Արցախցի երիտասարդները՝ Արցախի առաջ առկա մարտահրավերների մասին

Արցախցի երիտասարդները՝ Արցախի առաջ առկա մարտահրավերների մասին

Գաղտնիք չէ, որ այսօր արցախահայությունը կանգնած է լրջագույն ու դժվարին մարտահրրավերների առաջ՝ հումանիտար աղետից մինչև թշնամու սպառնալիքներ ու սադրանքներ, բայց ի հեճուկս ամեն ինչի, արցախցին շարունակում է ապրել հայրենի հողում ու պայքարել իր նպատակներին հասնելու՝ ազատ անկախ ու հայկական Արցախ ունենալու համար:

Արցախի երիտասարդության շրջանում մի փաքր հարցում իրականացրեցինք՝ պարզելու համար, թե երիտասարդներն ի՞նչ մարտահրավեր են տեսնում Արցախի առաջ և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել ու ինչպե՞ս են պատկերացնում Արցախի ապագան:

ԱրՊՀ ուսանողուհի Էլեոնորա Պետրոսյան:

Գիտեք ... դժվար է հայ լինելը։ Փոքր ազգ ենք, բայց դարավոր պատմություն ունենք, որը մեզ ոչ մի բան չսովորեցրեց։ Ցավոք ,պատմությունը կրկնվում է։ Ես` որպես Արցախի մի մասնիկ, չեմ կարող համակերպվել այս իրավիճակի հետ։ Փորձում են ջնջել, փորձում են ոչնչացնել։ Գիտեք, ատում եմ այս փխրուն խաղաղությունը։ Խաղաղությու՞ն... հիմա՞... չկա ու չի եղել։ Ամբողջ աշխարհով մեկ լռում են, լռում։ Ու ես խոսքերի մասին չեմ ասում։ Դժվար է պատկերացնել ինչ կլիներ, եթե խաղաղապահներ չլինեին: Բայց արդյո՞ք պատմությունը կկրկնվի ու մենք կմնանք մեն ու մենակ, զատված, զրկված ու երազանքների գրկում քնած։ Որպես ուսանող, որպես քույր, որպես դուստր , որպես Արցախի ծաղկող ծառի մի փոքրիկ ծաղիկ պահանջում եմ, որպեսզի ոչ թե լինենք գործիք, այլ՝ գործենք։ Ճիշտ էր ասում մեր Մեծը, ճիշտ էր խրատում Չարենցը... Մեր միակ փրկությունը մեն ու միայն, մեր միասնականության մեջ է։

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուանողուհի Ասյա Միրզոյան:

Արցախի ժողովուրդը գտնվում է հայ ազգի նոր ցեղասպանության եզրին,և որպեսզի թույլ չտանք այն իրականացվի, պետք է հասնել աշխարհի կողմից Արցախի անկախության ընդունմանը։ Ես Արցախի ապագան պատկերացնում եմ այսպես՝ ունենալ մի երկիր, որի տարածքային ամբողջականությունը վերականգնված է և ընդունված՝ ամբողջ աշխարհի կողմից:

Շուշանիկ Լալայան

Արցախում սպասում ենք, որ կլինեն նոր սադրանքներ։ Քանի որ հստակ գիտակցում ենք, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է։ Եվ մեր հիմնական նպատակը, անկախ ամեն ինչից, ամրապնդվելն ու զարգանալն է, ամեն ինչ անել, որպեսզի միջազգային հարցերում մենք կարողանանք ներկայացնել մեր շահերը:

ԱրՊՀ ուսանողուհի Իրինա Գասպարյան:

Չնայած ամեն ինչի, ինձ թվում է, որ ամեն բան լավ է լինելու։ Կգա մի օր և մենք կունենանք, ինչպես ասվում է մեր հիմնում ՝ ազատ ու անկախ Արցախ։ Մենք անպայման դրան կհասնենք, որովհետև մենք շատ թանկ վճարեցինք դրա համար։ Մեր պատմությունը ապացուցել է, որ եթե մենք լինենք միասին, համախմբված, ապա մենք կհաղթենք: Ու ամենակարևորը, որ մեզ սովորեցնում է մեր պատմությունը, մեզ պետք է, որպեսզի մեր երկրի իշխանության գլուխին լինի հայրենասեր մարդ ու ժողովուրդը կգնա նրա հետևից մինչև վերջ։

