«Հայանպաստ» Ալիեւն ու Փաշինյանը եւ «անշնորհակալ» հայերս

«Հայանպաստ» Ալիեւն ու Փաշինյանը եւ «անշնորհակալ» հայերս

Սթափ մտածող ու գիտակից հայաստանցիները կորցրել են քունն ու հոգեկան հանգիստն այն բանից հետո, երբ Փաշինյանը խոստովանեց․ «….Ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետեւ դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին»: Ու քանի որ Փաշինյանի խոսքերն ու գործերը հակադարձ համեմատական են իրար, ապա կարելի է համոզված լինել, որ եթե նա ասում է, որ «այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով», ապա այդ փաստաթուղթը Հայաստանի հարյուր տոկոսով կործանման մասին է. Փաշինյանը հերթական աղետն է նախապատրաստում մեզ համար: Իսկ այդ փաստաթղթի գոյության մասին նա խոսեց ու խոստովանեց միայն այն բանից հետո, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց այն եւ գաղտնազերծեց Փաշինյանի պետական գաղտնի քայլերը,  գործարքները, որոնք նա իրականացնում է հասարակության թիկունքում, եւ որի մասին տեղյակ չէ անգամ ՀՀ ԱԳՆ-ն: 

Թշնամական հարաբերություններ ունեցող եւ պատերազմող երկու երկրների միջեւ հնարավոր չէ, որ վավերացվի այնպիսի փաստաթուղթ, որը հարյուր տոկոսով շահեկան լինի մի կողմի համար, այն էլ՝ պատերազմում պարտված կողմի: Այդ դեպքում կընդդիմանա երկրորդ կողմը: Այդ երկրների շահերը խիստ հակասում են իրար, եթե այն շահեկան է մի կողմի համար, ապա խիստ ոչ շահեկան է մյուս կողմի համար. եթե ստորագրվելիք փաստաթուղթը հարյուր տոկոսով շահեկան է Հայաստանի համար, ապա այն հարյուր տոկոսով հակասում է Ադրբեջանի շահերին: Սա տարրական տրամաբանություն է։ Բայց բանից պարզվում է, որ Հայաստանի ղեկին վերջապես ունենք մի «հզոր» ղեկավար, որն ունակ է թշնամի երկրի հետ այնպիսի բանակցություններ վարել, որ հենց այդպիսի փաստաթուղթ ստորագրի… Ճիշտ է՝ շուրջ 10 օր չի կարողանում 250 զինվորի հեռացնել ՀՀ պետական տարածքից, բայց այնքան հզոր է, որ մեզ համար շահեկան փաստաթուղթ է ստորագրում։

Փաստորեն ստացվում է, որ երբ Ադրբեջանի նախագահ Ալիեւը մատ է թափ տալիս Հայաստանի վրա ու ասում է, որ գալու է «Էրիվան, Զանգեզուր, Սեւան», ապա դա ասում է Հայաստանի շահերից ելնելով։ Երբ ադրբեջանցի դիվերսանտները գալիս մտնում են ՀՀ ինքնիշխան տարածք, զինաթափում ու ծեծում մեր զինվորականներին, դա էլ են անում մեր երկրի շահերից ելնելով, Սյունիքի մարզ մտած հազար ադրբեջանցիները եկել են, որ Հայաստանի համար լավ լինի: Մի խոսքով, Ալիեւն ու Փաշինյանն ամեն ինչ անում են ի նպաստ Հայաստանի: Իսկ մենք՝ «անշնորհակալներս», բողոքում ենք, դուրս ենք գալիս փողոց, պայքարում ենք, Հայաստանի «ամենահայանպաստ» ղեկավարին «դավաճան» ենք անվանում, մերժում ենք, թե բա՝ չենք ուզում, որ հայաստանանպաստ թուղթ ստորագրվի…