Մենք դա կարող ենք անել, մենք դա պետք է անենք

Մենք դա կարող ենք անել, մենք դա պետք է անենք

Վերջերս Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալված անառողջ մթնոլորտը զայրացնում է: Ռուսաստանի դրածո, էլ չգիտես, թե ինչ: Եթե նա լիներ, օրինակ՝ MI-6-ի, CIA-ի կամ Mossad-ի գործակալ, արդյոք, նման վերաբերմունքի կարժանանա՞ր: Մի կողմ թողնենք ազերիների արձագանքները: Հարկ է նկատել, որ ինչը վատ է ազերիների համար, լավ է հայերիս համար: 

Ռուբեն Վարդանյանի օրինակը՝ հանուն իր ժողովրդի ջանքերը, կարծես, չար նախանձ է առաջացրել որոշ միաբջիջների մոտ: Մինչդեռ Ռուբեն Վարդանյանի օրինակին կարող էին հետևել աշխարհի հայ հայտնիները և անգամ՝ անհայտները: ՀՀ-ում կամ Արցախում նրանց բնակություն հաստատելը կարող է անգամ չհանրայնացվել, բայց աշխարհում կան հայ հայտնիներ, որով նման նախաձեռնությունները կարող էին զարգացնել և նոր ուժ հաղորդել Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությանը:

Ասենք, եթե Քիմ Քարդաշյանը նման քայլը աներ՝ իր երեխաների հետ միասին բնակություն հաստատեր Արցախում կամ ՀՀ-ում…

Ցանկալի է, որ այդպես վարվեն նաեւ հեղինակություն վայելող հայերը. մտավոր բնագավառի ներկայացուցիչներ, մշակույթի և բիզնեսի ոլորտում հաջողության հասած անձինք և այլն: Թե չէ, հեռվից խորհուրդներ տալը կամ հուզական գրառումներ ու հայտարարություններ անելը ոչ մի իրական օգուտ չեն բերելու: 

Աշխարհում էլ պետություն և հեղինակավոր կազմակերպություն չմնաց, որ ազերիներին չհորդորեր՝ բացել Լաչինի միջանցքը, անհապաղ բացել: Չգիտես, թե ինչու հապաղում են: Հապաղում են, որովհետև լավ գիտեն (գուցե նախքան հայտարարություն անելը, բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զանգահարում տեղեկացնում են դրա մասին, միաժամանակ ասելով, որ չանհանգստանան), որ նման հայտարարությունները քաղաքավարական ժեստ են, ոչ ավելին: 

Այս առումով ուշագրավ է և ստեղծված իրավիճակին համարժեք, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը. «Ներկայիս շրջափակման նպատակն է թուլացնել և բնաջնջել Արցախի հայությանը այնպիսի ցեղասպանական սպառնալիքների միջոցով, ինչպիսիք են սովի սպառնալիքները, էթնիկական դրդապատճառներով բռնությունները։ Թուրքիան և Ադրբեջանը պետք է անհապաղ պատժամիջոցների ենթարկվեն, և շրջափակումը պետք է դադարեցվի»…Միջազգային հանրությունը պետք է հարգի Արցախի ինքնորոշման իրավունքը»: 
Միջազգային հանրությունն առայժմ դա չի անում, իսկ որոշ հանրություն էլ լռում է, օրինակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, ով զբաղված է կոնկրետ գործով՝ Եվրոպայի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից ապահովելով: Ըստ էության, սա ավելի արժանապատիվ դիրքորոշում է, քան օդ թափահարելը…վայ վույ անելը:

Վերջերս Թրամփը հայտարարեց, թե մեկ օրում կկանգնեցներ ռուս-ուկրաինական պատերազմը: Անհասկանալի է, եթե ԱՄՆ նախագահ եղած ժամանակ նա անկարող է եղել կանգնեցնել հայ-ադրբեջանական պատերազմը (ներկայիս ռուս-ուկրաինական պատերազմի համեմատ, բայց՝ մեծամասշտաբ ու անասելի ողբերգական՝ հայերիս համար), ապա ինչպե՞ս է պատկերացնում դա անել իր ներկա կարգավիճակով: Իսկ նա 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարել էր. «Տեսնենք, թե պատերազմը կարո՞ղ ենք դադարեցնել»…

Այդ մենք՝ ազգովի պետք է տեսնենք, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից և ինչ կարող ենք անել դրա համար, առանց ավելորդ հայտարարությունների, այլևայլ հուզական դրսևորումների: Մենք դա կարող ենք անել, մենք դա պետք է անենք:

Գագիկ Վարդանյան