Հերթի՞, թե՞ երթի մեջ

Հերթի՞, թե՞ երթի մեջ

Իր ՖԲ տնամերձում մեկը գրել էր. «Սկսած «Ելք»-ից՝ բոլոր դաշինքներն անխտիր ստեղծվել կամ, ավելի ճիշտ՝ ստեղծել են ու օգտագործել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի...»: Ասեմ, որ հեղինակը հանրության շրջանում այն համարումն ունի, թե Ռոբերտ Քոչարյանի համակիրն է: Ուշադրություն դարձրեք, խնդրեմ, գրառման մեջ առկա «անխտիր» բառին: Այսինքն՝ անխտիր բոլոր դաշինքները, այդ թվում նաեւ՝ «Հայաստանը»… Ստիպված եմ արձանագրել, որ հանրությանը ոչ անհայտ այս անձը վերջնականապես որակազրկվեց իմ աչքում: Նա կարող էր ավելի լայնախոհ լինել, բայց ի՞նչ անեմ, չստացվեց նրա մոտ:

Ընդդիմության մեջ մի նոր տեսակի բացիլ է առաջանում, որ պետք է խեղդել ձեւավորման փուլում: Դա մտածված, հաշվարկված, լավ քողարկված բացիլ է, որ ներդրվել է ընդդիմության՝ այս պահի թույլ, բայց անխուսափելի համախմբումը վիժեցնելու համար: Թե դա ում է ձեռնտու, դժվար չէ կռահել: Ըստ էության, փորձ է արվում առաջ քաշել «կոնսենսուս՝ մինուս Ռոբերտ Քոչարյան» կոնցեպտը, որն ուղղակի անհնար է մտցնել որեւէ քաղաքագիտական վերլուծության մեջ: Ես դրան կհակադրեի հետեւյալ հարցադրումը՝ ո՞ւմ է ձեռնտու քայքայել ԱԺ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը Փաշինյանի կողմից դավադիր փաստաթղթերի ստորագրումից առաջ, այն պահին, երբ դեռ հնարավոր է ԱԺ-ում վիժեցնել այդ փաստաթղթի վավերացումը, դեռ հնարավոր է անհրաժեշտ ձայների ապահովմամբ դիմել ՍԴ եւ կասեցնել պետության վերջնական կապիտուլյացիան:

Իմացանք, որ բացիլը որոշակի դրսեւորումներ արդեն ունեցել է: Ինչ-որ մարդիկ Մոնումենտի այգում նոր շարժում են սկսել, անունը դրել «Մայր Հայաստան» եւ մի խմբակային լուսանկար հրապարակել այդ հիշարժան առիթով: Ես նորմալ կվերաբերվեի այդ մարդկանց ձգտումներին, եթե նրանց մեջ «Հայաստան» դաշինքից ծանոթ դեմքեր չտեսնեի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հանկարծ «Հայաստան» դաշինքը չբավարարեց այդ մարդկանց, որ նրանք, իրենց երկու զույգ մի կենտ աջակիցներին հետեւներից գցած, բարձրացել են Մոնումենտ ու այնտեղից են հայտարարում ՀՀ հայրենադավ իշխանություններին հեռացնելու իրենց մտադրությունների մասին: Բան ունեիք անելու, անեիք «Հայաստան» դաշինքի կազմում, ո՞վ չէր թողնում ձեզ: Իսկ եթե հակասություններ կային, ապա ինչո՞ւ ձեր շարժմանը նոր անուն չեք դրել, վերցրել ու անվանել եք «Մայր Հայաստան»:

Օգտվելով առիթից՝ կուզենայի մի քանի բարեկամական խորհուրդ տալ նորօրյա սեպարատիստներին, որոնք որոշել են Նիկոլի խաղը խաղալ «Հայաստան» դաշինքի եւ այդ դաշինքի առանցք հանդիսացող ՀՅԴ-ի գլխին: Տղաներ, դուք շատ արագ եք բացահայտվում: Եթե մտածում եք, որ առանց ձեզ «Հայաստան» դաշինքը կլուծարվի, չարաչար սխալվում եք: Դաշինքի նախընտրական ցուցակը շատ երկար է, եւ այնտեղից ձեր անունները հեռացնելու դեպքում գլոբալ առումով ոչինչ տեղի չի ունենա: Նման ամպագոռգոռ քաղաքական դրսեւորումներ ունենալուց առաջ վատ չէր լինի, որ մի հայացք նետեիք քաղաքական դաշտին, որը, ըստ էության, բավականին խիտ «բնակչություն» ունի, բայց առանձնապես չի փայլում մտածելու օրգանի խտությամբ: Այդ դաշտից դուրս դրեք 1-2 քաղաքական ուժերի, եւ տակը կմնա «Սուտլիկ որսկանի» սագով փլավը: Կարող եք համենալ սեղանի շուրջ, եթե այնտեղ ազատ տեղ կա:

Ի դեպ՝ տեւական ժամանակ է քաղաքական դաշտում ակտիվ չեն ակնարկածս 1-2 քաղաքական ուժը: Ի՞նչ են արել մյուսներն առանց այդ ուժերի: Պատասխանեմ, լավագույն դեպքում՝ ապուշի դեր են կատարել Նիկոլի թատրոնում՝ մասնակցելով զանազան բեմադրությունների: Վերջինը, եթե չեմ սխալվում, «Հերոսածիններ» երկու գործողությամբ տրագիկոմեդիան էր: Եվ, անկեղծ ասած, ես ինձ վատ եմ զգում, երբ տեսնում եմ, թե ովքեր են այսօր շտապում միանալ այդ թատրոնի դերասանական կոլեկտիվին. մարդիկ, որ հայտնի են դարձել «Փրկության» շարժումից, մարդիկ, որ սխալմամբ բեմ են բարձրացվել Դիմադրության շարժման օրերին, քողարկված աֆերիստներ, լյումպեն պատեհապաշտներ, նեխող քաղաքական դիակներ, տարատեսակ ապաքաղաքական երեւույթներ: Վստահեցնում եմ՝ Նիկոլը ձեզ «բարիքյալլա» չի ասելու, ոչ էլ կլոր սեղանի մոտ է հրավիրելու` նա ձեզ կօգտագործի եւ մյուսների նման դեն կնետի որպես անպետք առարկա, երբ արդեն ձեր աջակցությամբ ավարտին հասցրած կլինի իր հրեշավոր ծրագիրը: