ՀՀ նախկին նախագահներին

ՀՀ նախկին նախագահներին

Ես ինձ երբեք թույլ չեմ տվել կարծիք հայտնել որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի մասին, առավել եւս՝ նախագահների: Իմ պատկերացմամբ՝ դա ստրկամտություն չէ, այլ հարգանք պետական ինստիտուտների նկատմամբ: Բայց, նկատի ունենալով այն, որ բավական բարդ իրավիճակում է (չափազանց մեղմ ասած) հայտնվել մեր երկիրը, խախտում եմ այդ սկզբունքը:

Ինչո՞ւ: Այսօր, վաղ առավոտյան մի նոյեմբերյանցու հանդիպեցի: Սպասում էինք մի արհեստավորի` ուշանում էր: Ժամանակը կարճելու համար՝ հարցրի Նոյեմբերյանի դեղձի, հոնի օղու, էկոլոգիապես մաքուր գոճիների ու նման բաների մասին: Որպեսզի զրույցը լինի վստահելի, հիշեցի մի միջադեպ, որը տեղի էր ունեցել Կոթիում: Բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես կառավարությունից, այնպես էլ ՄԱԿ-ից, ժամանել էին տարածաշրջանի մի գյուղի դպրոց՝ տեսնելու, թե ֆինանսական աջակցությունն ինչպես է տեղ հասել: Կոթիում կորցրի դրամապանակս, որի մեջ մեծ գումար եւ փաստաթղթեր կային: Զանգահարեցի Կոթիի գյուղապետին: Մեկ օր անց եկավ մայրաքաղաք` դրամապանակը վերադարձնելու. մի հովիվ էր գտել: Դրանից հետո նա բացվեց, խոսեց անկեղծ, բայց թախիծով ու զայրույթով: Հարց տվեցի. «Այրումի պա­հածոների գործարանն աշխատո՞ւմ է»: Պատասխանեց, որ այն գոյություն չունի: 

Հիմնավոր կասկածներ կան, որ ՀՀ նախկին նախագահներն այդպես էլ չեն գիտակցել, թե ինչ են արել: Գուցե եկե՞լ է ժամանակը: Նիկոլի մասին մի մտահոգվեք, նա այն բանի ծնունդն է կամ ածանցյալը, ինչը դուք, գուցե, այդպես էլ խորությամբ չեք ըմբռնել. չեք հասկացել, թե ինչ եք արել (որպես դաստիարակված եւ մտավորական անձնավորություն՝ կխնդրեի ներողություն այս տոնի համար, բայց դրա ժամանակը չէ): Նիկոլը գնացող է, ինքն էլ լավ գիտակցում է: Նա գնացող է այնպես, ինչպես դուք եք գնացել նախկինում։ Ոչինչ հավերժ չէ: Ուղղակի մի քանի հարց: Հասցեատերերն իրենք կհասկանան, թե որ հարցն է իրենց ուղղված:
1. Ո՞ւմ եղբայրն էր գաղափար հայտնել, թե մի 15 մեծահարուստ «կպահեն» Հայաստանը:
2. Ո՞վ է համարել, որ ազգային գաղափարախոսությունը սին կատեգորիա է:
3. Ո՞վ է պատասխանատու երկրի արդյունաբերական պոտենցիալի վերացման եւ արդյունաբերական երկիրն ագրարայինի վերածելու համար:
4. Ո՞վ է մեղավոր տնտեսության կառուցվածքային աղավաղումների, երկրի անվտանգային սպառնալիքներին եւ բնակչության պատշաճ կենսամակարդակին դրա անհամապատասխանության համար:
5. Ո՞վ է երկիրը «կառավարել» բրեժնեւյան ժամանակներին հանգույն:
6. Ո՞վ է ապականել քաղաքական դաշտը:

Սրանք ընդհանրացված հարցեր են: Ձեր իշխանության ժամանակահատվածների մանրամասն փաստերը, վերլուծությունները, ենթադրաբար, ինչ-որ տեղում կլինեն: Թեպետ այդ «տեղերն» էլ ունեն այսօրվա իրավիճակի համար պատասխանատվության ոչ պակաս չափաբաժին:

ՀԳ. Նշված հարցերը հռետորական են: Ցանկալի է, որ երեք նախկին նախագահները հանդիպեն միմյանց եւ անկեղծ զրույց ունենան: Զրույցի բովանդակությունը հրապարակայնացնել պետք չէ: Ընտրությունների ընթացքը եւ հետընտրական զարգացումները կլինեն ցուցիչներն այն բանի, որ մեծարգո անձինք, այդուհանդերձ, գիտակցել են, թե ինչ են արել եւ թե ինչու այդպես չպետք է անեին:

Հարգանքով, Ձեր ապաշխարանքի ու զղջման ակնկալիքով՝
Գագիկ Վարդանյան