Թե ինչ պատահեց, երբ Զելենսկին մերժեց Շոլցի առաջարկը
Ռուսական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելու թեման շուտով վերածվելու է տնտեսական աշխարհի հիմնական խոսույթի: Հատկապես որ դրան նպաստում է արաբական երկրներից մեկից (կարծեմ՝ ԱՄԷ-ից) Չինաստանին վաճառվող վառելիքի դիմաց յուանով վճարելու պատրաստակամությունը: Վառելիքի դիմաց ԱՄՆ դոլարի (եվրոն էլ՝ դրան կից) դեմ ռուբլի-յուան զույգի «ընդվզումը» կարող է բերել դոլարի վրա հիմնված տնտեսական աշխարհակարգի հիմքի քայքայման: Հիշեցնեմ, որ այն հաստատվել է 1945 թվականի Բրետոն-Վուդսյան համաձայնագրով (երկրների արժույթները ոսկու հետ կապով) եւ 1971 թվականից այդ համակարգի փոխարեն ԱՄՆ դոլարի՝ որպես հիմնական ֆինանսական արժույթի հաստատումով:
Իհարկե, տեղեկատվական ոլորտում ռուս-ուկրաինական պատերազմի թեման երկրորդ պլան չի մղվի: Սակայն ապրիլի 1-ից, պատերազմին զուգահեռ, գազային թեման սկսել է զբաղեցնել արեւմտյան երկրների ղեկավարներին: Մի քիչ աննորմալ է հնչում, բայց աշխարհի ֆինանսական կարգավորման խնդիրն աստիճանաբար գերակա է դառնալու պատերազմից եւ մարդկային կյանքի հարցից: Սակայն եթե անկեղծ դիտարկենք այն, ապա մարդկային կյանքը միշտ էլ եղել է տարածքային էքսպանսիայի հետ միասին այդ երեւույթի ընդամենը սպասարկուն: Թե՛ մարտադաշտում կռվող զինվորի եւ թե՛ պատերազմում ավերվող շեների բնակիչների կյանքը ստորադասվել է տարածքներին եւ դրանցում առկա բնական ռեսուրսներին:
Այս հարցն առնչվում է նաեւ շարքային քաղաքացիներին: Նրանց, բնականաբար, հետաքրքրում է ոչ թե վճարման արժույթի խնդիրը, այլ օգտագործվող գազի կամ բենզինի գինը: Իսկ այն աննորմալ չափերի է հասել պատերազմի հետեւանքով եւ սպառնում է վերածվել ֆինանսական աղետի: Դրա դեմ պայքարի միջոցը բողոքի ակցիաներն են, որոնց ընթացքում ժողովրդավարական երկրների ոստիկանությունը նրանց բերման է ենթարկում: Իսկ աղետի վերածվելու հիմքը իրենց երկրների ղեկավարության կողմից գազի համար վճարը ռուսական ռուբլով կատարելուց հրաժարումն է: Որովհետեւ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանած «Մեծ յոթնյակի» եւ Եվրամիության երկրները ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու պահանջը պայմանագրերի խախտում են գնահատել: Եվ հայտարարել են, որ այն չեն կատարելու։
Պատկերացնո՞ւմ եք, թե Արեւմուտքի կողմից ինչպիսի երկաթյա տրամաբանություն է կիրառվում այդ հարցում: Արդեն մատակարարված եւ օգտագործված գազի դիմաց վճարումները սառեցվել են արեւմտյան բանկերում կամ ռուսական բանկերի արեւմտյան ստորաբաժանումներում: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ խոսակցություններ են գնում, որ այդ գումարները տրամադրվելու են Ուկրաինային՝ զենք գնելու կամ հետպատերազմական վերականգնման նպատակով: Այսինքն՝ գումարները պահում են, եւ դա բավարար չէ, մտածում են նույնիսկ այն տրամադրել ՌԴ թշնամի երկրին: Ու դա, բնականաբար, չի ընկալվում որպես պայմանագրերի խախտում: Իսկ պայմանագրերում արձանագրված արժույթի (դոլարի կամ եվրոյի) փոխարինումը մեկ այլ արժույթով (ռուբլով) համարվում է խախտում:
Ստացվում է, որ «Մեծ յոթնյակի» եւ Եվրամիության երկրները որոշել են Ռուսաստանից ստանալ եւ օգտագործել անվճար գազ: Կամ էլ, եթե հաշվի առնենք գումարներն Ուկրաինային տալու գաղափարը, հարսի կոնքով փեսու աչքին լավամարդ դառնալ՝ ինչպես կասեր մեր ժողովուրդը: Ի դեպ, ռուսական կողմը ՌԴ-ին ոչ բարեկամ երկրների ղեկավարությանն առաջարկել է ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում եւ այդպես վճարել մատակարարվող գազի դիմաց։ Վճարումները չկատարելու դեպքում, ըստ ՌԴ նախագահի, դա կհամարվի գնորդի կողմից որպես դեֆոլտ, եւ մատակարարումները կդադարեցվեն: Սակայն արեւմտյան երկրները ցանկանում են եւ՛ գազ ունենալ ե՛ւ չվճարել դրա դիմաց: Իրենց հակառուսականությամբ ավելի վճռական մերձբալթյան երկրներն էլ ընդհանրապես հրաժարվել են ռուսական գազից: Ինչը, ի դեպ, ավելի արդար է եւ ազնիվ:
Իսկ Սլովակիան, ընդհակառակը, համաձայնել է ռուսական գազի համար վճարել ռուբլով: Դրա մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկը՝ նշելով, որ ինքը կողմ է նաեւ ռուսական գազի հարցում ԵՄ-ի շրջանակում համատեղ գործելուն: Սակայն միաժամանակ ավելացրել է, որ երկիրն առանց գազի մնալ չի կարող. այն ապահովում է երկրի պահանջմունքի 80-85 տոկոսը: Աչքիս՝ նախարարի խոսքն այս օրերին Եվրոպայում առկա հազվադեպ առողջ դատողության արտահայտություններից մեկն է: Մինչ այդ Հունգարիան հրաժարվել էր աջակցել էներգետիկ ոլորտում հակառուսական պատժամիջոցներին: Գազի ներկրման 80 տոկոսը ռուսական էներգակրի հաշվին ապահովող երկիրը լրացուցիչ ստանալու է 1 մլրդ խոր/մ՝ միաժամանակ խուսափելով գնի բարձրացումից: Ի դեպ, Ուկրաինան ռուսական գազ է գնում հենց Սլովակիայից եւ Հունգարիայից, իսկ ինքը շարունակում է ապահովել ռուսական գազի տարանցումը եվրոպական երկրներ: Տարանցումն էլ ապահովված է, քանի որ պաշտոնապես Ուկրաինան պատերազմ չի հայտարարել Ռուսաստանին: Ի դեպ, ռուսական կայքերից մեկը հաղորդել էր, որ անցած շաբաթ ԱՄՆ-ն 43 տոկոսով ավելացրել էր ռուսական նավթի շաբաթական ներկրման ծավալը: Միաժամանակ, որպես առաջնային անհրաժեշտության ապրանքատեսակ, թույլատրել է ռուսական հանքային պարարտանյութերի ներկրումը:
Այս ողջ պատմությունը չէր ծագի, եթե ժամանակին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւս առաջնորդվեր առողջ դատողությամբ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, օրինակ, ռուսական ռազմական հատուկ գործողության սկզբից 5 օր առաջ Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ փորձել է Զելենսկուն համոզել, որ վերջինս հրաժարվի ՆԱՏՕ-ի կազմի մեջ ներառվելու ցանկությունից: Փորձել է համոզել, որ եթե Ուկրաինան հայտարարի չեզոքության մասին, ապա այն կդիտարկվի որպես Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լայն եվրոպական անվտանգության համաձայնագրի մաս: Այդ համաձայնագիրը կստորագրեին ՌԴ եւ ԱՄՆ նախագահները՝ համատեղ երաշխավորելով Ուկրաինայի անվտանգությունը:
Այդ տեղեկատվությունն ամերիկյան The Wall Street Journal պարբերականից փոխանցել է ռուսական РИА Новости գործակալությունը: Ինչպես գիտենք, Զելենսկին մերժել է այդ առաջարկն ու այսօր մեղադրում է Ռուսաստանին՝ որպես ագրեսորի, եւ արեւմտյան երկրներին, որոնք, իր կարծիքով, բավականաչափ սպառազինություն չեն մատակարարում Ուկրաինային: Այդպիսի բաներ… Իսկ 2020 թվականի աշնանային պատերազմի ընթացքում Փաշինյան Նիկոլի հռչակած «գերժողովրդավարական» Հայաստանը կերազեր սպառազինության արեւմտյան մատակարարումների մասին:
ՀԳ. Ս.թ. մարտի երկրորդ տասնօրյակին ռուսական ТАСС տեղեկատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին, հաղորդել էր, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին: Խոսքը գնում էր նաեւ գազի մատակարարումների գծով վճարումներին:
Կարծիքներ