Բարերարը  դադարեցրել է «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը. ի՞նչ առնչություն  ունի  Մայր Աթոռը

Բարերարը  դադարեցրել է «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը. ի՞նչ առնչություն  ունի  Մայր Աթոռը

Շուրջ 5 ամիս է՝ Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան ֆինանսավորումը դադարեցված է: Բանն այն է, որ սփյուռքահայ  բարերար Հերման Հինթիրյանը, որ 16 տարի շարունակ  ֆինանսավորել է Գյումրու մանկատունը,այլևս հրաժարվում է դոնոր հանդիսանալ հաստատության համար:

Թե որն է պատճառը, ըստ «Թռչունյան տուն» մանկատան  տնօրենի՝ իրենք  էլ տեղյակ չեն: Մեր տեղեկություններով, սակայն,պատճառը Մայր Աթոռի եւ բարերարի տարաձայնություններն են: Նշենք, որ տարածքն ու կառույցը «Թռչունյան տան»-ը անհատույց տրամադրել է Մայր Աթոռը:

«Ես չեմ կարող ուրանալ այդ մարդու այդքան տարիների արածը: Հերման Հինթիրյանի ջանքերի շնորհիվ մենք 16տարի պահպանել ենք մեր գոյությունը:Հիմա ի՞նչ կարող եմ ասել: Փոխվել են մարդիկ, ժամանակները:Նախկին բարերարները մեծացել են,սերնդափոխություն է լինում,նոր սերունդն էլ այլ կերպ  է  վերաբերում:Հիմա անորոշ վիճակ է մեզ մոտ:4 ամիս է՝ չենք վարձատրվել: Սնունդը ապառիկ վերցնում ենք այն կազմակերպություններից, որոնք մեզ դեռ վստահում են,քանի որ իրենց հետ ենք ժամանակին պայմանագրեր կնքել: Մեր միակ հույսն այս պահին այն է,որ Մայր Աթոռին կհաջողվի գտնել այլ դոնորներ,որպեսզի մանկատանը ապրող  82 երեխաներին կարողանանք պահել»,-hraparak.am-ի հետ զրույցում ասաց «Թռչունյան տուն» մանկատան տնօրեն Սոնյա Սիրունյանը:

Մեր հարցին,թե մանկատան վիճակի մասին կառավարությանը տեղեկացվե՞լ է, տիկին Սիրունյանը պատասխանեց. «Տարիներ ի վեր դիմել ենք:Եկել են,առաջին տիկնոջ մակարդակով այցելել են,գովեստի խոսքեր ենք լսել,բայց մեկ օրվա հյուրասիրությունը կամ նվերները երեխաների կյանքը չեն փոխել: Մեր գրությանը պատասխանել են,որ օրենք պետք է փոխվի,որպեսզի կարողանան ինչ-որ բան անել»:

Ստեղծված իրավիճակի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք Մայր Աթոռից: «Այո, խնդրին տեղյակ ենք: Մայր Աթոռը որևէ խնդիր բարերարի հետ երբևէ  չի ունեցել եւ մանկատան ֆինանսավորման հարցով Մայր Աթոռը  չի զբաղվել: Ավելին ասեմ՝ մեր  տեղեկություններով խնդիրը մանկատան տնօրինության հետ է,  եւ ավելի ճիշտ կլիներ, որ իրենք նշեին, թե պատճառը որն Է: Մայր Աթոռը տարածքն է տրամադրել  մանկատանը, եւ այսօր ստեղծված իրավիճակից ելնելով՝ փորձում է քայլեր ձեռնարկել, ձեռք մեկնել: Մայր Աթոռի մի շարք կառույցների պատասխանատուներ այցելել են հիշյալ կենտրոն, ծանոթացել առկա պայմաններին և ստեղծված իրավիճակին: Գյումրի կատարած այցելության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս առիթ է ունեցել հանդիպում ունենալու կենտրոնի ղեկավարության հետ: Մայր Աթոռը քայլեր է ձեռնարկում ստեղծված վիճակի հանգուցալուծման և խնամվող երեխաների համար պատշաճ պայմանների ապահովման նպատակով: Ներկայիս միջոցներ են որոնվում, որպեսզի հաստատությունը կարողանա շարունակել իր առաքելությունը»,- hraparak.am-ի ն փոխանցեց Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Ուշագրավ է, որ սփյուռքահայ բարերար Հերման Հինթիրյանը, որ այնքան էլ չի սիրում իր մասին բարձրաձայնել, Գյումրիում դեռևս շարունակում է մի շարք բարեգործական ծրագրեր իրականացնել: Նա «Շիրակ» կենտրոնի երկար տարիների հավատարիմ գործընկերն է եւ այս ընթացքում հասցրել է բազմաթիվ անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովել:

Զրուցեցինք նաև «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի  հետ,ով  վստահեցրեց, որ բարերարը հենց այս պահին էլ շարունակում է հովանավորել իրենց, իսկ ահա «Թռչունյան տան» դեպքում  կարծում է. «Թե ինչո՞ւ չի ֆինանսավորում, Մայր Աթոռն ավելի տեղեկացված է, ես այդ առնչությամբ որևէ  բան չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ Հերմանը  հիմա բարեգործության ուղղվածությունն է փոխել նաև: Թիրախավորել է կոնկրետ ընտանիքների,օրինակ վերջերս մեկին այգի, մյուսին՝ տուն նվիրեց: Հիմա մոտ 4000 վերարկու ենք բաժանել Շիրակի մարզի աղքատիկ գյուղերի բնակիչներին: Այնպես որ, նա իր գործը առանց խոսքի կատարում է»:

Նշենք,որ Հերման Հինթիրյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց. նա հայրենիքում չէ, բայց հաճախակի է Գյումրի այցելում,մասնակցում տարբեր բարեգործական միջոցառումների: