«Կրակե՛ե՛ե՛լ…. Ո՛չ»

«Կրակե՛ե՛ե՛լ…. Ո՛չ»

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այնքան է տրվել շների և թափառող կենդանիների պաշտպանության գործին, որ մոռացել է իր ընտրողներին և ՀՀ մնացած հպարտ քաղաքացիներին: Մոռացելը ո՞րն է, ահաբեկում է բոլորին, ով կհամարձակվի շանն ասել՝ քթիդ վրա մազ կա: Մարդկանց հանդեպ պատգամավորի վերաբերմունքը, ներողություն, իհարկե, նույնիսկ վիրավորական է: Ի վերջո, նա չպետք է մոռանա, որ մարդն էլ իրավունքներ ունի, որ հատուկ կոնվենցիաներ կան, այդ թվում և ստամբուլյանը, որոնք ամբողջությամբ մարդու մասին են:

Այս թեմային անդրադառնալուս պատճառը Նաիրա Զոհրաբյանի հերթական ֆեյսբուքյան գրառումն է, որ տեղի է ունեցել «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի «գազանաբարո» արարքի պատճառով: Ուրեմն՝ վերջինս համարյա «կենցաղային» վեճ է ունեցել մի շունիկի հետ (իսկ դիլիջանցիները պնդում են, որ դա իր շունն էր) և բազմաթիվ մարդկանց ներկայությամբ գնդակահարել կենդանուն: Նաիրա Զոհրաբյանն էլ իմացել է այդ մասին ու բռնկվել: Բնավորության հարց է, հասկանում եք. «Էս անգամ այլեւս ոչ մեկդ չի «պլստալու»»,- գրել է նա և չի հանգստացել, մինչև իր գրառումով ոստիկանապետի պաշտոնակատարին չի տեղեկացրել, որ նրա դիլիջանյան ենթականերն «օրենք չգիտեն»: Նա գրել էր. «Հանկարծ մեկի մտքով չանցնի, թե դեկորացիայի համար ենք օրենք ընդունել, ու գազանները կարող են այսուհետ եւս կենդանի տանջել ու սպանել։ Չի լինելու։ Չենք թողնելու»:
Նաիրա Զոհրաբյանի վերքի վրա աղ էր լցրել տնօրենի օգնականի «լալահառաչ» հայտարարությունը, թե իր շեֆը սրբությամբ պահում եւ պահպանում է Աստծո ստեղծած յուրաքանչյուր էակի: Պատգամավորը հակադարձել էր նրան. «Ու նման բան ասողը կին է։ Չի բացառվում՝ նաեւ մայր»: Հավելենք, որ պատգամավորուհու զայրույթը գագաթնակետին էր հասցրել Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը, որ քաղաքացիների տագնապներին արձագանքել էր՝ «դե հա, իրա անասունն ա, ի՞նչ կա դրա մեջ»: «Ողջ այս պատմության մեջ դեռ շատ մեծ հարց է՝ ով է իրականում անասուն»,- բոցել է պատգամավորն ու հրապարակել «Կալաչը» գրկած պոզայով իր լուսանկարը:

Ի՞նչ կարելի է ասել տեղի ունեցածի մասին: Նաիրա Զոհրաբյանի զայրույթը կիսելով հանդերձ՝ համաձայն չեմ նրա էմոցիաների հետ: Ըստ իս՝ չի կարելի շանը գնդակահարելու համար այսպես խայտառակել մարդկային ցեղը: Ի վերջո, հենց այնպես չեն ասում՝ շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր կամ՝ շան անունը տուր ու փայտն առ ձեռքդ: Պարկի տնօրենը, անշուշտ, պետք է փորձեր փայտով լուծել հարցերը, բայց, ինչպես ասում են, ժամանակ չի ունեցել երկար-բարակ մտածելու, հանել է ու… Կա՞ր երաշխիք, որ այդ շունը որևէ մարդու չէր վնասի, մինչև համապատասխան ծառայությունները կքնեցնեին նրան: Ու եթե, աստված մի արասցե, մի տհաճ դեպք գրանցվեր, այն ժամանակ արդեն պարկի տնօրենին էին, չէ՞, մեղադրելու, որ իր շանն իր դռանը չի պահում: Մի խոսքով՝ սա բարդ հարց է, որից ոչ ոք, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանն ու իր հեղինակած օրենքը գլուխ չեն հանի, էլ ուր մնաց՝ «օրենք չիմացող» ոստիկանությունը: Եվ ես այս ամենի մասին ասելիքս կավարտեի քաղաքականությունից հեռու մի հարցադրումով՝ արդյոք, Նաիրա Զոհրաբյանը նույն էմոցիանե՞րը կդրսևորեր, եթե Դիլիջանի ազգային պարկի տնօրենը ԲՀԿ-ական լիներ… 

