Դատարան են ուղղվում գրություններ, որոնք իրավաբանության հետ որևէ աղերս չունեն

Դատարան են ուղղվում գրություններ, որոնք իրավաբանության հետ որևէ աղերս չունեն

Թվում է, որ Երեւանի պետական համալսարանը պետք է հանդիսանա կադրերի լուրջ դարբնոց: Փաստ է նաեւ այն, որ ԵՊՀ-ում կան ֆակուլտետներ եւ ուսումնառվող այնպիսի մասնագիտություններ, որոնք չկան հայաստանյան որեւէ այլ բուհում: Դա իր հերթին նշանակում է, որ ԵՊՀ-ն որոշ մասնագիտությունների գծով Հայաստանի կրթական շուկայում ունի մենաշնորհ կամ, գոնե, գերիշխող դիրք եւ, հետեւաբար, հանրային նշանակության կազմակերպություն է:

Այդ ամենը մեծ պատասխանատվություն է ենթադրում, եւ դրանով ԵՊՀ-ն պարտավորությունների որոշակի շրջանակ է ստանձնում: Անձամբ ես միշտ կարծել եմ, որ որեւէ ոլորտում փորձագիտական եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԵՊՀ-ի՝ տվյալ ոլորտի մասնագետներին: Ավելին, առիթ եմ ունեցել հանդես գալու մի քանի երկրների դատարաններում, որտեղ գնահատվում էր փորձագետի՝ ԵՊՀ-ում աշխատելու կամ դասավանդելու հանգամանքը: Սակայն ես նկարագրեցի մի իրավիճակ, որը տեսականորեն է վերաբերելի ԵՊՀ-ին: Գործնականում շատ բան այդպես չէ:
Աներկբա է, որ Հայաստանում իրավաբանական մասնագիտությունների ոլորտում ԵՊՀ-ն ունի գերիշխող դիրք: Դա առնվազն նշանակում է, որ իրավական ոլորտում գործող մասնագետների զգալի մեծամասնությունն ավարտել է ԵՊՀ-ն:

Դրանում հեշտ է համոզվել՝ ծանոթանալով ՀՀ դատավորների, դատախազների, փաստաբանների եւ ոլորտի այլ մասնագետների կենսագրություններին: Այսինքն՝ արդարադատություն իրականացնող դատավորների, պետության անունից մեղադրանք հնչեցնող դատախազների ու քաղաքացու պաշտպանություն իրականացնող փաստաբանների ճնշող մեծամասնությունը սկզբնական գիտելիքները ստացել է ԵՊՀ-ում: Սակայն, բացի ուսումնական գործառույթներից, ԵՊՀ-ն իրականացնում է նաեւ վարչարարություն: Զգալի թվով քաղաքացիներ դիմում են ԵՊՀ-ին՝ հայցելով այս կամ այն իրավունքը, հայցած իրավունքի մերժման դեպքում բողոքում են վերադասության կարգով կամ դատարան են դիմում:

Այսինքն՝ ԵՊՀ-ին անհրաժեշտ է մի մարմին, որը կապահովի իրավական գործընթացների իրականացումը: Տրամաբանական է, որ եթե ԵՊՀ-ն Հայաստանի ամբողջ իրավական համակարգի դարբնոցն է, ապա հաստատ պետք է ունենա որեւէ, անգամ միջին կարգի մասնագետ, որը կիրականացնի ԵՊՀ-ին վերաբերող վարչարարությունը: ԵՊՀ-ում կա անձնակազմի կառավարման եւ իրավական ապահովման վարչություն, որն ունի պետ եւ աշխատակիցներ: Ըստ էության, ԵՊՀ-ի այդ ստորաբաժանումը պետք է իրականացնի ԵՊՀ-ին վերաբերող իրավական գործառույթներ եւ վարչարարություն:

