Ո՞ւմ ցավակցեմ Գորբաչովի մահվան կապակցությամբ

Ո՞ւմ ցավակցեմ Գորբաչովի մահվան կապակցությամբ

Իսկապես չեմ կողմնորոշվում: Թերեւս միայն իր ընտանիքի անդամներին: Նույնիսկ չգիտեմ՝ արժե՞ արդյոք ցավակցել գերմանացիներին, որոնք հիտլերյան ավանտյուրայից 40-45 տարի անց Գորբաչովի շնորհիվ կրկին տեր դարձան իրենց երկրի ամբողջականությանը: Մահացել է մի մարդ, որ վերջ է դրել երկաթյա վարագույրի դարաշրջանին եւ սկիզբ դրել համաշխարհային քաոսին: Նա միջազգային բազմաթիվ մրցանակների էր արժանացել եւ, միեւնույն ժամանակ, բազմաթիվ ժողովուրդների ու ազգերի անեծքին: Ինչպե՞ս կարող էին, օրինակ, հայերն ու ադրբեջանցիները հավասարապես անիծել նույն մարդուն: Այ, այդքան անհասկանալի մարդ էր Միխայիլ Գորբաչովը:

Նրա օրոք, երբ արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, կենտրոնական հեռուստատեսությունն ու մամուլը մե՛կ մեր կողմն էին պահում, մե՛կ՝ Ադրբեջանի: Ադրբեջանին քննադատում էին Սումգայիթի համար, իսկ մեզ՝ անջատողականության: Գորբաչովը չկարողացավ այնպես անել, որ Արցախի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, որպես հետխորհրդային եղբայրական հանրապետությունների միջեւ ծագած հարց: Նա չէր հասկանում կամ չէր ուզում հասկանալ խնդիրը եւ ցնցվել էր, երբ Սպիտակի երկրաշարժի ցավից տնքացող հայերն իրենից հետաքրքրվել էին Ղարաբաղի ճակատագրով:

Իր սխալները չընդունող մարդ էր Գորբաչովը: Այս իմաստով նա շատ նման էր Նիկոլին, բայց, ի տարբերություն հայ պերեստրոյչիկի, իր սխալների մեջ նախկիններին մեղադրելու հնարավորություն չուներ: Նա հո չէ՞ր կարող Բրեժնեւին մեղադրել ԽՍՀՄ բոլոր ազգերին ու ազգություններին միմյանց դեմ հանելու մեջ: Բայց նա էլ ազգերին ու ազգություններին էր մեղադրում, որ չեն կարողանում խաղաղ ապրել: Կարծիք կա, որ Գորբաչովն Արեւմուտքի մարդն էր՝ գործակալը: Նմանատիպ կարծիք կա Սահակաշվիլու, Պորոշենկոյի, Նիկոլի, Զելենսկու եւ էլի շատերի մասին: Ու նաեւ այս հանգամանքով է բացատրվում Գորբաչովի եւ թվարկյալների նմանությունը՝ սեփական սխալները չընդունելու հարցում: Այստեղ Արեւմուտքն է որոշում՝ սխալվո՞ւմ են նրանք, թե՞ ոչ: Եթե Արեւմուտքը որոշի, որ իր գործակալներն այլեւս բանի պետք չեն, ապա նրանք կհեռացվեն անմիջապես: Գորբաչով, Սադամ Հուսեյն, Սահակաշվիլի, Պորոշենկո… Անխուսափելիորեն նույն ճակատագրին կարժանանան նաեւ Նիկոլն ու Զելենսկին:

Ո՞ւմ ենք ցավակցելու, երբ Սահակաշվիլին մահանա: Վրաց ժողովրդի՞ն: Իսկ գուցե գործող վարչախմբի՞ն: Հաստատ չի կարելի նման բան անել, քանի դեռ Սահակաշվիլին Վրաստանում ազգային հերոս չի հռչակվել: Վրացիները մեզ չեն հասկանա: Նույնն է նաեւ Պորոշենկոյի, առավել եւս՝ Զելենսկու պարագայում: Նիկոլը մեռավ՝ էլի նույն վիճակն է լինելու: Նրա մահվան կապակցությամբ ցանկացած ցավակցական հեռագիր արտերկրից ծաղրուծանակ է լինելու հայ ժողովրդի հասցեին: Եվ մեր արտաքին գործընկերները, կարծում եմ, այդքան շնորհք կունենան, որ նման ապուշ քայլ չանեն ու հիմա էլ հայ ժողովրդին չթշնամացնեն իրենց դեմ: Հեշտ չէ ցավակցել մեկի մահվան կապակցությամբ, որ կենդանության օրոք իր երկրի ու ժողովրդի ամենամեծ դժբախտությունների պատասխանատուն էր:

Նիկոլը, կարծում եմ, այնքան ֆայմ կունենա, որ Պուտինին չցավակցի Գորբաչովի մահվան կապակցությամբ: Ավելի լավ է՝ Արեւմուտքին ցավակցի եւ Ռուսաստանում ու ամբողջ աշխարհում սփռված հակառուսական տարրերին: Ինքն ի վերջո նաեւ այդ սբրոդի ներկայացուցիչն է Հայաստանում եւ փողեր է ստանում միայն այն բանի համար, որ մեր երկրում բազմացնի ու ամրապնդի արեւմտյան այդ սբրոդը: Այս ծանր պահին չարժե ցավակցել նաեւ ռուս կոմունիստներին: Վերջիններս պատճառ չունեն Գորբաչովի հեռանալու կապակցությամբ տխրելու կամ սուգ պահելու: Նիկոլի բախտն այս իմաստով մի փոքր բերել է: Եթե նա համաձայնի հենց հիմա գնալ էն աշխարհ, ՔՊ-ին դեռ կարելի կլինի ցավակցել: Ալեն Սիմոնյանին, Սուրեն Պապիկյանին, Քոչարյան Անդոյին, Աղազարյան Հովիկին, Էշ ճոճողին, Ալեքսանյան եւ Հովակիմյան Վահագներին, ինչու ոչ՝ Հակոբյան Հրաչին: Ավելին ասեմ, երբ նրանք Նիկոլի հոգեհանգստին հավաքված լինեն գերագույն գլխավոր դիակի շուրջ, պետք է մոտենալ եւ, դեմքին տխուր արտահայտություն տված, ձեռք սեղմել, սփոփանքի խոսքեր ասել: Չգիտեմ՝ ՀԺ-ն ինչպես կներկայացնի այդ ամենը միջազգային հանրությանը, բայց մենք գոնե հոգեկան հանգստություն կզգանք մեր սովորություններով նրան վերջին հրաժեշտը տալու կապակցությամբ:

ՀԳ․ Երկար կյանք Նիկոլին: Նա պետք է դատվի: