Ինչու Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ «մերձավոր դաշնակցությունից»

Ինչու Ռուսաստանը չի հրաժարվում Հայաստանի հետ «մերձավոր դաշնակցությունից»

Ռուսաստանի իշխանությունները չեն ցանկանում արձանագրել այն փաստը, որ Հայաստանն այլեւս Ռուսաստանի դաշնակիցը չէ, չնայած դեռեւս շարունակում է կապված մնալ դաշնակցային պարտավորություններով: Երկրների միջեւ հարաբերությունները կարելի է գնահատել նրանց միջեւ առկա փոխգործակցության իրական մակարդակով, ոչ թե նախկինում ստորագրված, բայց չգործող պայմանագրերով կամ դրանց առանձին դրույթներով: Հայաստանն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանին այլեւս չի համարում դաշնակից եւ բարեկամ, իսկ Ռուսաստանը, հակառակը՝ շարունակում է պնդել, որ Հայաստանն իր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է:

Հայաստանի վարչապետի պաշտոնը կատարող Նիկոլ Փաշինյանն ավելի շատ շփվում է արեւմտյան երկրների ղեկավարների եւ արտգործնախարարների հետ, բայց ոչ՝ Ռուսաստանի: Այս շաբաթ նա Փարիզում հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, դրանից առաջ Երեւանում հանդիպել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Հունգարիայի ԱԳ նախարարների հետ: Դրա փոխարեն Փաշինյանը հրաժարվում է ընդունել ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ղեկավարների հանդիպումներին մասնակցելու հրավերները: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է Փաշինյանը հանդիպել ՌԴ նախագահի հետ, կամ երբ է ՌԴ ԱԳ նախարարն այցելել Երեւան: Օրերս Մոսկվայում ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների հավաք էր, բայց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մերժեց այդ հավաքին մասնակցելու հրավերը: ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովան ասում է, որ չնայած Գրիգորյանը չի մասնակցել հավաքին, բայց դրա փոխարեն Հայաստանում ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, բայց կարեւորը` Հայաստանն այդ հավաքին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանի մակարդակով: Ուրեմն Հայաստանի ԱԽ քարտուղարի համար Լուի Բոնոյի հետ հանդիպելն ավելի կարեւոր էր, քան Ռուսաստանի իր պաշտոնակից Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպումը: Հիմա ո՞վ է Հայաստանի դաշնակիցը`ԱՄՆ-ն, թե ՌԴ-ն:

«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանից ինչ ՀԱՊԿ անդամ, եթե Հայաստանի իշխանությունն անտեսում կամ արհամարհում է ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելու բոլոր հրավերները: Կամ՝ ինչպե՞ս է դրսեւորվում ռազմավարական գործընկերությունը: Ռազմավարական գործընկերությունը կամ մերձավոր դաշնակցությունը սոսկ բառեր չեն, դրանք պետք է որոշակի դրսեւորում ունենան, արտահայտվեն գործողություններով, որոնք իրականում չկան: 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների խզման մեղքն ուզում է գցել Արեւմուտքի վրա: «Արեւմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերություն անել՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- ասել է Լավրովը: Լավրովի տրամաբանությունը հետեւյալն է. ոչ թե Ռուսաստանի ձախողված կամ հաջողված արտաքին քաղաքականության հետեւանքով են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները վատթարանում, այլ ուղղակի արեւմտյան երկրներն են սիրաշահում Հայաստանին: Եթե չսիրաշահեին, ապա ամեն ինչ լավ կլիներ, Հայաստանը կշարունակեր մնալ Ռուսաստանի ազդեցության տիրույթում, անկախ Ռուսաստանի կողմից իրականացվող հակահայկական գործողություններից: Լավրովն ասում է նաեւ, որ Հայաստանը չունի սեփական տեսակետ եւ դիրքորոշում, նրան ուղղակի սիրաշահում են, խաբում են, Հայաստանն էլ, հավատալով այդ խոստումներին, Ռուսաստանի դեմ ընկերություն է անում: Արեւմտյան երկրների հետ ցանկացած համագործակցություն Ռուսաստանն ընկալում է իր դեմ ուղղված գործողություն:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանն ընկերություն չի անում Հայաստանի դեմ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ընկերությունն ուղղված չէ՞ Հայաստանի դեմ: Մի՞թե Ադրբեջանը չի սիրաշահում Ռուսաստանին, որի արդյունքում կարողացավ երկու փուլով տիրանալ Արցախին, եւ արդյո՞ք Ռուսաստանը գործուն մասնակցություն չունեցավ Արցախի հայաթափմանը: Արցախում գտնվող խաղաղապահ զորախմբի մի քանի սպաներ Ռուսաստանի խայտառակ եւ ամոթալի գործողություններից հետո դիմում են գրել զինվորական ծառայությունից հեռանալու մասին՝ սեփական պարտավորություններից հրաժարվելը եւ գործարքի գնալը նվաստացուցիչ եւ անհամատեղելի համարելով տղամարդու եւ զինվորականի իրենց ընկալումների հետ:

Արցախում տեղի ունեցածից հետո Ռուսաստանը եւ Հայաստանն այլեւս ո՛չ մերձավոր դաշնակիցներ են, ո՛չ էլ ռազմավարական գործընկերներ, իհարկե, դրանում իր մեղքի հսկայական բաժինն ունի նաեւ Հայաստանի գործող իշխանությունը, բայց դրանից հարաբերությունների ներկա գնահատականը չի փոխվում: Հայաստանն այդքան համարձակություն չունի՝ խզելու Ռուսաստանի հետ դաշնակցային պայմանագրերը եւ հայտարարելու դաշնակցային հարաբերությունների խզման մասին, քանի որ վախենում է, որ մերձավոր դաշնակից ու ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարող է Ադրբեջանին սիրաշահել ու օգնել՝ տիրանալու Հայաստանի այլ տարածքների եւս: Հայաստանն ուզում է, որ Ռուսաստանն ինքը դուրս գա Հայաստանից, ինչպես Փաշինյանն է ասում` Հայաստանը չի դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա մամուլի խոսնակ Մարիա Զախարովան էլ իրենց հայտարարություններով հասկացնում են, որ չնայած Հայաստանի բոլոր ջանքերին, Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից, որովհետեւ Հայաստանին համարում է «մերձավոր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր», անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունի Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ: Մի խոսքով, Ռուսաստանի հեռանալու մասով հանկարծ հույսեր չփայփայեք:

Ավետիս Բաբաջանյան