ԱրՊՀ Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Նինա Աբրահամյան

Չնայած առկա ծանր մարտահրավերներին՝ մենք չենք հանձնվում և Արցախի Հանրապետության անկախությունն ու Սահմանադրությունը գործում են նույնությամբ։ Այս դժվարագույն իրավիճակում մենք պարտավոր ենք ուղիղ նայել իրականության աչքերին, արձանագրել առկա խնդիրները, դնել հստակ նպատակներ ու համատեղ աշխատանքով հասնել այդ նպատակներին։ Պետք է կառուցենք մեր ապագան մենք ինքներս՝ մեր համախմբվածությամբ, և առաջին հերթին պետք է հասնենք Արցախի Հանրապետության՝ որպես անկախ պետության ճանաչմանը:

Երիտասարդներից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք ՀՀ ներկայիս իշխանությունները կարող են ու ցանկություն ունե՞ն Արցախի հարցում հայանպաստ լուծման հասնելու ու ստացանք բավականին ուշագրավ պատասխաններ:

Ասյա Միրզոյանի կարծիքով ՀՀ ներկայիս իշխանությունները կարող են Արցախի հարցում հայանպաստ լուծում գտնել, բայց դեռ դրանով չեն զբաղվել և թվում է, որ նույնիսկ ցանկություն էլ չունեն զբաղվեն։ Շուշանիկ Լալայանը կարծում է, որ ՀՀ ներկայիս պարտված իշխանություններն ի վիճակի չեն կարգավորել Արցախի հարցը և ապահովել արցախահայության անվտանգությունը։

Դա է ապացուցում նաև վերջերս Փառուխ գյուղում կատարվածը, Արցախում գազամատակարարման խափանումները և այլ ադրբեջանական սանդրանքները, որին ՀՀ իշխանությունները պատշաճ չեն արձագանքել և գործնականում ոչինչ չեն կատարում։ Իսկ մինչ այդ,  ամեն ինչ թողած, ՀՀ Ազգային ժողովում քննարկում էին այսպես կոչված «աղի հարցը»։

ՀՀ իշխանություններն ուղակի ձեռքերը լվացել են Արցախից։ Այդպիսի պայմաններում է, որ արցախահայությունը իր անվտանգության հիմնական երաշխավոր համարում է ՌԴ-ին։ Նինա Աբրահամյանը նշված հարցի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց.

«Իմ կարծիքով՝ ՀՀ ներկայիս իշխանությունները չեն ուզում որևէ օգնության ձեռք մեկնել Արցախին, քանի որ մինչև հիմա անգամ Արցախը չեն ընդունել որպես ինքնիշխան պետություն։ Ամեն գնով պետք է հասնենք Արցախի անկախության ընդունմանը»։

Իսկ այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեին ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշիյան-Ալիև հերթական հանդիպումներից, արցախցի երիտեսարդների մոտ առանձնակի լավատեսական սպասելիքներ չկային: Շուշանիկ Լալայանը ցավով նշում է, որ  ոչ մի լավ ակնկալիքներ չկային բրյուսելյան հանդիպման հետ կապված, քանի որ ներկայիս ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում ժողովրդի շահերն ու միջազգային հարթակներում ի վիճակի չեն ներկայացնելու Արցախի հարցը։ Նրանք պատրաստ են խաղաղության, բայց ոչ մեր ժողովրդի կանոններով, այլ՝ Ադրբեջանի։

Իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել նաև Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Արշակ Աբրահամյանը՝ ընդդգծելով, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միանձնյա կերպով կայացնել որոշումներ և ստորագրել փաստաթղթեր`որոնց հետևանքների կրողը լինելու է Արցախում ապրող երիտասարդ սերունդը։ Արշակ Աբրահամյանն իր գրառման մեջ նաև պահանջում է Արցախի իշխանություններից, որպեսզի միջամտեն և թույլ չտան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու որոշի արցախցիներիս ճակատագիրը, քանզի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի ներկայիս իշխանությունները, Արցախի երիտասարդությունն ապրել և շարունակելու է ապրել իր ազատ և անկախ Հայրենիքում:

Վահե Հարությունյան 
Ստեփանակերտ