Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 28

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 28

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր քսանիններորդ՝ ապրիլի 28:

2018թ․ ապրիլի 28 - Դեռ տոնվում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նոր վարչապետի ընտրության օրը մայիսի 1-ն է: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է. ոչ մի կասկած չկա, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը հաղթանակել է, այդ հաղթանակի տերը Հայաստանի քաղաքացին է, ժողովուրդը: Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է, այսուհետ Հայաստանի բոլոր քաղաքացիներն ապրելու, գործելու համար հավասար հնարավորություններ են ունենալու, օրենքի առաջ բոլորը հավասար են լինելու: Կյանքն ապացուցեց, որ այդպես չէ։

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարում է՝ շատերի համար անսպասելի ու բազմամարդ հանրահավաքները հընթացս փոխեցին առաջնորդի մտահղացումներն ու նպատակները (ախորժակն ուտելուց է բացվում)․ «Մերժիր Սերժին» կարգախոսը շատերի համար աննկատ դարձավ «Նիկոլ՝ վարչապետ»: Եվ այժմ, ըստ էության, կարելի է արձանագրել, որ նոր կարգախոսն է՝ «Քա´յլ արա, ընտրի´ր Նիկոլին»: Իսագուլյանն ահազանգեց. «Հրեշին սպանողը թե հրեշի տեղը նստեց, ինքն է հրեշ դառնալու: Նիկո´լ, ես քո կողմնակիցը չեմ, չեմ եղել ու չեմ լինի, ես գիտեմ քո մտքերն ու դրանք չեմ կիսում: Քանի դեռ ուշ չէ՝ քա´յլ արա, սթափվի´ր»: Կոչը մնաց անարձագանք: 2021-ի դեկտեմբերին Իսագուլյանը ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց, մի քանի ամսից մեծ գրավով ազատ արձակեցին։ «Սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով» մեղադրանքով՝ Աննա Հակոբյանի հասցեին արված ինչ-որ արտահայտությունների համար:

2019թ․ ապրիլի 28 - Պեկինում ավարտվեց մետաքսի ճանապարհի 2-րդ ֆորումը, ու պարզվեց, որ շահագրգիռ բոլոր երկրները փորձում են իրենց շահն առաջ տանել: Ռուսաստանը փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ, Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց՝ իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես մետաքսի ճանապարհի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Հայաստանը չկա ու չկա:

2020թ․ ապրիլի 28 - «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի հետ կատարվածից պարզ է դառնում, որ թավշյաները որդեգրել են իրենց նախորդների ոճը՝ բիզնես խլելու: Խաչատրյանը հայտարարում է. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում՝ հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս՝ ներկայացվել է մեր մյուս կարեւոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը եւս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաեւ ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչեւ այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ՝ առավելագույն ցածր գնով»։ 

Նիկոլ Փաշինյանն ու նրա մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը սոցկայքերում հայհոյանքներով ու վիրավորանքներով պատասխանեցին Խաչատյանին: Գուրգեն Խաչատրյանը դիմեց դատարան եւ շահեց դատը: Դատարանը որոշեց, որ սոցկայքում Նիկոլ Փաշինյանը պետք է ներողություն խնդրի զրպարտելու եւ վիրավորելու համար: Չխնդրեց:

2021թ․ ապրիլի 28 - Մոտ մեկ տասնյակ կուսակցություն, բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ հայտարարում են, որ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը՝ իբրեւ վարչապետի պաշտոնակատարի, կհանգեցնի գալիք ընտրությունների իրավակարգության ուղղակի վտանգմանը, որի հետեւանքով մենք կունենանք ցածր օրինականություն ունեցող թույլ եւ խամաճիկային խորհրդարան, այսինքն՝ նաեւ գործադիր իշխանություն: Բերվում է ոչ վաղ անցյալի օրինակ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարը Կարեն Կարապետյանն էր: Իմքայլական պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը թավշյա հակափաստարկ է բերում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է մնա պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք ունի հրաժարական տալուց հետո մնալ վարչապետի պաշտոնում, բայց, այ, Սերժ Սարգսյանը չուներ նման իրավունք:

2022թ․ ապրիլի 28 - Նախորդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման շտապելիս վրաերթով սպանեց հղի կնոջը՝ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում։ Ավտոշարասյունը մեկ վայրկյան անգամ կանգ չառավ, որպեսզի օգնություն ցուցաբերեր վթարի ենթարկված կնոջը, շտապ օգնությունը եւ բժիշկներն անզոր եղան նրա կյանքը փրկելու։ 29-ամյա հղի Սոնա Մնացականյանն առաջնեկին էր սպասում։ Վթարի ենթարկած վարորդը՝ Փաշինյանին ուղեկցող մեքենան վարող մայորը, մեկ օր անգամ չմնաց կալանքի տակ՝ նրան դատարանն ազատ արձակեց։ Նիկոլ Փաշինյանն անգամ ցավակցությամբ հանդես չեկավ։ Եվ պարզվեց, որ ՔՊ խմբակցության հետ հանդիպման շտապելու առանձնապես կարեւոր պատճառ էլ չի եղել, որ արդարացված լիներ կատաղի արագության տակ քաղաքով 10-12 մեքենայով սլանալը։ Ուղղակի Փաշինյանը վախենում է դանդաղ ընթացքից եւ, առհասարակ՝ մարդկանց հետ շփվելուց, որովհետեւ անընդհատ սպասում է, որ իր դեմ մահափորձ կձեռնարկվի։
Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