էլ կա․ եթե նկատել եք, Քննչական կոմիտեն իր բոլոր հայտարարություններում գոնե անվան առաջին տառերը պարտադիր նշում է, այս հաղորդագրության մեջ անվանատառեր չկան, միայն Առինջ գյուղն է նշված, մեկ էլ նրանց տարիքները։ Եթե մարդու բնակության վայրը, տարիքը ճշտել են, նշանակում է, որ գիտեն, թե այդ մարդիկ ովքեր են, բայց նույնիսկ անվանատառերը չեն նշել։ Կամ, ասենք, մեքենայի մակնիշը նշել են՝ «Օփել», բայց համարանիշը չեն հրապարակում։ Հարց է առաջանում․ եթե իրենք հիմա որոնում են այդ մարդկանց, ապա այդ հաղորդագրության իմաստն ի՞նչը պիտի լինի․ այն, որ մյուս քաղաքացիները եթե այդ մարդկանց ճանաչում են կամ այդ մեքենան փողոցում տեսնեն, շտապ իրավապահներին տեղեկություն տան, որպեսզի կարողանան դրանց գտնել։ Ծանր հանցագործություն կատարածին քննիչը նույնականացնում է, բայց որոշում է կայացնում ոչ թե ձերբակալելու մասին, այլ առանց էդ մարդուն տեսնելու չհեռանալու որոշում են կայացնում, նրան ծանուցում են, ասում են՝ ներկայացեք իրավապահ մարմիններին, նրանք էլ չեն ներկայանում, նոր հիմա հետախուզում են հայտարարել։ Էդ ո՞նց է․ Արմեն Աշոտյանի վտանգավորությունն էնքան մեծ է, որ նրան միանգամից ձերբակալել, տարել, կալանավորել եք, այսինքն, Աշոտյանի՝ ազատության մեջ մնալը հիմա մեծ վտա՞նգ է ներկայացնում հանրության համար։ Բայց դրանց ազատության մեջ մնալը, ախր, ակնհայտ է, դրանք կարող են ե՛ւ իմ նկատմամբ, ե՛ւ ցանկացածի նկատմամբ էլի հանցագործություն կատարել, այս անգամ էլ գնան, տան-մեկին սպանեն»։

Ղազարյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչու է միջնորդել, որ Վահագն Ալեքսանյանը հարցաքննվի։ «Ես միջնորդել եմ, որ հարցաքննեն որպես հանցագործության ենթադրյալ պատվիրատուի՝ հիմք ընդունելով Ազգային ժողովում վերջին օրերին նրա կատարած հայտարարությունը, որ «ընդդիմադիրներին այսօր չենք ծեծի, երբ պետք լինի, այն ժամանակ կծեծենք»։ Այսինքն՝ ինքը դրանով հայտնում է, որ իրենք ընդդիմախոսների նկատմամբ բռնություն գործադրելու առնվազն մտադրություն ունեն, իսկ Վահագն Ալեքսանյանը, բացի այն, որ պատգամավոր է, նաեւ ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալն է, իսկ վարչության նախագահը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ես գործի առաջին իսկ օրվանից հայտնել եմ, որ պատվիրատուի թիվ մեկ կասկածյալն ինձ համար Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Ղազարյանը։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ։ Դիտարկմանը, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք, փաստորեն, անհետացել են, քանի որ նրանց նկատմամբ չբացակայելու ստորագրություն էր ընտրվել, իսկ Արմեն Աշոտյանը կալանավորված է, Մամիջանյանն արձագանքեց․ «Սա խոսում է հստակ 2 բանի մասին․ 1-ին՝ Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ՝ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Հարություն Մանուչարյանը, մեր մյուս ընկերները։ Այս մարդկանց միակ հանցագործությունն այն է, որ իրենք հայրենասեր են, եւ կարծում եմ՝ սրան ավելի լավ ապացույց, քան Ձեր կողմից մատնանշված դեպքը, դժվար է գտնել։ Երկրորդը․ սա շատ լուրջ կասկածներ է առաջացնում, եթե չասենք՝ ավելին, որ այդ արարքը կազմակերպված էր իշխանական այս կամ այն օղակների կողմից, այլապես ինչպե՞ս նման հանցագործություն գործածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը։ Սա միակ դեպքը չէ, շատ են դեպքերը, եթե չեմ սխալվում՝ Փաշինյանի շարասյան կողմից այն լույս աղջկան վրաերթի ենթարկելու դեպքով մեղադրյալը ստորագրությամբ է ազատության մեջ։ Այնպես որ՝ այս երկու արձանագրումը կանենք․ 1-ին՝ Արմեն Աշոտյանը եւ նշածս մարդիկ քաղբանտարկյալներ են, եւ Հայաստանում այդ պրակտիկան կիրառվում է։ 2-րդը՝ առնվազն հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այդ գործողությունն ուղղորդված էր իշխանության այս կամ այն օղակի կողմից»,- ասաց Մամիջանյանը։