Իսկ հիմա խոսենք զենքից և զենք կրելու մշակույթից: Օրերս առաջավոր դիրքեր մեկնած վարչապետ Փաշինյանին ցուցադրել էին մի գերժամանակակից գնդացիր, և վարչապետն շտապել էր լուսանկարվել այդ զենքի հետ: Հետևանքների մասին բոլորս գիտենք: Այդ արարողությունից ծնված խայտառակ լուսանկարների մեղավորն էլ, անշուշտ, վարչապետը չէր: Մեղավորը նրա կողքին կանգնած ակնոցավոր զինվորականներն էին, ինչպես նաև Փաշինյանի անձնակազմի լուսանկարիչները, որոնք, լուսանկարելով զենքը, մոռացել էին գնդացրի հետևում գտնվող վարչապետին: Ավելի ռեալիստական պատկերներ ես չէի տեսել: Ֆեյսբուքը ղժժում էր, հարևան հանրապետության մամուլը՝ նույնպես: 

Թե ինչ ապրումներ ունեցա ես, չեմ ներկայացնի, միայն նշեմ, որ առաջին անգամ անծանոթ զենքին մոտենալը գրեթե նույնն է, ինչ անծանոթ կնոջը մոտենաս: Դա պետք է անել նրբորեն, փոքրիկ, բայց ճաշակով ընտրված բառերով, փաղաքշաբար, եթե նա քեզ արդեն ժպտում է: Իսկ ամենակարևորը՝ պետք չէ հենց առաջին հանդիպման ժամանակ բռնել ու քաշքշել անծանոթ կնոջը: Հետևանքները կարող են լինել անդառնալի, ինչպես մեր վարչապետի դեպքում:

Օրվա հաջորդ հրաձիգն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր, որ ցուցադրել էր թռչող օբյեկտներ խոցելու իր հմտությունը և Ֆեյսբուքում գրել. «Այսօր հրաձգության օր էր»: Արարատի մարզպետ լուսաբանելու համար, գիտեք, խելքս չի գնում, բայց սա չլուսաբանել հնարավոր չէ: Խնդիրը, բնականաբար, բուն հրաձգությունը չէ և ոչ էլ այն, որ այդ լուսանկարներում չեն երևում թռչող օբյեկտները, և ՖԲ օգտատերերը կարող են մտածել, որ դրանք, ամենայն հավանականությամբ, թռչող կոկորդիլոսներ են: Այնպես որ, կարևորն այս դեպքում հրապարակված լուսանկարների քաղաքական կողմն է՝ ինչո՞ւ մարզպետը հենց «Փաշինյան-գնդացիր» թեմայի համատեքստում հրապարակեց սեփական հրաձգության պահերը հավերժացնող լուսանկարներ: Կասեք՝ դե հիմա՝ հրապարակել է: Շատ բարի… Բայց մի քանի օր առաջ այդ նույն մարզպետն իր հայրենի գյուղից միջնորդավորված ձևով «քշել» էր վարսավիրին, ինչը կրկնակի անհանգստացնող է, երբ նայում ես հրապարակված լուսանկարները: Ի՞նչ իմանաս, թե վաղն ում կամ ինչի վրա է կրակելու Գարիկը:

Այսօր խոսեցինք «հրաձգության» հետ կապված երեք «նշանավոր» իրադարձության մասին: Ո՞րն էր դրա միտք բանին: Հրազենը, առհասարակ, իր հետ վարվելու մշակույթ է պահանջում: Հրազենը մի ամբողջ փիլիսոփայություն է: Բոլո՞րն ունեն այդ մշակույթը կամ ընկալո՞ւմ են հրազենի փիլիսոփայությունը, որ ամբողջությամբ զբաղեցնում է սպանելու և ապրեցնելու միջև ընկած ժամանակն ու տարածությունը: Իհարկե՝ ոչ: Մարդիկ, գիտե՞ք, օրինակ, որ Աստծո արարածների վրա կրակելով՝ կրակում եք ձեզ վրա, որովհետև այդ արարածները հրազեն չունեն՝ ձեզնից պաշտպանվելու համար: Իսկ գիտե՞ք, որ զենք վերցնելուց առաջ պետք է երկար մտածել: Զենքը չի դիմադրում, բայց հենց նշան եք բռնում, նա անպայման, քանի դեռ չեք քաշել ձգանը, հարցնում է՝ լա՞վ ես մտածել: Եթե երբևէ այդ հարցը չեք լսել զենքից, ուրեմն դուք զենքի մշակույթից շատ հեռու եք, մի փորձեք զենք վերցնել, եթե թիրախն անօգնական «շունիկն» է, «թռչող կոկորդիլոսը» կամ էլ մի ուրիշ բան, որ ասոցացվում է «կիրթ» հակառակորդի հետ:

ՀԳ. Խորհուրդ կտամ հետևել նաև լոռեցիների օրինակին, որոնք կրակելու հրաման տալուց հետո  որոշում են, այնուամենայնիվ, կրակել ոչ: Հիմա թե պատի տակ կանգնածի բախտը բերեց` բերեց, թե չէ՝ Աստված իր հետ: