Ադրբեջանցիները ոչխարները չվերադարձնելու նոր պատճառ են գտել

Ադրբեջանցիները ոչխարները չվերադարձնելու նոր պատճառ են գտել

Հունվարի 13-ին Սյունիքի Տեղ համայնքի բնակիչ, հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին ադրբեջանցիները գերի տարան եւ նույն օրը՝ ուշ երեկոյան, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձրին։ Սակայն ադրբեջանցիները նրա հետ տարել էին նաեւ մոտ 350 գլուխ ոչխար, եւ մինչ օրս հակառակորդ կողմը հրաժարվում է վերադարձնել հովվի ոչխարները։

Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը մեզ տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը ոչխարները չվերադարձնելու նոր պատճառաբանություն է բերում։ «Հիմա էլ ասում են, թե ձեր հովվին բաց թողնելիս ինքը գրություն է տվել մեզ, որ մեր հետ ոչ մի պարտք ու պահանջ չունի, ոչ մի ոչխար իր հետ սահման չի հատել։ Մենք էլ կանչել ենք հովվին, հարցրել ենք՝ նման բան գրե՞լ ես, ասել է՝ չէ, միայն ասել եմ, որ իրենցից դժգոհություն չունեմ, վատ չեն վարվել հետս։ Դե, դեռ ռուսական կողմի հետ բանակցում ենք, էլի, տեսնենք։ Թուրքի դիվանագիտությունը չգիտե՞ք՝ ամեն ինչ կհնարեն, բայց մենք նկարներն էլ ենք տրամադրել ռուսական կողմին, որտեղ երեւում է, որ հովվին ոչխարների հետ են տարել։ Եթե ոչխարները չբերենք, կարելի է ասել, որ էդ մարդն իր ամբողջ կյանքի ստեղծածը կորցրեց։ Հոտն իր անձնական ունեցվածքն էր, գյուղինը չէր»,- ասաց Տեղի համայնքապետը։

Իսկ 53-ամյա հովվի սիրտը պայթում է։ Վերադարձած օրվանից տեղը չի գտնում։ «Էլ ապրելու իմաստ չեմ տեսնում, 20-ից ավել գառ կա, արդեն 5-ը  սատկել է, առանց մոր ո՞նց պիտի մնան, մենակ կաթ են ուտում, ո՛չ խոտ, ո՛չ էլ ուրիշ բան, օրական գառներ են, բոլորն էլ սատկելու են, մի քանի օրից բան չի մնա, անասնագոմս դիականոց կդառնա։ Տունս, ընտանիքս դրանով էի պահում․․․ Որ ասում են՝ ոչխար չկա, բա ես խելագա՞ր էի, մենակ էնդեղ ի՞նչ էի անում․․․»,- դառնացած ասաց մեզ հովիվը։ Մեր հարցին՝ եթե չհաջողվի ոչխարները վերադարձնել, հովվի վիճակը թեթեւացնելու համար ի՞նչ է արվելու, Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը պատասխանեց․ «Եթե չկարողացանք վերադարձնել, պետք է արդեն մտածենք որեւէ կերպ փոխհատուցելու մասին՝ մարզպետարանի կամ այլ կառույցների միջոցով»։