Այդպես չի լինում

Այդպես չի լինում

Կարծես թե բազմանում են նշաններն առ այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն աստիճանաբար վերադառնում է իրականություն: Այսինքն, սկսում է ընկալել, թե ինչն ինչոց է մեր տարածաշրջանում: Ինչ է տեղի ունենում մեր սահմաններին, ինչ վարքագիծ է դրսեւորում մեր արեւելյան թշնամին: Ինչ արժեք ունի խաղաղ դարաշրջանի մեկնարկի իր նախաձեռնությունը: Եվ, վերջապես, թե որքանով է դա իրականանալի «հայրենական պատերազմում» հաղթանակած Իլհամի ագրեսիվ նկրտումներին դեմ-հանդիման: Իհարկե, այդ ամենը դրսեւորվում է ոչ թե գործողության մեջ, այլ ընդամենը խոսքի մակարդակում: Բայց նույնիսկ դա է առաջընթաց, եւ դրա վկայությունն է վերջին ֆեյսբուքյան ասուլիսի այն հատվածը, որում Նիկոլը զարմացած հարց է տալիս, թե ինչ է նշանակում Ադրբեջանի նախագահի՝ «որտեղ ուզենք, կկանգնենք» արտահայտությունը: Եվ ինքն իրեն պատասխանում է՝ ընտրելով հարցական դատողության ձեւը. «սա նշանակո՞ւմ է արդյոք, որ միջազգային իրավունքի նոր էջ է բացվում»: 

Եվ քանի որ Իլհամը դժվար թե իր հաղթական պատվանդանից իջնի կապիտուլյացիոն ակտը ստորագրող Նիկոլի մակարդակին եւ պատասխանի նրա այդ հարցին, ես փորձեմ լրացնել բուհական ուսումը կիսատ թողած անձի գիտելիքներում առկա այդ բացը: Եվ այսպես՝ առաջին նախամարդու ի հայտ գալուց անմիջապես հետո նրան ուղեկից է եղել բնական ընտրություն կոչվածը, ինչն իր դեպքում դրսեւորվել է որպես ուժի մեխանիզմ: Եվ ստացվել է այնպես, որ մարդկության առաջընթացը եւ մարդկանց՝ ուժի իրավունքով շարժվելը վերածվել են անբաժանելի երկվորյակների նման երեւույթների: Սակայն քաղաքակրթության զարգացման շնորհիվ ուժի իրավունքն աստիճանաբար իր տեղն է զիջել իրավունքի ուժին: Այսինքն, մարդկանց փոխհարաբերությունների կարգավորումը ձեռք է բերել, այսպես կոչված, համաձայնագրային տեսք: Եվ որպես կարգավորման գործիք՝ առաջ է եկել օրենքը: Ի դեպ, օրենքի կարգավորիչ դերը մարդկությունն օգտագործել է դեռեւս անտիկ դարաշրջանում, երբ դեռեւս ձեւակերպված չէր եվրոպական ծնունդ համաձայնագրի գաղափարը: Մեզ հայտնի է, օրինակ, Բաբելոնի թագավոր Համուրաբիի (մ․ թ․ ա․ 1792-1750 թվականներ) ընդունած օրենքների ժողովածուն: 

Սակայն իրավունքի ուժը կյանքի կոչվեց ոչ թե համատարած կարգով, այլ ամեն մի առանձին երկրում՝ ավելի կամ պակաս չափով: Եվ, բնականաբար, դրան անմիջապես չհետեւեցին միջպետական հարաբերությունները, որոնք դեռեւս շատ հեռու են քաղաքակիրթ լինելուց: Ճիշտ է, մշակվել են որոշակի սկզբունքներ խաղաղ ժամանակաշրջանում, պատերազմների ընթացքում կամ դրանցից հետո որոշակի հարցերի կարգավորման առումով:

