Ցանկացած քաղաքակիրթ երկրում ահաբեկչին կտանեին ձեռնաշղթաներով

Ցանկացած քաղաքակիրթ երկրում ահաբեկչին կտանեին ձեռնաշղթաներով

Երևանն այլևս մի ահռելի խենթանոց է հիշեցնում, որտեղ առանց արտառոց միջադեպի օրը օր չէ: 
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներն այսօրվա ծայրահեղությունն էին, փակուղային իրավիճակը: Երիտասարդը, որը մտել էր «Էրեբունի Պլազա», հարցրել էր, թե որտեղ է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը և մի քանի կրակոց արձակել, Արթուր Թորոսյանն էր, Արարատի մարզի Այնթափ գյուղից:

Նա Քոչարյանի հետևորդներից է, ըստ ՖԲ էջի գրառումների:  Սակայն արդեն կարծիքներ են տարածվում, որ երիտասարդին հմտածված են  ներկայացնում որպես երկրորդ նախագահի հետևորդ, վերջինիս ու «սևերին» վարկաբեկելու համար: 

Գրվեց, որ երիտասարդը 10 մարդ պատանդ է վերցրել: Սակայն շենքում գտնվող մարդիկ հերքում են պատանդառության մասին լուրերը: «Մտել է, զենքով կրակել է, զենք է բարձրացրել, մարդկանց ասել է՝ չշարժվեք, Քոչարյանի գրասենյակի տեղը ասեք: Հետո ոստիկանապետը եկել է, նստել են, զրուցել են, առանց ձեռնաշղթաների, բաների, ոստիկանապետը մեքենայի դուռը բացում ա, նստացնում, գնում է», - մանրամասնում է ականատեսներից մեկը: Ըստ աղբյուրի, երիտասարդը կոկիկ հագնված է եղել և հոգեխախտի տպավորություն չի թողել:  Նրա ձեռքին 12-րդ կալիբրի վինչեստր է եղել, որը նա հանձնել է, ոստիկանապետի հետ ձեռնաշղթա չհագցնելու ջենթլմենական համաձայնության գալուց հետո: 

Ցանկացած քաղաքակիրթ երկրում նկարագրված արարքը, անգամ եթե դասական իմաստով պատանդառություն չի եղել, կհամարվեր ահաբեկչություն: Մեզանում սակայն հանցագործի հետ վարվել են, ինչպես թագավորի: Հիշեցնենք՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Հյուրանոցում իջևանած հյուրերն ու այնտեղ գործող գրասենյակների աշխատակազմը տարհանվել է: