Ժողովրդագրական փոս

Ժողովրդագրական փոս

Թեպետ առաջին հայացքից ազգային անվտանգության գլխավոր բաղադրիչները ռազմականն ու տնտեսականն են, այդուհանդերձ, դրանք «սնուցողը» կամ աջակցողը ժողովրդագրականն է: Այս բաղադրիչի վատթարացումը դանդաղ գործողության ռումբ է ցանկացած երկրի հեռանկարի համար: Առանձին, խոր հետազոտության հարց է, թե ինչու տեւական ժամանակ ՀՀ բնակչության թվաքանակը չի բարձրացել, ինչու երբեւէ տեղի չի ունեցել ժողովրդագրական բում, ինչու տասնամյակներ առաջ նույնիսկ զանգվածային հայրենադարձությունը, որը նշանակալիորեն նպաստեց բնակչության քանակի ավելացմանը, այդուհանդերձ, հետագայում, «լավ ժամանակներում», չհանգեցրեց բնակչության բնական աճի բումին: 

ՀՀ բնակչության 2020 թվականի բնական շարժի հիմնական ցուցանիշներից երեւում է, որ մեր երկիրը հայտնվել է «ժողովրդագրական փոսում»: Բնակչության բնական բացարձակ հավելաճը կազմել է 1077 մարդ (2018թ.՝ 10823, 2019 թ.՝ 9855), 1000 բնակչի հաշվով (պրոմիլ) 2018, 2019 եւ 2020 թվականների ցուցանիշը կազմել է համապատասխանաբար՝ 3.6, 3.4 եւ 0.4: Ծնվածների ցուցանիշի աննշան փոփոխության պայմաններում նշանակալի է եղել մահացության ցուցանիշի փոփոխությունը. 2018թ.՝ 25 751, 2019թ.` 26 186, 2020թ.՝ 35 371: 2019 թվականի համեմատ, 2020 թվականին մահացածների թիվն աճել է 9․185-ով (արական սեռինը՝ 5․902, իգականինը՝ 3․283) կամ 135.1%-ով: Ամուսնությունների թիվը 2020 թվականին նախորդ տարվա նկատմամբ նվազել է 3․382-ով կամ 21.7%-ով:

Ակնհայտորեն, ժողովրդագրական վիճակի վրա բացասաբար ազդել է երկու գործոն՝ կորոնավիրուսի համավարակը եւ պատերազմը: Համավարակի պատճառով մահացածների թիվը 2021թ. փետրվարի 23-ի դրությամբ կազմել է 3.171: Եթե 2020 թվականին այս պատճառով մահացածների թիվն ընդունենք 3 հազար, ապա 6 հազարը կարելի է վերագրել պատերազմին եւ այլ, պակաս ազդեցություն ունեցած գործոններին, որոնցից էականը սոցիալ-տնտեսականը կարող է դիտարկվել, թեպետ ոչ պակաս ազդեցություն կարող է ունեցած լինել հասարակության հոգեբանական վիճակը:

Մնում է հուսալ, որ բնակչության բնական շարժի արդյունքում առաջացած «ժողովրդագրական փոսը» հետագայում չի ընդլայնվի ու չի հանգեցնի նրան, որ երկիրը հասնի ժողովրդագրական «անդառնալի կետին»: Սակայն միայն հույսով ապրելը հազիվ թե բավարար լինի այդ փոսից դուրս գալու համար, առավել եւս, որ լսվում են արտագաղթի վտանգի մասին խոսակցություններ: Պահանջվում են արտակարգ միջոցառումներ՝ ստեղծված վիճակը հաղթահարելու համար:

Գագիկ Վարդանյան