Ես՝ գեներալ Համբարձումյանս, արձագանքում եմ Փաշինյանին

Ես՝ գեներալ Համբարձումյանս, արձագանքում եմ Փաշինյանին

Ոստիկանության պահեստազորի գնդապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը, որը երեկ բերման էր ենթարկվել Գեղարքունիքի մարզի Մարտունու վարչություն, շարունակվում է կասկածվել սրճեփ գողանալու մեջ։

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ «Հրապարակը» կարծիք խնդրեց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանից:

«Այստեղ մասնագիտական մեկնաբանության կարիք չկա։ Ի՞նչ մասնագիտական մեկնաբանություն, երբ մասնագիտական որևէ գործողություն իրականում չի կատարվել։ Սա պարզապես իշխող հանցավոր ռեժիմի կողմից դիտավորյալ ձև ու բովանդակություն է ընտրվել` ցույց տալու համար մի բան։ Նախ ուզում են ցույց տալ, որ թքած ունեն օրենքի, բարոյականության ու հանրային կարծիքի վրա։ Էլ ավելի ազգակործան քայլեր իրականացնելու համար պրոֆիլակտիկա են իրականացնում՝ վախեցնելով հասարակության առավել ակտիվ անդամներին։ Սա վախեցնելու նպատակ է հետապնդում։ Այսօր Շիրինյանն է, վաղը կարող է մեկ ուրիշը լինել»,- ասաց Համբարձումյանը։

«Ոստիկանությու՞նը։ Դե, ոստիկանության ղեկավար կազմն է շարունակում ենթարկվել այս իշխանություններին։ Հետո` սենց մի բան էլ կա։ Մի բան կատարողը ստիպված արդեն մյուս բանն էլ պիտի անի, այսինքն՝ մի անգամ արեցիր, նորից պիտի անես։ Իրենց պաշտոնը պահելու համար էլ ավելի ստրկամիտ գործողություններով դրսևորվելն է։ Հավատացեք, որ եթե ոստիկանությանը մնար, նման ապուշություն իսկապես չէին կատարի, պարզապես պատվերն է շատ հստակ իջեցված, կրկնում եմ, հեռավար նպատակներով։ Կարծում եմ՝ հասարակությանը ինչ-որ թեմայից շեղելու հարց այլևս չկա, կա ուղղակի տոտալ սպառնալիքի մթնոլորտ ստեղծելու հանգամանք։ Ի՞նչ շեղել, ինչի՞ց շեղել, արդեն բացահայտ այս մարդիկ ասում են, թե ինչ են պատրաստվում անել։ Երեկ հարցազրույցի ժամանակ հստակ խոսվեց խաղաղության պայմանագրի ու այլ թեմաների մասին, դե հիմա էլ ի՞նչ ուշադրություն շեղելու մասին կարող է խոսք լինել։ Իրենց էությունը լիովին բացահայտված է, կիսատ բացահայտված դեպքերում են ուշադրություն շեղում»,- ասաց նա։

«Իմիջիայլոց, քանի որ առիթը ստեղծվել է, մի բան էլ ասեմ։ Աչքովս ընկավ վարչապետի այն հայտարարությունը, թե մինչև հիմա ոչ ոք չի ասել, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրությունը պիտի հետ վերցնել, այսինքն՝ չեղարկել։ Դե հիմա խնդրում եմ, որ հստակ հրապարակեք այն, ինչ ասում եմ։ Ես՝ գեներալ Համբարձումյանս, հստակ ասում եմ, որ պետք է վերցնել Հայաստանի կողմից դրված ստորագրությունը ու չեղարկել փաստաթուղթը։ Ու սա արդեն պետք է անել ոչ միայն նրա համար, որ դա դավաճանական փաստաթուղթ է, այլ նաև նրա համար, որ փաստաթղթի բոլոր էական կետերը ստորագրումից հետո չեն կատարվել»,- հավելեց Համբարձումյանը։