Ես չէ, որ ԵՊՀ-ն ներկայացնող իրավաբաններին պետք է իրավաբանություն եւ վարչարարություն սովորեցնեմ: Այդ իսկ պատճառով անդրադառնամ միայն փաստերին:
2019թ․ մարտի 12-ին ԵՊՀ պրոռեկտոր, այժմյան ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգյան Գեղամը համապատասխան հրամանով հեռացվեց պաշտոնից: ԵՊՀ ռեկտորի 44&18 հրամանն ինձ հիշեցրեց մելոդրամայի մի հատված, որտեղ դավաճանության հետեւանքով ընտանիք է քանդվում: Իրավական այդ ակտում մանրակրկիտ նկարագրված էին Գեւորգյան Գեղամի դավաճանության հուզական մանրամասները: Հրաման գրողը պետք է իմանար, որ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ եւ ապահովեն հուզական չեզոքություն. ԵԴ/8126/02/19: 

2019թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԵՊՀ-ի անունից ՀՀ տարբեր դատարաններին էին հասցեագրվում տարօրինակ բովանդակությամբ գրություններ, որոնք այդ գրությունները ստացող դատավորների պաշտոնական կարծիքով՝ իրավաբանության հետ չունեն որեւէ աղերս: Այսինքն՝ ԵՊՀ-ի կողմից ՀՀ դատարան փաստաթուղթ ներկայացնող անձը տեղյակ չէր, որ Հայաստանի Հանրապետության որեւէ օրենսդրությամբ ներկայացվող փաստաթղթով իրավունքի հայցում նախատեսված չէ: Եվ դա մեկ դատավոր չէ, որ արձանագրել է: Մի քանի դատավոր, բանուգործը թողած, ԵՊՀ-ին ստիպված եղան քաղաքացիական դատավարության իրավանորմերը սովորեցնել. ԵԴ/28991/02/19, ԵԴ/29767/02/19: 

ԵՊՀ-ում մինչ այսօր չեն հասկանում, որ հարցումներին օրենքի ուժով պատասխանելու պարտավորություն ունեն: Ընդ որում, պատասխանները պետք է տրվեն որոշակի ժամկետներում: ԵՊՀ-ում լավ չեն գիտակցում, թե ինչ է նշանակում կազմակերպության ղեկավար, ով եւ ինչ հիմքով իրավունք ունի ստորագրել ու փաստաթղթեր կնքել վերջինիս փոխարեն կամ անունից: Ավելին, ԵՊՀ-ում առայսօր չեն գիտակցում հաշվապահական փաստաթղթաշրջանառության եւ իրավական վարչարարության տարբերությունը՝ կարծելով, որ այդ հասկացությունների միջեւ չկա էական տարբերություն: Զավեշտալի է, որ ԵՊՀ ղեկավարության համար ԵՊՀ ընդհանուր բաժինը շնչավոր մարմին է, որի մոտ գտնվում է ԵՊՀ կնիքը, եւ որը կարող է կնքել ԵՊՀ ռեկտորի եւ պրոռեկտորների հաստատած գրություններն ու տեղեկանքները: 

Ահա այսպիսի պատկեր: Ընդ որում, ես նկարագրեցի հիմնական՝ աչքի ընկնող փաստերը: Համոզված եմ, որ ԵՊՀ ղեկավարության ոչ իրավաչափ գործունեության մասին կարելի է անվերջ խոսել: Եվ այս պարագայում ԿԳՄՍ նախարար Հարությունյան Արայիկը կամ վերջինիս՝ հայոց լեզվի դասավանդման սահմանափակմանը միտված գործունեությունը որեւէ կապ չունեն: Հայաստանի համար լինելով կադրերի լրջագույն դարբնոց՝ ԵՊՀ-ն չունի կամ չի ցանկանում ունենալ սեփական գործունեությունն իրավաչափ կարգավորումներով սպասարկող մասնագետներ: 

ՀԳ. ԵՊՀ մասնաշենքերից մեկում փակցված այս հայտարարությունը, իմ կարծիքով, գրածիս լավագույն ապացույցն է:


Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