Հայաստանի ԱԳՆ-ն Վրաստանից պարզաբանման է սպասում

Հայաստանի ԱԳՆ-ն Վրաստանից պարզաբանման է սպասում

Հոկտեմբերի 11-ին՝ ավելի քան 4 ժամ վրաց-հայկական սահմանի «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, «Epress.am» լրատվական կայքի լրագրողներին արգելել են մուտք գործել Վրաստան։

Չորսը ժամ շարունակ լրոգրողները ստիպված են եղել բացատրություններ տալ անցակետի տարբեր աշխատակիցների, որ գործուղված են Ախալքալաք, Ախալցխա և Թբիլիսի՝ վրացական Newcaucasus.com-ի գործընկերների հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղացի լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների հետ հարցազրուցներ անելու համար։

Ինչպես հաղորդում է կայքը, պաշտոնական որևէ բացատրություն անցակետի աշխատակիցների կողմից չի տրվել։ Ասել են՝ «հավատարմագիր է պահանջվում» և «հարցազրույցի թույլտվություն»՝ առանց պարզաբանելու, թե կոնկրետ ո՞ր ատյանն է այն տրամադրում կամ որտե՞ղ է ամրագրված «թույլտվություն» ստանալու անհրաժեշտությունը։

Ուղեբեռի զննությունից հետո լրագրողներին բանավոր հայտնել են, որ տեսախցիկի, երկու միկրոֆոնների (բրոշկա), ամրակալի ու համակարգչի անցկացումն արգելվում է։ 

Այնուհետև լրագրողների մոտ է եկել  անցակետի մեկ այլ աշխատակից․ «Անհրաժեշտ է հավատարմագրվել, թույլտվություն ստանալ»,- ասել էն։  Ի պատասխան ասվեց, որ հայաստանյան լրագրողները՝ հատկապես նրանք, ովքեր ներգրավված են տարածաշրջանային նախագծերում, հաճախ են գալիս Վրաստան, վերջին անգամ նույն խմբագրության աշխատակիցները նույն անցակետով նույն նպատակով մուտք են գործել Վրաստան օգոստոսի վերջին, լրագրություն անելու համար թույլտվություն ստանալու մասին նախկինում երբևիցե չեն լսել։ Անցակետի աշխատակիցը պատասխանել է՝ «իրավիճակ է փոխվել»։

Մեկ ուրիշ սահմանապահ էլ ասել է, որ լրագրողները կարող են վերադառնալ հայկական կողմ, թողնել այնտեղ սարքավորումները և կրկին մուտք գործել Վրաստան։ Սահմանապահը հրաժարվել է վերադարձնել անձնագրերից երկուսը՝ պնդելով, որ դրանք մի քանի րոպեից կվերադարձնի իր՝ ելքի կնիքը դնող գործընկերը։

Հայաստանի անցակետի աշխատակիցն ասել է, որ սա իրեն պատահած առաջին դեպքն է, երբ առանց գրավոր բացատրության արգելում են մուտք գործել Վրաստան։ Լրագրողները մտել են Հայաստան, թողել նշված սարքավորումները, ապա վերադարձել վրացական անցակետ, որտեղ նրանց կրկին մերժել են։  «Իրավիճակի փոխվելու» մասին խոսող սահմանապահը, այս անգամ արդեն ագրեսիվ տոնով ասել է․ «Դուք չհասկացա՞ք, որ ձեզ չի կարելի մտնել Վրաստան»։

«Հրապարակը» ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանից փորձեց ճշտել, թե վրացական կողմից որևէ պարզաբանում եղե՞լ է դեպքի կապակցությամբ։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն տեղյակ են խնդրին․

«Մենք տեղյակ ենք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը զբաղվում է այդ հարցով: Ակնկալում ենք վրացական կողմի պարզաբանումը»,- ասաց Նաղդալյանը։