Ես իսկական հայ եմ. միամիտ ու բոլորին հասկացող

Ես իսկական հայ եմ. միամիտ ու բոլորին հասկացող

Ինչո՞ւ միամիտ: Որովհետեւ երկրի նախկին ղեկավարներին (իսկ պատերազմի ժամանակ ու դրանից անմիջապես հետո, նույնիսկ այսօրվա ղեկավարին) տարբեր հրապարակումներով, ինչպես մի քանի հեղինակավոր անձինք, այնպես էլ ես, կոչ ենք արել հանդիպել, քննարկել ստեղծված բարդ ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը: Վերջին կոչն ուղղված էր ՀՀ նախկին նախագահներին («ՀՀ նախկին նախագահներին», «Հրապարակ», 19 մայիս, 2021): Ապարդյուն:

Ընդդիմությունը, այդուհանդերձ, հայտնվեց կռիլովյան առակի դերում: 
Եվ ահա, ՀՀ առաջին նախագահը հանդես է գալիս մի հրապարակմամբ («Փաշինյանը, իրոք, պարտության միակ պատասխանատուն չէ», 24 մայիս), որը տարակուսանք է առաջացնում: Նախ նկատենք, որ Փաշինյանին ոչ մեկի աջակցությունը պետք չէ, նույնիսկ իր թիմինը: Նրան միանգամայն բավարարում է իրավապահ համակարգը:

Երկրորդ․ անհասկանալի է Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անցյալ տարվա դեկտեմբերի 3-ի հայտարարության ռեւիզիան. «Նիկոլ Փաշինյանը հենց իրենց ստեղծածն է, իրենց կրեատուրան»: Փոխառնելով մեծարգո առաջին նախագահի խոսքերը՝ թույլ տվեք նկատել, որ «այս գնահատականի հետ կարելի էր լիովին համաձայնել, եթե այն կեսճշմարտություն չլիներ»: Ստացվում է, որ առաջին նախագահը, նման ձեւակերպման դեպքում, ոչ մի կապ չի ունեցել երկրում իրենից հետո տեղի ունեցած զարգացումներում, ոչ մի մասնակցություն չի ունեցել 2018 թվականի նախերգանքը հանդիսացող 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններին; ՀՀՇ-ն եղել է, կա ու կլինի, քանի դեռ Հայաստանը «շնչում է»: Սա ո՛չ լավ, ո՛չ էլ վատ իմաստով է ասվում, քանի որ այնպես է ամեն ինչ ապականվել, որ մարդիկ կորցրել են կողմնորոշիչները:

«Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը՝ որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը: Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն՝ հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին»: Ազնիվ չէ: Մի՞թե երկրորդ, երրորդ նախագահների սեղաններին դրված չեն եղել փոխզիջումային առաջարկները, որոնց նրանք համաձայնել են: Բայց Ադրբեջանը տարբեր պատրվակներով վիժեցրել է դրանք՝ թյուր կարծիք ձեւավորելով, թե հայերը չեն գնում փոխզիջման: Հիմա, երբ ականատեսն ենք նոր զարգացումների, մի՞թե պարզ չէ, որ Արցախն ավելի պակաս է նրանց հետաքրքրել, քան Սյունիքը:

Անդրադառնանք առաջին նախագահի եւս մեկ նկատառմանը. «Դժբախտաբար, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում տիրող ետպատերազմյան հռետորաբանությունը կրկին հագեցած է արտաքին աշխարհից աջակցության սին ակնկալիքներով, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ շարունակվող հոխորտանքներով ու վրեժխնդրության անլուրջ, եթե ոչ վտանգավոր, սպառնալիքներով»: 

Իսկը 1988 թվականի TAСС-ի ոգով հաղորդագրություն. «Экстремистски настроенные лица…»… Այսինքն՝ ստացվում է, որ հոխորտում ենք, սպառնում ենք թուրքերի՞ն: Երեւի նույն բանն էլ արել են 1915 թվականին, ինչի համար էլ «պատժվել» են: Մեզ մնում է միայն հայցել Թուրքիայի ներողամտությունը՝ ցեղասպանվելու համար: Այսպիսի կարծիքների առկայության պայմաններում Թուրքիան էլ ինչպես վարվեր, եթե ոչ ցեղասպանությունը չընդունելն է: Չընդունելը, որ հայ ժողովրդի մի ստվար հատվածի ոչնչացմամբ վերացրել է իր հայրենի հողում ինքնիշխանության հաստատման համար անհրաժեշտ տարածական գործոնը: Իսկ այժմ ավելի կատարելագործված սցենարով ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասում իր ծրագիրն ավարտին հասցնելուն:

Եվ վերջում՝ այս նկատառման մասին. «Իմ կյանքում ես միայն մի քանի խորաթափանց մարդկանց եմ հանդիպել, որոնք դեռեւս տասնյակ տարիներ առաջ, խորհրդային ժամանակներում, Հայաստանի ապագան պատկերացրել են մեր նախկին սխալները չկրկնելու եւ հարեւան ժողովուրդների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկարում»: «Ղարաբաղ» կոմիտեում առնվազն երկու բարձրակարգ ինտելեկտուալներ կային. Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Վազգեն Մանուկյան: Ինչո՞ւ նրանք չեն կարողացել կանխել ղարաբաղյան շարժումը՝ լավ գիտակցելով, որ մենք չենք կարող երկիրը զարգացնել այնպես, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն: Իսկ աղքատ ու թույլ զարգացած երկիրն ինչպե՞ս կարող է ագրեսիվ, զավթելու մոլուցքով տառապող հարեւանների հետ հաշտ ու խաղաղ ապրելու հեռանկար ունենալ: Դա ի զորու է անել բացառապես տնտեսական մեծ ներուժ, հետեւաբար, ռազմարդյունաբերական զարգացած համալիր ունեցող, «ժողովրդագրական փոսում» չհայտնված երկիրը:

Այնպես որ, մեծարգո առաջին նախագահի վերջին հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընտրական շրջանում կրքերը բորբոքելու, «ալիքները» խառնելու հնարք:

ՀԳ. Ցավում եմ, որ ստիպված եղա նման ձեւով արձագանքել երկրի հիմնադիր նախագահին:

Գագիկ Վարդանյան