Բախումներ վրացի ոստիկանների և քաղաքացիների միջև․ նախագահն աջակցել է ցուցարարներին
Թբիլիսիում խորհրդարանի մոտ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ 14 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հայտնել է, որ մեկ ոստիկան վիրավորվել է «ցուցարարների բռնի գործողություններից»։
Նա ստացել է բուժօգնություն։ Բոլոր 14 բերման ենթարկվածները մեղադրվում են մանր խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեջ։
Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք խախտել են հասարակական կարգը, դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին, վիրավորել և չեն ենթարկվել հրահանգներին։ Նախօրեին իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ սրվել է, երբ ոստիկանները թույլ չեն տվել ցուցարարներին երթ անել շենքի շուրջը: Հանրահավաքի մասնակիցներին բարձրախոսներով զգուշացրել են հատուկ միջոցներ կիրառելու հնարավորության մասին։
Պարբերաբար տեղի են ունեցել բանավոր վիճաբանություններ, բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև։ Լարվածությունը թուլացել է միայն այն բանից հետո, երբ խորհրդարանն ավարտել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քվեարկությունը և իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները լքել են օրենսդիր մարմինը։ Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները ևս հեռացել են խորհրդարանի մոտից։
Վրաստանի խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ աջակցել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծին։ Դրա վերաբերյալ լսումները տեղի են ունեցել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության և ընդդիմության ներկայացուցիչների միջև թեժ բանավեճերի ֆոնին, որը երեկ ուղեկցվել է նաև խորհրդարանի շենքում զանգվածային ծեծկռտուքով։ Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստ բերելու օրը դեռ հայտնի չէ։
Այսօր՝ Վրաստանի ժամանակով 11:00-ին, նրանք մտադիր են կրկին հավաքվել Վրաստանի խորհրդարանի մոտ։ Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին կոչ է արել ոստիկանությանը չմիջամտել օրենսդիր մարմնի մոտ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի խաղաղ ցույցին։ «Հանրային պաշտպանը կոչ է անում Վրաստանի ՆԳՆ-ին չմիջամտել հանդիպման մասնակիցներին՝ օգտվելու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից»,- ասված է օմբուդսմենի հայտարարության մեջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս աջակցել է խորհրդարանի շենքի մոտ «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց բերման ենթարկելու մեջ:
Կարծիքներ