ՀՀԿ-ն օրենքից դուրս հայտարարեք և ՀՀԿ-ականներին աշխատանքից ազատեք

ՀՀԿ-ն օրենքից դուրս հայտարարեք և ՀՀԿ-ականներին աշխատանքից ազատեք

Երեկ ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանն անհարմար դրության մեջ դրեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նրա խոսնակ Աննա Օհանյանին մեղադրանքներ հասցեագրելով, ով նստած էր նախարարի կողքին։ 

«Դուք մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին եւ եղել է ՀՀԿ անդամ։ Արդյոք նա ազնվորեն եւ անկեղծորեն կարո՞ղ է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- նախարարության PR-ով մտահոգ՝ ասաց իշխանական պատգամավորը։ Նախարարը փորձեց կանգնել իր խոսնակի «թասիբին»՝ հայտարարելով, որ գոհ է նրա աշխատանքից։ Բայց այստեղ խնդիրը դա չէ, այլ նախկին լրագրող պատգամավորի հարցադրումը, որն առնվազն կոռեկտ չէր՝ մի կողմից, քաղաքականապես խիստ խոցելի էր՝ մյուս կողմից։ Նույն Աբրահամյանի մասով բազմաթիվ դրվագներ կարելի է փորփրել ու հարցադրումներ անել՝ արդյոք նա իր նախկին լրագրողական գործունեությամբ չի՞ ծառայել նախկին իշխանություններին, քանի՞ ՀՀԿ-ականի հետ է մտերիմ, ում հետ ինչ հարաբերություն ունի կամ քանի՞ անգամ է ռադիկալ ու սուր քննադատությամբ հանդես եկել ՀՀԿ-ի հասցեին։ Բայց շատ ավելի կարեւոր է այն, որ մի քանի ամիս առաջ իշխանությանն անդամագրված գործիչը կարծում է, որ այլ կուսակցությունների անդամները չպետք է աշխատեն, որ ընդդիմություն դարձած ՀՀԿ-ն ու նրա անդամները վտանգավոր են։ Իսկ քաղաքական հայացքների համար մարդուն մերժելու, վատաբանելու պրակտիկան ուղղակի քաղաքական ռասիզմ է եւ ՀՀԿ-ական գործելաոճ։ Եվ որքանո՞վ է սա սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության սկզբունքների մեջ տեղավորվում։

Նույն հաջողությամբ կառավարությունում այսօր նախարարներ կան, որոնք տարիներ շարունակ ծառայել են նախորդ իշխանություններին, այդ թվում՝ Աննայի ղեկավարը՝ Տիգրան Խաչատրյանը, ինչո՞ւ այդ մասին չեն հիշում եւ հիշեցնում։ Չէ՞ որ նախարարի պաշտոնն ավելի պատասխանատու պաշտոն է, քան գերատեսչության խոսնակինը, որից, ի դեպ, դժգոհելու իրավունք ունեն միայն գործող լրագրողները։ Եվ վերջապես, եթե խոսքը որեւէ խոսնակի աշխատանքից դժգոհելու մասին է, ապա Գայանեի կողքը նստած էր եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը, որը մի քանի ամսում վատ խոսնակին բնորոշ բոլոր դրսեւորումներով աչքի ընկավ՝ հարվածի տակ դնելով վարչապետի ու կառավարության հեղինակությունը, բայց դա իշխանական պատգամավորի աչքից վրիպել է։