Նա խմբագրել է «Սովրեմեննիկ»-ը

Նա խմբագրել է «Սովրեմեննիկ»-ը

Ռուս բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Նեկրասովի ծննդյան 150-ամյակի առթիվ 1971թ․ Երեւանում հրավիրվել է համամիութենական գիտական կոնֆերանս՝ «Նեկրասովը եւ ԽՍՀՄ ժողովուրդների գրականությունը» թեմայով։ ԽՍՀՄ-ում, իհարկե, բոլորովին այլ արժեհամակարգ էր գործում, ինտերնացիոնալիզմն այնժամ դատարկ տարածություն չէր ամենեւին։ Բայց․․․ 
Բայց այսօր էլ ամենեւին արդարացված չէ մոռացության տալ մի մարդու 200-ամյակ, ով արտահայտելով իր հայրենիքի լավագույն զավակների կարծիքը՝ յուրաքանչյուրին կոչ է անում լինել քաղաքացի, ժողովրդի ազատության եւ երջանկության համար պայքարող մարտիկ։ «Դու կարող ես եւ պոետ չլինել, բայց քաղաքացի միշտ ես պարտավոր»,- գրել է նա։ Նեկրասովը 1847-66թթ․ Իվան Պանաեւի հետ հրատարակել է դեռեւս Ալեքսանդր Պուշկինի հիմնած «Սովրեմեննիկ» ամսագիրը։ Այդ ժամանակ էր, որ ամսագրի շուրջը համախմբվեցին Պետերբուրգի առաջադեմ հայ երիտասարդները։ «Հյուսիսափայլ»-ը ժամանակին թարգմանաբար հոդվածներ է ներկայացրել «Սովրեմեննիկ» ամսագրից։

Նիկոլայ Ալեքսեեւիչ Նեկրասովը ծնվել է Ուկրաինայի Վիննիցայի մարզում 28․11․ (10․12․) 1821թ․։ Ինչպիսի ծանր օրեր ասես, որ չի ապրել Նեկրասովը։ «Ուղիղ երեք տարի, հետագայում,- գրել է նա,- ես միշտ, ամեն օր քաղցած եմ եղել»։ Պատահական չէ, որ նրա ստեղծագործական հիմնական թեման կարեկցանքն էր ժողովրդի, աղքատների եւ ճնշվածների հանդեպ։ Նեկրասովի հայրն աչքի է ընկել կոպտությամբ եւ շվայտությամբ։ Փոխարենը բարի անձնավորություն է եղել մայրը՝ խելացի, կրթված կին, ում կերպարն ինքը ակնածալի սիրով է վերարտադրել։ Նեկրասովը հայտնի է դարձել «Ո՞վ է Ռուսաստանում լավ ապրում» պոեմով։ 1946-1971թթ․ տպագրվել են Նեկրասովի բանաստեղծությունների հայերեն չորս ժողովածուներ։ Նրա ստեղծագործությունները թարգմանել են Ռ․ Պատկանյանը, Հ․ Հովհաննիսյանը, Ալ․ Ծատուրյանը, Հովհ․ Թումանյանը, Ե․ Չարենցը, Ն․ Զարյանը, Պ․ Սեւակը եւ ուրիշներ։ Նեկրասովին եւ Թումանյանին բնորոշ են շեշտված ժողովրդականությունը, իրապաշտությունը, նրանք գրողական նույն տաղանդով են ներկայացրել աշխատավոր գյուղացու կարիքներն ու ծանր վիճակը։ 1956թ. լույս է տեսել Գ. Հովնանի «Ն. Ա. Նեկրասովը եւ հայ պոեզիան» աշխատությունը։

Այս հակիրճ հրապարակման մտահղացումը նպատակ չունի ռուս բանաստեղծի գրական հունձքի մասին մեկ անգամ եւս ընթերցողին հիշեցնելու։ Պարզապես ցանկացա հանրության ուշադրությունը սեւեռել երեւելիներին ավելի հաճախ հիշելու, նրանց հոբելյաններին գոնե ակնարկային անդրադարձ կատարելու անհրաժեշտության վրա։ ԽՍՀՄ-ի հանդեպ կարոտը չէ հերթական անգամ գրիչ վերցնելուս առիթը, այլ այն պարզ ճշմարտության գիտակցումը, որ լավ ազգայինը նաեւ համամարդկային արժեք է։ Նեկրասովը խորապես ազգային բանաստեղծ էր։ Բանաստեղծն իր մահկանացուն կնքել է 1877թ․ դեկտեմբերի 27-ին։ Նրա մանկության օրրանը՝ Յարոսլավլի մոտ գտնվող Գրեշնո (այժմ՝ Նեկրասովո) գյուղը, հավերժացրել է նրա անունը։ Կասկած չունեմ, որ Նեկրասովի խոհերն ու մտքերն այս խառնաշփոթ օրերի համար կարող են դառնալ հույսի եւ լույսի յուրատեսակ փարոս։

Վաղարշակ Ղորխմազյան