«Նախկին թալանչիները» հանգրվանել են ՔՊ համամասնական ընտրացուցակում

«Նախկին թալանչիները» հանգրվանել են ՔՊ համամասնական ընտրացուցակում

Նախկինների թալանի դեմ պայքարի խոստումով իշխանության եկած փաշինյանական թիմը ոչ միայն նախկիններից ավելի շատ է թալանում ու մսխում երկրի բյուջեն, այլեւ՝ սերտ համագործակցում է «նախկին թալանչի» կոչվածների հետ, ովքեր որոշակի ծառայություններ են մատուցում իրենց, ենթարկվում են իրենց կամայականություններին եւ հլու հնազանդ կատարում տարբեր հրահանգներ:

«Հրապարակն» անդրադարձել է Մասիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին, գրել է, որ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը իր մոտ է կանչել տարածաշրջանի նախկին  ՀՀԿ-ական գյուղապետերին եւ, հիշեցնելով  նրանց նկատմամբ հարուցված մի շարք քրեական գործերը, պարտադրել է, որ նրանք որպես ավագանու թեկնածուներ մտնեն ՔՊ-ի համամասնական ցուցակ եւ անհրաժեշտ քվեներ ապահովեն կուսակցության համար: Իսկ «լավ» չաշխատողներին  Թեւոնյանը սպառնացել է, որ քեական գործերն ընթացք կստանան եւ իրենց վերջը վատ կլինի…Արդյունքում, ՔՊ-ի համամասնական ցուցակի 61-ից 11-ը համայնքապետեր են, որոնք հիմնականում եղել են նախկինում ՀՀԿ-ական, հիմա դարձել են ՔՊ-ական ակտիվիստներ: Բերենք մի քանի օրինակ. 

Արեւաբույր համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը, ով մինչեւ Փաշինյանի իշխանության գալը ակտիվ ՀՀԿ-ական էր եւ ընտրությունից ընտրություն ամեն ինչ անում էր իր կուսակցական «բոսերին» գոհացնելու համար, իր կնոջը գրանցել է որպես գյուղապետարանի պահակ: Աշխատավարձն ստանում էին, աշխատանքային ստաժը գրվում էր, բայց հո գյուղապետի կինը չէ՞ր գնալու գյուղապետարանում պահակություն աներ. նա չի աշխատել: Մանուկյանի նկատմամբ այս առիթով հարուցվել է քրեական գործ:  

Գեղանիստ համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանը, շրջանցելով օրենքը, գյուղապետարանի բյուջեից գումարներ էր դուրս գրել այլ համայքների բնակիչների անունով: Նրա վրա նույնպես հարուցված է քրեական գործ: 

Քրեական գործ է հարուցված նաեւ Արգավանդ համայնքի ղեկավար Գագիկ Օդուլխանյանի նկատմամբ: 

ՔՊ-ի համար ակտիվորեն աշխատում է Գետափնյա համայնքի ղեկավար Մկրտիչ Ազատյանը, որն ապօրինաբար սեփական շինություն է կառուցել բարձրավոլտ էլեկտրակայանի մոտ ու կանգնել մեծ խնդրի առաջ. շինությունը չի կարող օրինականացվել: 

ՔՊ-ի համար ձայն հավաքելու խնդրում ջանք ու եռանդ չեն խնայում Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանն՝ իր ընտանիքով: Այս ընտանիքը ժամանակին խիստ մտերիմ էր Սերժ Սարգսյանի հետ, քանի որ եղբայրներից Յաշա Հակոբյանը Սերժ Սարգսյանին սպասարկող ինքնաթիռի օդաչուն էր: Այս մտերմության շնորհիվ էր Սաշա Հակոբյանը երկար տարիներ «ընտրվում» Մասիսի քաղաքապետ: Իսկ թե ինչպիսին էր նրա ղեկավարած Մասիսը, լավ գիտեն հենց մասիսցիները: Սաշա Հակոբյանի նկատմամբ նույնպես կա հարուցված քրեական գործ. քաղաքապետ եղած ժամանակ Հակոբյանը նախկին ԺԷԿ-ի շենքը իբր նվիրել է մի կարիքավոր ընտանիքի, սակայն, հետո այդ շինությունը դարձել է նրա որդու սեփականությունը: Ուստի դեկտեմբերի 5-ի «քննությունից» շատ բան է կախված՝ Հակոբյանի հետագա ճակատագրի առումով. նա պատիժ կկրի՞, թե՞ կմնա ազատության մեջ: 

Սրանք ավագանու թեկնածուների վրա իշխանության ձեռքին եղած կոմպրոմատների մի մասն են: Ահա այսպիսի «փորձառուների» թիմով է թալանի դեմ պայքարի խոստումով իշխանության եկած ՔՊ-ական թիմը գնում ընտրության: 

Սոնա Մանվելյան