«Բանանային» վարչապետը և զուգահեռները ԱՄՆ-ում հունվարյան դեպքերի հետ

«Բանանային» վարչապետը և զուգահեռները ԱՄՆ-ում հունվարյան դեպքերի հետ

Հիմա, երբ արդեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, գնահատելով իմքայլականների գործողությունները, ամբոխահաճո ու պետական մտածողությանն անհամապատասխան քաղաքականության հետևանքները, հանդես եկավ իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ։ 

Քիչ անց Փաշինյանը ԳՇ հայտարարությունը որակեց «ռազմական հեղաշրջման փորձ» և իր կողմնակիցներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում։ Իմքայլական վարչապետի այս հայտարարությունները նման են քաղաքացիական պատերազմի կոչի՝ հաշվի առնելով նախկինում իր, իր իմքայլական շրջանակների նախկին գործողությունները և ծայրահեղականությունը։

Հայաստանում խորացած քաղաքական ճգնաժամը նման է այս տարվա հունվարին ԱՄՆ-ում կարճ ժամանակ տևած քաղաքական ճգնաժամի հետ։ Նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո (հաստատված տվյալների համաձայն) ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական Դոնալդ Թրամփը փորձել էր կիրառել բոլոր հնարավոր միջոցները պաշտոնում մնալու համար։ 

Թրամփը իր հայտարարություններում հղում էր անում ժողովրդին և իր ստացած ձայներին (70 միլիոն)։ Իմքայլականները նույնպես շարունակ հղում են անում «ժողովրդի աջակցությանը» և իրենց վարչապետ Փաշինյանի ստացած ձայներին։ Սակայն տարբերությունն այն է, որ ԱՄՆ նախկին նախագահ շարժվում էր պետական շահերով, չնայած՝ իր գործողություններում պոպուլիստական տարրերին։ 

Իրավիճակը բավականին նման հայաստանյան իրականության հետ, իհարկե այն կարևոր տարբերությամբ, որ Թրամփը վերջին պահին առաջնորդվեց պետական մտածողությամբ և հրաժարվեց քաղաքական իրավիճակը սրելուց։ 

Ինչո՞ւ է իրավիճակը մեծ վերապահումներով նման Թրամփի հետընտրական հայտարարություններին ու գործողություններին։ Երբ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում, այս տարվա հունվարի 6-ին ընթանում էր 2020-ի նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վավերացումը, Հանրապետական գործիչը նախօրոք կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել շենքի մոտակայքում ու ճնշում գործադրել իր օրոք ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վրա՝ չհաստատելու արդյունքները։ Նա նաև Փենսին մեղադրել էր համարձակություն չունենալու մեջ։ 

Իսկ Թրամփի այս գրառմանն ի պատասխան ԱՄՆ նախկին Փոխնախագահը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Սահմանադրությունը պաշտպանելու և պահպանելու իմ երդումը ինձ կաշկանդում է միակողմանի լիազորություն պարտադրել` որոշելու, թե որ ընտրական ձայները պետք է հաշվել, և որոնք` ոչ»։ Հավելենք, որ որպես փոխնախագահ՝ Փենսը նախագահում էր ընտրությունների արդյունքները հավաստող վերջին քայլը, որն, ըստ ԱՄՆ Սահմանադրության, մեծամասամբ կրում է արարողակարգային բնույթ։ Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, ճեղքելով ոստիկանական պատը, ներխուժել էին Կապիտոլիում՝ խափանելով ընտրությունների արդյունքների վավերացումը, իսկ օրենսդիրները տարհանվել էին։ Չնայած որոշ ժամանակ անց՝ իրավիճակը հանդարտվելուց հետո, վերադարձել ու հաստատել էին արդեն Դեմոկրատական Բայդենի հաղթանակը։ Կոնգրեսի պալատ ներխուժման հետևանքով զոհվել էր առնվազն 5 մարդ։

ԱՄՆ նախկին նախագահի այս քայլերից, հայտարարությունների հետո «Թվիթեր» և «Ֆեյսբուք» խոշոր սոցիալական ցանցերը արգելափակել էին նրա հաշիվները։ 

Մինչ Կապիտոլիումի վրա գրոհն ԱՄՆ պաշտպանության (Պենտագոն) նախկին նախարարները հունվարի 3-ին նամակ-հայտարարութուն էին փոխանցել ամերիկյան «Վաշինգթոն Փոստ» պարբերականին։ Ուշագրավ նամակը ստորագրել էին Թրամփի օրոք Պնախարարներ աշխատած Ջեյմս Մեթթիսը (2017-19) և Մարք Էսփերը (2019-20), նախկին նախարարներ Դիք Չեյնին (1989-93), Լեոն Պանետտան (2011-13), Դոնալդ Ռամսֆելդը (2001-2006), Ուիլյամ Քոենը (1997-2001), Չակ Հեյգելը (2013-15), Ռոբերթ Գեյթսը (2006-11), Վիլյամ Փերին (1994-97) և Էշթոն Քարթերը (2015-17)։

Անդրադառնալով Թրամփի՝ զինված ուժերի հնարավոր գործադրման մասին հայտարարություններին՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին. «ԱՄՆ ընտրությունների արդյունքները որոշելու համար բանակի համար դերակատարում չկա»: 

Փաշինյանն իր իշխանությունը պահելու, ընդդիմադիր գործողությունները ճնշելու համար ծայրահեղ կերպով գործադրում է իր ենթակայության տակ գտնվող ուժային կառույցները՝ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը, և տարբեր մարդկանցից կազմված խմբեր։  Իմքայլական վարչապետը չի ուզում հրաժարվել վարչապետի աթոռից՝ Հայաստանը և Արցախը կապիտուլյացիայի տանելուց, երկրի ներքաղաքական ճգնաժամը խորացնելու, Հայաստանը և Արցախը մարդկային ու տարածքային կորուստների տանելուց հետո։

Կապիտոլիումի վրա գրոհից հետո դատապարտող հայտարարություններով էին հանդես եկել նաև ԱՄՆ նախկին նախագահները։ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հարձակումը որակել էր «մեր պետության [ազգի] համար մեծ անպատվության և ամոթի պահ»։  43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը Թրամփի հայտարարությունների հետևանքով տեղի ունեցածը որակել էր մի բան, որը տեղի է ունենում «բանանային հանրապետությունում, ոչ թե մեր ժողովրդավարական հանրապետությունում»: 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն անկարգությունների տեսարանն անվանել էր «աննախադեպ հարձակում մեր Կապիտոլիումի, մեր Սահմանադրության և երկրի վրա»: Այսպիսի զարգացումներից ելնելով՝ Թրամփին հեռացնելու կոչով հանդես էր եկել հեղինակավոր պարբերական «Վաշինգթոն Փոսթը»։

Ի վերջո, Դոնալ Թրամփը համաձայնվել էր փոխանցել իշխանությունը և հեռանալ, ի տարբերություն Փաշինյանի։ Բայց նաև պետք է նշել, որ Թրամփը Միացյալ Նահանգների չի հասցրել սոցիալ-քաղաքական խորը ճգնաժամի, տարածքային ու անվտանգային կորուստների։
Համեմատության նպատակը ցույց տալն էր, թե ինչ է նշանակում խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, որի հետևանքով պետությունը խրվում է ճգնաժամի մեջ։ 

Հավելենք նաև, որ Արցախը և Հայաստանը կապիտուլյացիայի տարած Փաշինյանի հրաժարականը պահանջել են խոշոր ուսումնական հաստատությունները, համայնքների մեծ մասը, մշակութային, պետական, ռազմական գործիչներ։