Դրանց առումով կնքվել են մի շարք համաձայնագրեր, ստեղծվել են միջազգային մարդասիրական կազմակերպություններ, օրինակ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Պետությունների միջեւ ստեղծվել են նաեւ անվտանգային առանձին համակարգեր, որոնց անդամակցող երկրները միմյանց նկատմամբ ունեն առանձնահատուկ փոխհարաբերություններ: Բայց այդ ամենը միշտ չէ, որ երաշխավորում է փոխադարձ ընդունելի կարգավորումներ: Նույնիսկ անվտանգային նույն համակարգի շրջանակում են տեղի ունենում ագրեսիվ քաղաքականության դրսեւորումներ: Դրա տիպիկ օրինակը 1975 թվականին 60 հազարանոց թուրքական զորաբանակի ներխուժումն էր Կիպրոս՝ իբրեւ թե թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, եւ կղզու բաժանումը հունական եւ թուրքական մասերի: Անցել է արդեն 46 տարի, սակայն Կիպրոսի հիմնախնդիրը չի գտել իր լուծումը եւ դժվար թե երբեւէ գտնի: 

Արդեն մեր օրերում մենք ականատես ենք դարձել թուրքական զորքերի ներխուժումներին իրեն սահմանակից Սիրիա, Իրաք եւ նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող արաբական Լիբիա երկիրը: Այս ակնառու օրինակները չտեսնելու ու չգիտակցելու եւ թյուրքական Ադրբեջան պետության հետ խաղաղ դարաշրջանի մեկնարկ նախաձեռնելու մտադրություն ունենալու համար պետք է լինել ուղղակի Փաշինյան Նիկոլ: Այսինքն՝ անձ, որը կատարում է բազմաթիվ ողբերգական սխալներ (եթե ոչ հանցագործություններ) եւ շարունակում է քշել իր էշը: Ու վերջապես գլխի ընկնել, որ «Ադրբեջանը միշտ է վարել ագրեսիվ քաղաքականություն» եւ «44-օրյա պատերազմից հետո ավելի է ագրեսիվացել» եւ որ «Ադրբեջանը փորձ է անում տարածաշրջանը վերածել ջունգլիների»:

Բայց միաժամանակ հույս ունենալ, որ «բոլոր միջազգային խնդիրները (իրականում՝ ոչ թե խնդիրները, այլ գործիքները կամ ձեւաչափերը՝ Վ. Ս.) գործի դնելով», կարելի է կասեցնել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը: Նույնիսկ Իրաքը, որ, ի տարբերություն Սիրիայի, ամբողջապես գտնվում է (կամ՝ էր) աշխարհի ամենահզոր տերության հովանավորության ներքո, ի վիճակի չեղավ թուրքական ներխուժումից պաշտպանել իր տարածքը: Էլ չեմ խոսում Սիրիայի եւ Իրաքի՝ հույս ստացած եւ հուսախաբված քրդերի մասին: Իսկ բոլոր տերություների հետ խնդիրներ ստեղծած, հյուսիսից արեւմուտք եւ արեւմուտքից հյուսիս անընդհատ տեղափոխվող Նիկոլին թվում է, թե դա իրեն կհաջողվի:

Արդեն մեկ տարի է, ինչ ես, ի հեճուկս մեր դառն իրականության, փորձում եմ պահպանել լավատեսություն մեր ապագայի առումով: Իհարկե, ոչ թե նիկոլական անմիտ եւ անհիմն «ապագա կա ապագա» կարգախոսի հանգույն, այլ բարդ տարածաշրջանում ծանր իրավիճակում գտնվող մեր հայրենիքի ապագայի առնչությամբ: Ուզում եմ հույս ունենալ, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն ավելի շուտ կհեռացվի այդ պաշտոնից, քան պաշտոնն ինքն արդեն գոյություն չի ունենա: Բայց, դժբախտաբար, մեր իրականությունն անընդհատ հուսախաբ է անում ինձ եւ ինձ նման մարդկանց՝ համարյա թե ինչպես քրդերին: Այնուամենայնիվ, հուսով լինելը գերադասելի է անհույս լինելուց: Եվ ես կրում եւ պահպանում եմ այն: