30 հոգին գտնվել են

30 հոգին գտնվել են

Մի քանի օր առաջ կառավարությունը հայտարարեց, որ կորոնավիրուսով վարակված 532 դեպքից այդ պահին ճշգրիտ է միայն 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը կառավարությունը պարզում էր, քանի որ վերջիններիս փաստացի եւ անձնագրում հաշվառված տվյալների միջեւ կա անհամապատասխանություն: Առողջապահության նախարարությունից երեկ հետաքրքրվեցինք՝ պարզեցի՞ն այդ 30 անձանց բնակության վայրերը։ «Այդ 30 հոգին կորած քաղաքացիներ չեն, նրանք անձինք են, որոնք պառկած են հիվանդանոցում, թեստավորումը եղել է դրական, ու բուժում են ստանում։

Պարզապես, երբ իրենք հիվանդանոց են ընդունվել, գրանցվել են որպես պացիենտ, նշել են իրենց, չգիտեմ, էս բնակության վայրը, որտեղ բնակվում են փաստացի։ Անձնագրով լրիվ ուրիշ տվյալ է։ Այսինքն՝ այդ մարդիկ ոչ թե կորած են, այլ հիվանդանոցում բուժում են ստանում, ուղղակի իրենց տվյալները պետք է ճշտվեին, որպեսզի քարտեզագրման ժամանակ ճիշտ տվյալները գնային»,- ասացին նախարարությունից։ Այսինքն՝ արդեն ճշտվե՞լ են այդ 30 պացիենտի բնակության հասցեները։ «Այո, ճշտվել են, եւ ամեն ինչ հստակ է»։