Զեյնալյանն ամեն գնով խուսափեց գնահատել դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետի կոչը

Զեյնալյանն ամեն գնով խուսափեց գնահատել դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետի կոչը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր իրեն հատուկ ոճով խուսափեց գնահատել կամ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելուն ուղղված կոչը։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարն ասաց, որ դա քաղաքական պրոցես էր, որին չի շտապի գանահատական տալ։ «Այստեղ պետք է տարանջատենք իրավական և քաղաքական գործընթացները։ Սա քաղաքական գործընթաց էր, և ես չեմ շտապի դեռևս գնահատականներ տալ»,-ասաց պարոն Զեյնալյանը։

Իսկ երբ կտա նման գանահատական, պարզվեց՝ երբ որ ժամանակը գա։

Էլի մի քանի անհաջող փորձ եղավ,  Արտակ Զեյնալյանից գնահատական կորզել գոնե իրավական առումով, օրինակ՝ Hraparak.am-ը հետաքրքրվեցին, թե այդ կոչն արդյոք սահմանադրական կարգի տապալման փո՞րձ չէր, բայց Զեյնալյանն անդրդրվելի էր՝ որոշել է ոչինչ չասել ու վերջ։

Ի դեպ, նա անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործի վարույթը կարճելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշմանը։ «Այդ որոշումը վիճարկելու վերաբերյալ լսել եմ հայտարարություն տուժող կողմի ներկայացուցչի անունից, հետևաբար դրա վերաբերյալ գնահատական տալ չեմ կարող, ինքս նաև ծանոթ չեմ գանգատին, որպեսզի կարողանամ գնահատել դրա հիմնավորվածությունը և անհրաժեշտությունը»,-այս հարցի շուրջ ևս խուսափեց գնահատական տալ Արտակ Զեյնալյանը։