Նիկոլական ռասիզմ

Նիկոլական ռասիզմ

Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչական ապահովմանը լծված civic.am կայքը զբաղված է նացիզմի եւ դրա ծայրահեղ դրսեւորման՝ ռասիզմի քարոզով: ՔՊ խմբակցության պատգամավոր, խորհրդարանում այս խմբակցության խոսափող համարվող Վահագն Ալեքսանյանի ենթակայության տակ գործող այս կայքը երկու օր առաջ ցնցող բացահայտում է անում՝ գրելով, որ «առանց թուրքի Հայաստան» կարգախոսներով ընթացող հանրահավաքներին եւ երթերին մասնակցում է նաեւ գեներալ Վալերի Քոչարյանը, ում աղջիկն ամուսնացած է թուրքի հետ, նրա թոռները թուրքեր են, կրում են թուրքական ազգանուն ու իսլամադավաններ են: Կայքը գրում է, որ Վալերի Քոչարյանը միայն պատերազմից հետո է դադարել ծառայել Հայաստանի ԶՈւ-ում եւ պարբերաբար այցելում է աղջկա ընտանիքին:

Հոդվածի հեղինակի տրամաբանական շղթան հետեւյալն է.  Վալերի Քոչարյանի աղջիկն ամուսնացել է ազգությամբ թուրքի հետ, նրա թոռները թուրքեր են, եւ քանի որ նա էլ այցելում է իր թուրք փեսային, հետեւաբար՝ ծառայություններ է մատուցել Թուրքիային, այդ թվում նաեւ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, քանի որ այդ ժամանակ ծառայել է Հայաստանի զինված ուժերում: Քանի որ Վալերի Քոչարյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, ուրեմն ընդդիմությունն է պատասխանատու պատերազմում կրած պարտության համար եւ ոչ թե իշխանությունը: Վահագն Ալեքսանյանի եւ նրա ներկայացրած քաղաքական թիմի մտքի տրամաբանական շղթայի հաջորդ օղակն էլ այն է, որ եթե Վալերի Քոչարյանը ծառայություններ է մատուցել Թուրքիային եւ հիմա էլ մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին ու երթերին, ապա ստացվում է, որ ընդդիմությունն է կապված Թուրքիայի հետ եւ ոչ թե իշխանությունը, ինչպես որ պնդում են իշխանության քննադատները: Եվ վերջապես՝ ինչպե՞ս կարող է ընդդիմությունն ունենալ «առանց թուրքի Հայաստան» կարգախոս, եթե իր շարքերում կա մեկը, ում աղջիկն ամուսնացած է թուրքի հետ, իսկ թոռներն էլ թուրքեր են:

Ընդդիմության հանրահավաքները եւ իշխանությունը կորցնելու վախը ստիպում են, որ գործող վարչախումբը բացահայտի իր իրական էությունը, որը փորձում էր քողարկել ազատականության եւ ժողովրդավարության քողի տակ: Այդ վախը ստիպում է, որ իշխանությունը բացահայտի իր՝ ռասիզմի եւ ֆաշիզմի հետեւորդ լինելը: Փաստացի նիկոլական իշխանությունը քարոզում է «ռասայական հիգիենայի» գաղափարախոսությունը՝ ասելով, որ ավելի բարձր հայկական ռասայի ներկայացուցիչն իրավունք չուներ ամուսնանալու ցածրագույն ռասայի ներկայացուցիչ թուրքի հետ, քանի որ, ըստ «ռասայական հիգիենայի» տեսության հիմնադիրների եւ հետեւորդների, բարձրագույն եւ ցածրագույն ռասաների խաչասերումը որեւէ լավ արդյունքի չի կարող հանգեցնել: Հայաստանում մինչ այժմ պետական կամ իշխանական մակարդակով որեւէ մեկը թուրքի, իրանցու, հնդիկի, ռուսի կամ ֆրանսիացու, կամ որեւէ այլ ազգի ներկայացուցչի հետ ամուսնությունը չի դիտարկել որպես դավաճանության կամ ազգադավության դրսեւորում:

Փաստացի հիմա դրա մեկնարկը տրված է: Հաջորդ քայլը կարող է լինել ռասայական մաքրության ստուգման լաբորատորիայի հիմնումը, որի ղեկավար հանգիստ կարելի է նշանակել Վահագն Ալեքսանյանին կամ գործող իշխանության որեւէ այլ ներկայացուցչի: Այդ լաբորատորիան կարող է զբաղվել ընդդիմության հանրահավաքներին մասնակցողների, նրանց ընտանիքի անդամների, այդ թվում եւ՝ փեսաների ու հարսների, թոռների եւ ծոռների ռասայական մաքրության ստուգմամբ: Իշխանությունը կարող է կազմել հատուկ տեղեկությունների շտեմարան, որտեղ կհավաքվեն տվյալներ այլ խառնամուսնությունների մասին. ում փեսան կամ հարսն է ռուս, ուկրաինացի, ֆրանսիացի, հրեա, թուրք եւ այլն: Ինչ դավանանքի հետեւորդ են նրանք, եւ ով քանի անգամ է այցելում իր թոռներին կամ այլ ազգականների:

Երբ ընդդիմությունը վանկարկում է «առանց թուրքի Հայաստան», ամենեւին նկատի չունի, որ թշնամի է հռչակում թուրք էթնոսին եւ նրա ցանկացած ներկայացուցչի: Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը շատ լավ գիտեն, որ ընդդիմության պայքարն իր եւ իր իշխանության քաղաքականություն դեմ է, մի քաղաքականություն, որը միտված է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները հնազանդորեն կատարելուն, ցանկացած, այդ թվում՝ ազգային եւ պետական շահերը ոտնահարելու գնով Թուրքիայից ու Ադրբեջանից խաղաղություն մուրալուն, հանուն եւս մի քանի տարի իշխանության մնալուն, եւս մի քանի տարի Հայաստանն ու հայ հասարակությանը հարստահարելուն սեփական հարստության չափը մեծացնելուն: «Առանց թուրքի Հայաստանը» թուրքական գաղութատիրությունից եւ այդ գաղութատիրության դրոշակակիրը դարձած իշխանություններից ազատվելու կարգախոսն է:

ՀԳ. Ֆաշիզմի եւ ռասիզմի դրսեւորումներից մեկն էլ վոժդիզմն է, ինչի չքողարկված դրսեւորման ականատեսն ենք:

Ավետիս Բաբաջանյան