Կդառնա՞ արդյոք Թուրքիան «Հայաստանի մեծ եղբայրը»

Կդառնա՞ արդյոք Թուրքիան «Հայաստանի մեծ եղբայրը»

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը հայկական սփյուռքում շարունակում է քննարկումների թոփ թեման լինել, եւ այստեղ թե՛ կրոնական, թե՛ ազգային առաջնորդներն իրենց վերաբերմունքն են հայտնում այս գործընթացի առնչությամբ։ Հիշեցնենք, որ հունվարի կեսերին Մոսկվայում տեղի ունեցան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցերով Երեւանի եւ Անկարայի հատուկ բանագնացների մեկուկես ժամանոց բանակցությունները, որոնց արդյունքները դրականորեն գնահատվեցին թե՛ հայկական եւ թե՛ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից։

Այս բանակցություններից հետո թուրքական Hürriyet-ը գրել էր, որ Թուրքիայի հայ համայնքն ուրախացել է այս գործընթացով։ Եվ ահա, գործընթացի հանդեպ իր վերաբերմունքն է արտահայտել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, իսկ նրանից առաջ էլ իտալական պարբերականներից մեկին տված հարցազրույցում գործընթացի մասին խոսել էր Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ռաֆայել-Պետրոս 21-րդ Մինասյանը, ով, ի դեպ, վերջերս Ռուսաստանում էր եւ հանդիպումներ է ունեցել Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Թուրքական Hürriyet-ը գրում է, որ Սահակ Մաշալյան պատրիարքն ասել է, որ Հայ առաքելական եկեղեցու Թուրքիայի քաղաքացի հանդիսացող անձանց համար «չափազանց կարեւոր է, որպեսզի հարաբերություններն օրըստօրե բարելավվեն, որպեսզի երկու համայնքները ճանաչեն մեկմեկու եւ աշխատեն միասին»։ «ԱԿՕՍ» պարբերականի ղեկավար Էդվարդ Դանցիկյանն էլ է լավատեսությամբ վերաբերվում երկու երկրների միջեւ սահմանների բացմանը։ Սակայն հայտարարությունների մեջ առավել լավատեսական շեշտադրումները պատկանում են «Կարագյոզյան» հիմնադրամի վարչության նախագահ Դիքրիթ Գյուլմեզգիլին, ով ընդգծել է, որ «այս պահից սկսած՝ Թուրքիան բոլոր առումներով պետք է աջակցի Հայաստանին» եւ «Թուրքիան պետք է գործի որպես Հայաստանի ավագ եղբայր»։

Ի դեպ, Ռաֆայել-Պետրոս 21-րդ Մինասյան պատրիարքն էլ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին AsiaNews կաթոլիկական պարբերականին տված հարցազրույցում էր բավական դրական արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի մասին՝ հավաստիացնելով, որ Երեւանում կառավարությունը տրամադրված է համաձայնություն գտնելուն եւ երկխոսությանը, սակայն չի կարելի ասել, թե մյուս կողմն ինչ տրամադրվածություններ ունի։ Հայ կաթոլիկների պատրիարքը խնդրահարույց հարցերից մեկը համարում է Լեռնային Ղարաբաղի ռեսուրսների հարցը, հատկապես՝ ջրային ռեսուրսների, որոնք սնում են Հայաստանը, սակայն որոնք գտնվում են ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքներում։ Ռաֆայել-Պետրոս պատրիարքը խոսել է նաեւ այդ տարածքներում ապրող կաթոլիկների իրավունքների մասին եւ ապագայում ուզում է ուշադրություն հրավիրել «կրոնական ազատության» հարցի վրա, որը պետք է լինի գործուն եւ փոխադարձության սկզբունքով՝ գործելով բոլորի համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։

Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին «Ռեգնումում» հրապարակած իր վերլուծականում ուշագրավ է համարում այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված՝ դեռեւս վերաբերմունք չեն հայտնել Ամենայն հայոց Գարեգին 2-րդ կաթողիկոսը եւ Արամ 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ Սպասելի էր, որ նրանք եւս պետք է արդեն կարծիք հայտնած լինեին։ Արտասահմանյան առաքելությունների Պապական ինստիտուտի AsiaNews պարբերականն էլ իր հերթին է որոշ կարծիքներ հայտնել, դրանով անուղղակիորեն լույս սփռելով նաեւ Սուրբ Աթոռի մոտեցումների վրա, ըստ որի՝ «Հայաստանը կշահի, դուրս գալով տնտեսական եւ առեւտրային մեկուսացումից, որը հարավկովկասյան նախկին խորհրդային հանրապետությունը դարձրել է ամենաաղքատը։ Թուրքիան էլ միջազգային ասպարեզում կռեաբիլիտացվի եւ կկարողանա ստանալ հետաքրքիր հնարավորություններ հատկապես ենթակառուցվածքների առումով, եթե հաշվի առնենք, որ այդ երկրի շատ հատվածներ դեռ շարունակում են մնալ հետամնաց»։

Կաթոլիկական պարբերականը նաեւ նշում է, որ բաց է մնում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որին զոհ է գնացել առնվազն մեկ միլիոն հայ, եւ որը Թուրքիան հրաժարվում է ճանաչել։ Ի դեպ, ռուս վերլուծաբան Ստանիսլավ Ստրեմիդլովսկին հեռուն գնացող կանխատեսում է արել՝ ասելով, որ եթե Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, ապա Օսմանյան կայսրությունից ժամանակին գաղթած հայերի ժառանգները կարող են վերադառնալ ժամանակակից Թուրքիա, եւ այնտեղ, այդպիսով, կարող է նկատելիորեն ուժեղանալ «հայկական գործոնի» դերը։ Սա, իհարկե, հետաքրքիր կանխատեսում է, սակայն չափազանց հեռավոր ապագային կարող է վերաբերել, որովհետեւ դեռ հայտնի չէ, թե այս գործընթացն ինչպիսի զարգացումներ կունենա, եւ ինչ շրջադարձեր կարող են լինել։