Լոնդոնը «ձեռքերը տաքացնում» է հայ-ռուսական «կրակի» վրա․ Փաշինյանին լսե՞լ են

Լոնդոնը «ձեռքերը տաքացնում» է հայ-ռուսական «կրակի» վրա․ Փաշինյանին լսե՞լ են

Հայ-ռուսական՝ առանց այն էլ խնդրահարույց, եթե չասենք՝ ճգնաժամային հարաբերությունների ֆոնին պաշտոնական Լոնդոնի հայտարարությունն իսկական ամպրոպ էր՝ «ոչ խաղաղ երկնքում»։ Մինչ Ռուսաստանը բողոքում է, թե Արեւմուտքն ու Միացյալ Եվրոպան «քիթները խոթել» են Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Հայաստան, եւ մտադիր են սադրիչ քաղաքականությամբ ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, Միացյալ Թագավորությունում ողջունել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության սառեցման մասին հայտարարությունը։

Բայց նախ փաստենք․ այն ժամանակահատվածում, երբ Մոսկվան ՀՀ իշխանություններին «սպառնում է» վերանայել հարաբերությունները, Երեւանին մեղադրում է հայ-ռուսական հարաբերությունները գիտակցաբար խզելու մեջ, Փաշինյանը France-24-ին տված հարցազրույցում բաց տեքստով հայտարարեց, որ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը։ 

ՌԴ-ում, ճիշտ է, հերթական անգամ տարակուսեցին Փաշինյանի հերթական ձեւակերպման առնչությամբ՝ բացատրություն ակնկալելով Հայաստանի ղեկավարությունից, իսկ ՀԱՊԿ-ից պարզաբանեցին, որ անդամակցության սառեցման իրավական հիմք ու պրակտիկա գոյություն չունի։ Դրանից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշեց, որ Մոսկվան Հայաստանին միջգերատեսչական խորհրդակցություններ է առաջարկել՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Փաշինյանի թիմում դրական որակեցին Զախարովայի առաջարկը, բայց շարունակեցին շարժվել հակառուսական քաղաքականության գծով։ 

Եվ, ինչպես ասում են, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ»․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին խորհրդարանում հայտարարեց, որ Լոնդոնն ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցման մասին Հայաստանի որոշումը եւ նախատեսում է աջակցություն ցուցաբերել Երեւանին․ «Մեծ Բրիտանիան ճանաչում է այդ որոշումը՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, եւ կհամագործակցի եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Ռուսաստանից բխող պատասխան գործողությունների սպառնալիքներին աջակցություն ցուցաբերելու համար»։

ՄԹ պաշտպանության փոխնախարարը պատգամավոր Ռոբերտ Բաքլենդի գրավոր հարցին ի պատասխան՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերության համար հնարավոր շահի մասին, նշեց, որ ցանկացած օգուտ պետք է տեղավորվի ԵԱՀԿ-ի կողմից զենքի էմբարգոյի շուրջ համաձայնեցված սահմանափակումների շրջանակներում, որը ստորագրել է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, ընդգծեց, որ Լոնդոնը կշարունակի սերտորեն համագործակցել Հայաստանի հետ՝ «համագործակցության խորացման հնարավորությունների որոնման հարցում»: Փաստորեն, հայ-ռուսական հարաբերությունների ներկա պայմաններում համաշխարհային մեկ այլ գերտերություն՝ Մեծ Բրիտանիան, փորձում է վերադիրքավորվել եւ սեփական օգուտները քաղել՝ հընթացս միանալով աշխարհաքաղաքական հակամարտության գործընթացին։

Միացյալ Թագավորությունը դեռեւս անցյալ աշնանից է սկսել Հայաստանի հետ անվտանգության հետ կապված խորհրդակցությունները։ Այդ նպատակով հայ պաշտոնյաներն այցելել են Լոնդոն, բրիտանացի դիվանագետները՝ Երեւան։ Հայտնի է նաեւ, որ այս տարվա փետրվարի 16-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Հանդիպման մանրամասները հանրությանը չներկայացվեցին, իսկ վարչապետի մամուլի ծառայությունը նույնիսկ լուսանկար չհրապարակեց։ Փաշինյանը նախորդ եւ առաջին անգամ հանդիպել էր Ռիչարդ Մուրի հետ 2022 թ․ դեկտեմբերի 16-ին՝ Երեւանում, որի ընթացքում քննարկվել էին Հարավային Կովկասում եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։

«Երեւանում ակնկալում էին, որ Ռուսաստանը Հայաստանին կաջակցի եւ լուրջ ֆինանսական օգնություն կտրամադրի։ Բայց դա Ռուսաստանին չէր հետաքրքրում։ Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում բնակվում է մեծ թվով հայկական սփյուռք։ Մի մասն աջակցում է Փաշինյանին, մյուս մասը ընդդիմանում է նրան եւ նայում է դեպի Ֆրանսիա, որտեղ ամենամեծ հայկական սփյուռքն է»,- նշել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցեւը։ Նրա կարծիքով՝ «փաստ է, որ Հայաստանը դավաճանել է Ռուսաստանին»։

«Հայաստանն ակնկալում է, որ Եվրոպան շահավետ միջոցներ կտրամադրի, իսկ Հայաստանը դրա համար կսիրի եւ կաջակցի Եվրոպային։ Հայաստանը ցանկանում է, որ իրեն ավելի թանկ գնով առնեն, դրա համար էլ այժմ օրակարգում է ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը, սա սակարկության մի տեսակ է»,- նման տեսակետ էլ հայտնել է Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի գիտական ղեկավար Դմիտրի Ժուրավլյովը։

Ռուսական փորձագիտական շրջանակները կարծում են, որ Հայաստանը «շանտաժի է ենթարկում Մոսկվային՝ ինտեգրվելով Արեւմուտքին», որպեսզի «Մոսկվայից զգալի սուբսիդիաներ եւ այլ դիվիդենտներ ստանա»։ RT-ի հետ զրույցում էլ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն ասել է, որ արեւմտյան երկրները ծրագրում են Հայաստանը «քաշել» եվրոպական կառույցների մեջ։ «Այս պլանը եղել է Փաշինյանի՝ իշխանության հասնելու ժամանակ, եւ, ըստ երեւույթին, դրա համար էլ նրա քայլերն ուղղված են Հայաստանին մեկուսացնելուն։ Չնայած դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին եւ ողջախոհությանը: Միացյալ Նահանգները շահագրգռված է, որ Հայաստանը խթանիչ լինի Ռուսաստանի նկատմամբ։ Այս առումով նրանք հանձնարարում են ինչ-որ մեկին՝ բարձրաձայնել իրենց ռազմավարությունները, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային: Հաշվի առնելով այն, որ Երեւանը դիտարկում է ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը, այս ամենը կարծես մեկ պլանի տարրեր լինեն»,- ընդգծել է քաղաքագետը։

Հայաստանի հետ անվտանգային ու պաշտպանական պայմանագրեր կնքած Ֆրանսիայից հետո Լոնդոնը երկրորդ հանգրվանն է, որտեղ արձագանքել են Փաշինյանին։ Պատկերավոր ասած՝ Մեծ Բրիտանիան եւս փորձում է «ձեռքերը տաքացնել» հայ-ռուսական թեժ «կրակի» վրա։ Միայն թե գիտակցենք ու արձանագրենք, թե ով է հարուցել այդ հրդեհն ու ինչ կրակի հետ է խաղում՝ վտանգելով մի ամբողջ ժողովրդի ճակատագիրը․․․